Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իմաստությունը՝ կատարյալ ընկերակից Սողոմոնի համար1 Հզորությամբ տարածվո…
Իմաստությունը՝ կատարյալ ընկերակից Սողոմոնի համար
1 Հզորությամբ տարածվում է ծագից ծագ, ամեն ինչ ղեկավարում բարեհաճությամբ։
2 Սիրեցի այն, հետամուտ եղա նրան իմ երիտասարդության օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, և ցանկացա նրա գեղեցկությունը։ 3 Փառավոր է նրա ազնվական ծագումը, քանզի նա կյանքի հաղորդություն ունի Աստծու հետ, և բոլորի Տերը սիրեց այն։ 4 Նա խորհրդակից է Աստծու իմաստությանը և տենչում է նրա գեղեցկությունը։ 5 Եթե կյանքում հարստությունն է ցանկալի ունեցվածքը, ապա ո՞ր հարստությունն է ավելի մեծ, քան իմաստությունը, որ կարող է ամեն ինչ անել։ 6 Եթե իմացականությամբ է գործվում որևէ բան, ապա ո՞վ կարող է առավել լավ ճարտարապետ լինել եղած բաների մեջ, քան իմաստությունը։ 7 Եթե մարդ արդարություն է սիրում, ապա նրա վաստակի արդյունքը առաքինությունն է, որովհետև սովորեցնում է գիտություն և խորագիտություն, արդարամտություն և արիություն, որոնցից առավել պիտանի բան չկա մարդու կյանքում։ 8 Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող տենչա իմաստության, որ գիտի անցյալը և կռահում է գալիքը, հասկանում է թե՛ խոսքի իմաստները և թե՛ առակների մեկնությունը, կանխապես ճանաչում է թե՛ նախանշանները, թե՛ զարմանահրաշ բաները և թե՛ ժամ ու ժամանակների ելքերը։ 9 Եվ ահա ես որոշեցի, որ նա կյանքում ուղեկից լինի ինձ՝ գիտակցելով, որ բարի խորհրդատու կլինի ինձ համար և կմխիթարի ինձ հոգսերից և տրտմությունից։ 10 Ես նրա շնորհիվ փառք կվաստակեմ ժողովրդի մեջ և պատիվ՝ ծերերի առջև։ 11 Դեռ պատանի՝ միտքս սուր կլինի դատ ու դատաստանի ժամանակ, և ես փառավորված կերևամ հզորների աչքին։ 12 Երբ լռեմ, պիտի սպասեն, որ ինձ լսեն, երբ սկսեմ խոսել, ուշադիր պիտի հետևեն ինձ, և երբ խոսելիս լինեմ, զարմանքից ափիբերան պիտի մնան։ 13 Իմաստության շնորհիվ ես անմահություն կգտնեմ և հավերժ հիշատակ կթողնեմ իմ հետնորդների մեջ։ 14 Կկառավարեմ ժողովուրդներին, և ազգերը կհնազանդվեն ինձ։ 15 Սոսկալի բռնակալները կսարսափեն ինձնից՝ լսելով իմ մասին. բազմության մեջ շնորհաշատ կերևամ և պատերազմի մեջ՝ քաջ։ 16 Մտնելով իմ տունը՝ կհանգստանամ իմաստության հետ, քանզի նրա ընկերակցության մեջ դառնություն չկա, և նրա կյանքի հետ հաղորդակցվելը վիշտ ու ցավ չունի, այլ ուրախություն և խնդություն։
Սողոմոնը որոշում է իմաստություն խնդրել
17 Իմ մեջ խորհելով այսպես՝ ես վճռեցի իմ սրտում, որ անմահությունը ազգակից է իմաստությանը, 18 որ բարիքների վայելչությունը նրա բարեկամության մեջ է, անսպառ հարստությունը՝ նրա ձեռքի վաստակների, իմաստությունը՝ նրա խոսքերի կրթության, փառքի ձեռքբերումը՝ նրա մտքերին հաղորդակից լինելու մեջ, ուստի ես շրջում և փնտրում էի այն, որ վերցնեի ինձ մոտ։ 19 Ես մտավարժ մանուկ էի և բարի ոգու հանդիպեցի։ 20 Մանավանդ որ խիստ ազնիվ էի, և անարատ մարմնի մեջ եկա։ 21 Եվ այն էլ հասկացա, որ եթե Աստված ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող ժուժկալ լինել։ Իմաստությունը նաև այն է, որ ճանաչես, թե շնորհն ումից է տրվում։ Ես ընկա Տիրոջ առջև և ամբողջ սրտով աղաչեցի նրան։