Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամոթալի դաշինք Եգիպտոսի հետ1 Այսպես է ասում Տերը.«Վա՜յ ձեզ, ապստա՛մբ …
Ամոթալի դաշինք Եգիպտոսի հետ
1 Այսպես է ասում Տերը.
«Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ,
քանի որ խորհուրդ եք անում,
բայց ոչ իմ կամքով,
դաշինք եք կռում,
բայց ոչ իմ Հոգով,
մեղքերի վրա մեղքեր եք բարդում։
2 Առանց ինձ հարցնելու գնում իջնում էիք եգիպտացիների երկիրը՝
փարավոնից օգնություն գտնելու և եգիպտացիներին ձեզ թիկունք դարձնելու։
3 Բայց փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ է լինելու,
իսկ եգիպտացիներին ապավինածներին՝ նախատինք.
4 որովհետև Տայանի երկրում իշխանները չար պատգամաբերներ են.
զուր տեղը ջանք կթափե՞ն 5 մի ժողովրդի համար,
որից ո՛չ շահ և ո՛չ էլ օժանդակություն ու օգուտ է լինելու իրենց,
այլ ամոթ ու նախատինք»։
6 Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։
Առյուծն ու առյուծի կորյունը
և իժերն ու թռչող իժերի ձագերը,
իրենց գանձերը էշերին բարձած և իրենց հարստությունը ուղտերի վրա դրած,
գնում են մի ազգի մոտ,
որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու,
այլ ամոթ ու նախատինք։
7 Եգիպտացիներին, որոնք իզուր և ապարդյուն են օգնում ձեզ, հայտնի՛ր.
«Զուր է ձեր այդ մխիթարությունը»։
Անհնազանդ ժողովուրդը
8 Արդ, նստի՛ր ու գրի՛ր տախտակի վրա և գրքի մեջ,
որպեսզի դա պահպանվի իր ժամանակի համար և հավիտյանս հավիտենից,
9 քանզի ժողովուրդն անհավատ է, որդիները՝ սուտ,
որոնք չկամեցան հետևել Աստծու օրենքին։
10 Նրանք մարգարեներին ասում էին.
«Մի՛ ահազանգեք, այլ խոսե՛ք մեզ հետ
ու մեզ պատմե՛ք մեկ այլ մոլորության մասին.
11 մեզ հե՛տ դարձրեք այդ ճանապարհից,
հեռացրե՛ք մեզ այդ շավղից,
մեր միջից հանե՛ք Իսրայելի Աստծու օրենքները»։
12 Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը.
«Որովհետև դուք անարգեցիք այդ խոսքերը
և ապավինեցիք սնոտի ստին,
տրտնջացիք և հույս դրեցիք դրա վրա,
13 այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝
իսկույն խորտակված պարսպի պես,
որը գրավված է,
և որին հանկարծակի կործանում է հասել։
14 Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցե անոթի ջարդվելուն,
այնքան մանր փշրված,
որ որևէ մեկը դրանից մի կտոր էլ չգտնի,
որպեսզի դրանով կրակ վերցնի
և կամ կարողանա մի քիչ ջուր առնել»։
Խուճապահար փախուստ
15 Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի սուրբ Աստվածը.
«Երբ դարձի գաս և հոգոց հանես,
այն ժամանակ կապրես և կիմանաս,
թե որտե՛ղ ես գտնվում»։ Որովհետև հույսդ դրել էիր սնոտի բաների վրա,
դրա համար էլ սնոտի դարձավ և ձեր զորությունը։
Դուք չէիք կամենում լսել,
16 այլ ասում էիք.
«Մենք կփախչենք մեր երիվարներով»։
Դրա համար էլ փախստական պիտի դառնաք։
Ասում էիք. «Մենք կփախչենք մեր արագընթաց երիվարներով»։
Դրա համար առավել արագընթաց պիտի լինեն նրանք,
ովքեր ձեզ հալածելու են.
17 քանի որ մեկի աղաղակից հազարը պիտի փախչի,
հինգի աղաղակից՝ շատերը,
մինչև որ մնաք լեռան վրա ցցված ձողի նման
և կամ բլրի վրա կանգնեցված քարակոթողի պես։
18 Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ,
դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։
Տերը՝ Աստված, մեր դատավորն է։
Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
19 որովհետև սուրբ ժողովուրդը պիտի բնակվի Սիոնում։
Երուսաղեմը լացով պաղատեց,
թե՝ ողորմի՛ր ինձ։
Պիտի ողորմի քեզ,
պիտի գթա քո ձայնին ու աղաղակին,
հենց որ տեսնի ու լսի քեզ։
20 Տերը նեղության հաց
և կարոտության ջուր պիտի տա քեզ.
էլ քեզ չեն մոտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին քեզ,
որովհետև աչքերդ տեսնելու են քեզ մոլորեցնողներին,
21 և ականջներդ քեզ մոլորեցնողների հետևից լսելու են նրանց ասած խոսքերը՝
«Սա է ճանապարհը, այստեղով գնանք» և կամ՝
«Դեպի ա՛ջ» կամ «Դեպի ձա՛խ»։
22 Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը,
պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման,
պիտի հեռացնես դրանք աղբի նման։
23 Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրև պիտի լինի,
քո հողի հացն ու բերքը առատ ու հուռթի պիտի լինեն,
և այն օրը քո հոտերը պարարտ ու ընդարձակ վայրում պիտի արածեն։
24 Ձեր արջառներն ու եզները, որոնք հողն են վարում,
հարդ պիտի ուտեն՝ կամնված գարու հետ։
25 Այն օրը բոլոր բարձր լեռների
և բոլոր բարձրաբերձ բլուրների վրա ջուր պիտի բխի,
երբ ոչնչանան շատերը, և կործանվեն աշտարակները։
26 Լուսնի լույսն արեգակի լույսի պես պիտի լինի,
իսկ արեգակի լույսը յոթնապատիկ շատ պիտի լինի,
պիտի դառնա յոթ օրվա լույսի չափ,
այն օրը Տերը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարվածը,
պիտի բուժի քո վերքերի ցավերը։
Աստված պատժելու է Ասորեստանին
27 Ահավասիկ, երկար տարիներ ու բազում ժամանակներ անց
պիտի գա Տիրոջ անունը՝
բարկությամբ վառված և փառքով լի.
բարկությամբ լի են լինելու նրա շուրթերի ու բերանի խոսքերը։
Նրա բարկությունն ու ցասումը կրակի պես պիտի լափեն,
28 իսկ նրա հոգին ձորը լցվող հորդահոս հեղեղի պես
պիտի հասնի մինչև պարանոցը։
Եվ պիտի բաժանի ու խռովության մատնի ազգերին՝
իրենց սնոտի մոլորության համար, մոլորությունը
պիտի հալածի նրանց
և նրանց դեմ հանդիման հանի։
29 Մի՞թե դուք հանապազ ուրախությամբ պիտի մտնեք իմ սրբությունները,
մի՞թե ամեն ժամ տոնախմբություններով,
ցնծությամբ ու փողերով պիտի մուտք գործեք Տիրոջ լեռը՝
Իսրայելի սուրբ Աստծու մոտ։
30 Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը,
ցույց պիտի տա իր բազկի զայրույթը՝
սրտմտությամբ ու ցասման ամենակուլ բոցով,
կրակ սփռող իր ահավոր բարկությամբ,
ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։
31 Ասորեստանցիները պիտի ընկճվեն Տիրոջ ձայնից
և այն հարվածներից, որ նա է հասցնելու նրանց։
32 Եվ իրենց օգնականները, որոնց վրա հույս էին դրել, ամեն կողմից շրջապատման մեջ են առնելու նրան. փողերով ու թմբուկով նրանք շատ անգամ փոխնիփոխ պիտի կռվեն նրանց դեմ ու ոչ թե վաղօրոք, այլ հենց ժամանակին վրեժխնդիր պիտի լինեն նրանցից։
33 Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։
Խոր ձորի մեջ փայտ է դիզված,
մեծ փայտակույտն է բորբոքվել հրով.
Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։