Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ժլատի թշվառությունը1 Երանի՜ այն մարդուն, որ չի մեղանչել իր շուրթերով …
Ժլատի թշվառությունը
1 Երանի՜ այն մարդուն, որ չի մեղանչել իր շուրթերով և խոցված չէ մեղքի հարուցած տրտմությամբ։
2 Երանի՜ այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, և ով իր հույսը չի կորցրել։
3 Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար. չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։
4 Ով իրեն զրկելով հավաքում է, նա հավաքում է այլոց համար, և նրա բարիքները ուրիշները պիտի վայելեն։
5 Ով չար է իր անձի հանդեպ, ո՞ւմ համար բարի կլինի. նա ուրախ չի լինի նույնիսկ իր բարիքների մեջ։
6 Ավելի չար մարդ չկա, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, և դա նրա չարության հատուցումն է։
7 Թեկուզև բարիք անի՝ պատահաբար կանի, և հետո հիշելով՝ դարձյալ իր չարությունը կանի։
8 Չար է նա, ով նախանձոտ աչքերով է նայում, երեսը թեքում է և անտեսում մարդկանց։
9 Ագահի աչքը քչով չի հագենա. չար անօրենությունը չորացնում է հոգին։
10 Չար աչքը նախանձոտ է նույնիսկ իր հացին և կարոտ է իր սեղանին։
Հետամուտ լինել իմաստության
11 Որդյա՛կ, ըստ քո ունեցվածքի բարությո՛ւն արա և Տիրոջն արժանի զո՛հ մատուցիր։
12 Հիշի՛ր, որ մահը չի ուշանա, և գերեզմանի ուխտը քեզ հայտնի չէ։
13 Մինչև վախճանվելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողության և տո՛ւր աղքատին։
14 Քեզ մի՛ զրկիր լավ օրից, և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։
15 Արդյո՞ք քո վաստակն ուրիշին չես թողնելու, և մի՞թե զրկանքներիդ պտուղը բաժանելու համար վիճակ չի գցվելու։
16 Տո՛ւր, վերցրո՛ւ և ուրախացրո՛ւ քո հոգին,
17 քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտրել։
18 Ամեն մարմին շորի նման մաշվում է, իսկ դժոխքից ազատվելը դյուրին չէ, որովհետև ի սկզբանե է մահը։
19 Ինչպես սաղարթախիտ ծառի դալար տերևը մերթ թափվում է և մերթ բուսնում, այնպես էլ մարմնի և արյան տեսակն է. մեկը վախճանվում է, մյուսը՝ ծնվում։
20 Ամեն գործ, որ ենթակա է փտելու, վերանում է, և այն ստեղծողը նրա հետ էլ պիտի գնա։
22 Երանի՜ այն մարդուն, որ կվախճանվի իմաստությամբ, կխոսի իր բանականությամբ և իր մտքով կթափանցի նրա գաղտնիքների մեջ։
23 Հետամո՛ւտ եղիր նրան իբրև որսորդ և դարանակա՛լ եղիր նրա ճանապարհին։
24 Ով կկանգնի նրա պատուհանների դեմ, նա էլ ունկնդիր կլինի նաև նրա դռների մոտ,
25 ով իջևան հաստատի նրա տան մոտ, նա էլ ցից կխփի նրա պատերին
26 և իր վրանը կկանգնեցնի նրա հովանու տակ, կհանգստանա բարիքի բնակարանում, իր զավակներին կդնի նրա հովանու տակ և նրա ճյուղերի ներքո։
27 Նրանով կպատսպարվի խորշակից և կհանգստանա նրա փառքի մեջ։