Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բաբելոնի աշտարակը1 Այն ժամանակ ողջ երկրով մեկ մարդիկ մեկ լեզու ունեին…
Բաբելոնի աշտարակը
1 Այն ժամանակ ողջ երկրով մեկ մարդիկ մեկ լեզու ունեին և նույն բառերը։ 2 Երբ նրանք արևելքից շարժվեցին, Սենաար երկրում մի դաշտավայր գտան և բնակվեցին այնտեղ։ 3 Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։ 4 Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։ 5 Տերն իջավ՝ տեսնելու այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։ 6 Եվ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն և սկսել են այս կառուցել։ Արդ, ոչինչ չի պակասում նրանց՝ իրենց ցանկությունն ի կատար ածելու։ 7 Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։ 8 Եվ Տերը՝ Աստված, այնտեղից նրանց սփռեց ողջ երկրի երեսին, և նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։ 9 Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [եբր․ Բաբել], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։
ԱԲՐԱՀԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (11.10–25.11)
Սեմի սերունդը
(Ա Մն. 1.24-27)
10 ԱՅՍ Է ՍԵՄԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Սեմը հարյուրամյա հասակում՝ ջրհեղեղից հետո երկրորդ տարում, ծնեց Արփաքսադին։ 11 Սեմն Արփաքսադին ծնելուց հետո ապրեց ևս հինգ հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
12 Արփաքսադը հարյուր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Սաղային։ 13 Արփաքսադը Սաղային ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
14 Սաղան հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին։ 15 Սաղան Եբերին ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
16 Եբերը հարյուր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղեկին։ 17 Եբերը Փաղեկին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
18 Փաղեկը հարյուր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագավին։ 19 Փաղեկը Ռագավին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
20 Ռագավը հարյուր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին։ 21 Ռագավը Սերուքին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթ տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
22 Սերուքը հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքովրին։ 23 Սերուքը Նաքովրին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
24 Նաքովրը յոթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային։ 25 Նաքովրը Թարային ծնելուց հետո ապրեց ևս հարյուր քսաներկու տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։
26 Թարան յոթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքովրին և Առանին։
Թարայի սերունդը
27 ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։ 28 Առանը մեռավ իր հորից՝ Թարայից առաջ այն երկրում, որտեղ ծնվել էր՝ քաղդեացիների աշխարհում [եբր․ Ուր]։ 29 Աբրամն ու Նաքովրը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարայ էր, իսկ Նաքովրի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. նա հայրն էր Մեղքայի և Հեսքայի։ 30 Սարայն ամուլ էր և չէր ծնում։
31 Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։ 32 Թարայի օրերը Խառանում եղան երկու հարյուր հինգ տարի, և մեռավ Խառանում։