Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Զգուշանալ մեղքից1 Որդյա՛կ, եթե մեղք գործեցիր, այլևս մի՛ արա և աղոթի՛ր…

Զգուշանալ մեղքից

1 Որդյա՛կ, եթե մեղք գործեցիր, այլևս մի՛ արա և աղոթի՛ր հին մեղքերի համար։
2 Փախի՛ր մեղքերից, ինչպես օձից. եթե մոտենաս, կխայթի քեզ։
3 Մեղքի ժանիքները առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։
4 Ամեն տեսակ անօրենություն նման է երկսայրի սրի. նրա տված վերքերին բժշկություն չկա։
5 Արհավիրքն ու թշնամանքը ավերում են հարստությունը. այդպես էլ կավերվի ամբարտավանների տունը։
6 Խոնարհների խնդրանքները հասնում են մինչև Տիրոջ ականջները, և նրանց արդար իրավունքը փութով հասնում է նրան։
7 Ով ատի հանդիմանությունը, նա կլինի մեղավորների շավիղների մեջ, և ով երկյուղ է կրում Տիրոջից, սրտով նրան կդառնա։
8 Լեզվով հզորը հեռվից է ճանաչվում, իսկ ով գիտուն է, տեսնում է իր սայթաքումը։
9 Ով իր տունը կառուցում է ուրիշների ունեցվածքով, նման է նրան, որ քարեր է հավաքում ձմռանը։
10 Անօրենների խումբը նման է դիզված վուշի, և նրանց վախճանը կրակի բոցի մեջ է։
11 Մեղավորների ճանապարհները հարթ են, քարերից մաքրված, բայց վերջը դժոխքի խորխորատն է։
12 Ով պահում է Օրենքը, իշխում է իր մտքերին,
13 իսկ Տիրոջ երկյուղի վերջը իմաստությունն է։
14 Ով խորագետ չէ, չի խրատվի։
15 Բայց խորագիտություն էլ կա, որ շատացնում է դառնությունը։

Իմաստունի և հիմարի նկարագիրը

16 Իմաստունի գիտությունը հեղեղի նման կսաստկանա, նրա խորհուրդները ակնաղբյուրի նման են։
17 Տգետի սիրտը նման է ծակոտկեն ամանի. այնտեղ ոչ մի գիտելիք չի մնա։
18 Եթե գիտունը իմաստուն խոսք լսի, կգովի այն և կավելացնի, մինչդեռ թեթևամիտը լսեց ու նրան հաճելի չթվաց ու թիկունք դարձրեց դրան։
19 Տխմարի խոսքը ճանապարհի բեռան նման է, սակայն իմաստունների շուրթերի վրա այն շնորհ է ստանում։
20 Իմաստունների խոսքերը քննվելու են ժողովարանում, և դրանց մասին խորհելու են իրենց սրտում։
21 Ավերված տան նման է հիմարի իմաստությունը, տխմար մարդու գիտությունը անմիտ խոսք է։
22 Անմիտների համար խրատը ոտնակապ է և աջ ձեռքի ձեռնակապ։
23 Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագետ մարդը հազիվ ժպտում է հանդարտ։
24 Գիտունի համար խրատը նման է ոսկյա զարդի և աջ բազկի ապարանջանի։
25 Տխմարի ոտքը արագ դիմում է դեպի մերձավորի տուն, սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից։
26 Անմիտը դռան արանքից է տան մեջը նայում, իսկ բարեկրոն մարդը մնում է դրսում։
27 Մարդու համար անվայել բան է դռան մոտ ականջ դնելը, իսկ իմաստունը վշտանում է այդ անարգ արարքից։
28 Շատախոս օտար բերանները պատմում են իրենց լսածի մասին, իսկ իմաստունների խոսքերը կշռադատված են։
29 Հիմարների սիրտն իրենց բերանում է, իսկ իմաստունների բերանը՝ իրենց սրտում։
30 Ամբարիշտը սատանային անիծելիս իր հոգին է անիծում։
31 Բամբասողը պղծում է իր հոգին. նա որտեղ էլ բնակվի, ատելի կլինի։