Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դեմետրիոս Բ արքայի մահը1 Հարյուր յոթանասուներկու թվականին Դեմետրիոս ա…
Դեմետրիոս Բ արքայի մահը
1 Հարյուր յոթանասուներկու թվականին Դեմետրիոս արքան զորք հավաքեց և գնաց մարերի ու պարթևների մոտ՝ նրանցից օգնություն խնդրելու, որպեսզի գա և պատերազմի Տրիփոնի դեմ։ 2 Երբ պարսից ու պարթևաց արքա Արշակը լսեց, որ Դեմետրիոսը եկել-մտել է իր երկրի սահմանները, ուղարկեց իր իշխաններից մեկին, որ գնա ու ձերբակալի նրան։ 3 Նա գնաց, հարվածեց, կոտորեց Դեմետրիոսի զորքը, ձերբակալեց նրան ու բերեց Արշակի մոտ։ Վերջինս ոստիկաններին հրամայեց կապկպել նրան և բանտ դնել։
4 Շմավոնի բոլոր օրերին երկիրը խաղաղություն վայելեց. նա իր ազգի համար շատ բարեգործություններ կատարեց։ Նա տիրեց գավառների, 7 բազմաթիվ գերիներ վերցրեց, տիրեց Գազարային, Բեթսուրին և միջնաբերդին։ 8 Մարդիկ հանգիստ իրենց հողն էին մշակում. հողն իր բերքն էր տալիս, մրգատու ծառերը՝ առատ պտուղ։ 9 Ծերերը նստում էին հրապարակներում, բարի գործերի մասին իրար հետ խորհրդակցում, իսկ երիտասարդները զինվորական շքեղ հանդերձներ էին հագնում։ 10 Նա քաղաքներն ապահովեց պարենով ու դրանց համար պաշտպանական հարմարանքներ պատրաստեց։ Նրա փառքի համբավը հասավ մինչև երկրի չորս կողմերը։ 11 Նա խաղաղություն հաստատեց։ Իսրայելը ցնծում էր մեծ ուրախությամբ։ 12 Ամեն մեկը նստում էր իր այգում, իր թզենու տակ, և ոչ ոք չէր վախեցնում նրանց։ 13 Այդ ժամանակներում աշխարհի երեսից վերացան իրենց դեմ կռվողները և խորտակվեցին թագավորները։ 14 Նա ոտքի կանգնեցրեց ու օգնեց ժողովրդի խեղճ մարդկանց, նախանձախնդիր եղավ Օրենքի նկատմամբ և երկրի երեսից բնաջնջեց բոլոր չար ու անօրեն մարդկանց։ 15 Նա փառավոր դարձրեց սրբարանը և շատացրեց նրա սպասքը։
Սպարտացիների նամակը Շմավոնին
16 Հռոմում և մինչև Սպարտայի կողմերը լսեցին, որ Հովնաթանը մեռել է, և խիստ տրտմեցին։ 17 Բայց երբ լսեցին, որ նրա փոխարեն իր եղբայր Շմավոնն է դարձել քահանայապետ և իշխում է այդտեղ գտնվող գավառներին ու քաղաքներին, 18 բանագնացներ ուղարկեցին և պղնձե տախտակների վրա հրովարտակ գրեցին, որպեսզի նորոգեն նրա եղբայրներ Հուդայի ու Հովնաթանի հետ հաստատած հին բարեկամության ուխտը։ 19 Դա բերեցին ու կարդացին Երուսաղեմի ժողովրդի առաջ։ 20 Այս է սպարտացիների ուղարկած հրովարտակի պատճենը. «Սպարտացիների իշխաններն ու առաջնորդները մեծ քաղաքի բնակիչների հետ ողջունում են Շմավոն քահանայապետին, իսրայելացիների ծերակույտին, քահանաներին և ողջ հրեա ժողովրդին՝ մեր եղբայրներին։ 21 Ձեր ուղարկած բանագնացները պատմեցին մեզ ձեր փառքի ու պատվի մասին, և մենք ուրախացանք նրանց գալստյամբ։ 22 Մենք ձեր պատգամները գրեցինք մեր ժողովրդի խորհուրդների մատյանում՝ ըստ այս օրինակի. “Անտիոքոսի որդի Նումենիոսն ու Յասոնի որդի Անտիպատրոսը՝ հրեաների պատգամաբերները, եկել են մեզ մոտ, որպեսզի նորոգեն մեր ազգի հետ բարեկամությունը։ 23 Բոլոր սպարտացիների համար հաճելի էր մեծ պատվով ընդունել այդ մարդկանց և նրանց ասածների պատճենը դնել Սպարտայի ժողովրդի խորհուրդների մատյանի աչքի ընկնող մի տեղում և հրովարտակի պատասխանն ուղարկել Շմավոն մեծ քահանային”»։
24 Այս դեպքերից հետո Շմավոնը մեծ նվերներով և հազար քանքարի ոսկյա վահանով նորից պատգամավորներ ուղարկեց Հռոմ, որպեսզի գնան և հաստատեն նախկին բարեկամությունն ու զինակցությունը։
Շմավոնը՝ Հուդայի երկրի քահանայապետ և զորավար
25 Երբ ժողովուրդն այս բաները լսեց, սկսեց խորհել ու ասել. «Այժմ մենք ինչո՞վ կարող ենք հատուցել Շմավոնի ու նրա որդիների երախտիքը, 26 որովհետև նա, նրա եղբայրներն ու նրա հոր տոհմը հաստատուն մնացին, կոտորեցին Իսրայելի թշնամիներին և ազատություն պարգևեցին նրան»։ Այս մասին նրանք գրեցին պղնձե տախտակների վրա և դրանք Սիոն լեռան վրա կանգնեցրին իբրև կոթող։ 27 Այս է այդ գրության պատճենը. «Հարյուր յոթանասուն թվականին, Էլուլ ամսի տասնութին, Շմավոնի քահանայապետության երրորդ տարում, 28 Սարամելում՝ քահանաների, ժողովրդի, ազգի առաջնորդների և երկրի ծերակույտի մեծ ժողովի առաջ մեզ հայտարարվեց. “Քանի որ բազմաթիվ պատերազմներ են մղվել երկրում, 29 Հովարիմի որդիներից Մատաթիայի որդի Շմավոն քահանայապետն ու իր եղբայրները, իրենց կյանքերը վտանգի ենթարկելով, մարտնչեցին ու դիմակայեցին իրենց ազգի թշնամիներին, որ իրենց սրբություններն ու օրենքները չպղծվեն, և մեծ փառք բերեցին իրենց ազգին։ 30 Հովնաթանը միավորեց իր ազգը և դարձավ քահանայապետ, ապա մեռավ ու միացավ իր նախնիներին։ 31 Երբ նրանց թշնամիները կամեցան հարձակվել նրանց երկրի վրա ու ձեռք մեկնել նրանց սրբություններին, 32 այդ ժամանակ ի հայտ եկավ Շմավոնը և հանուն իր ազգի պատերազմեց։ Նա շատ դրամ ծախսեց իր ունեցվածքից, որ իր ազգի զինվորներին սպառազինի և նրանց պարեն ու ռոճիկ տա։ 33 Նա ամրացրեց Հուդայի երկրի քաղաքները և Հուդայի երկրի սահմանների մոտ գտնվող Բեթսուրը, որտեղ նախկինում պահվում էին իրենց թշնամի զորքերի զենքն ու զրահը, և այնտեղ հրեա պահապաններ կարգեց։ 34 Նա ամրացրեց նաև ծովեզրին գտնվող Հոպպեն և Ազովտի սահմանների մոտ գտնվող Գազարան, որ նախկինում թշնամու ձեռքին էր։ Նա այնտեղ հրեաներ բնակեցրեց և տվեց այն ամենը, ինչ հարկավոր էր դրանց վերականգման համար։ 35 Երբ ժողովուրդը տեսավ Շմավոնի այս բոլոր գործերը և այն փառքը, որ նա կամենում էր ստեղծել իր ազգի համար, նրան քահանայապետ և իշխան կարգեցին, որովհետև այս ամենը նա արել էր նրանց համար և արդարություն ու հավատք էր պահպանել իր ազգի հանդեպ։ Նա ձգտում էր ամեն կերպ բարձրացնել իր ժողովրդին։ 36 Իր օրոք նրան հաջողվեց իր երկրից վերացնել հեթանոսներին և նրանց, ովքեր Երուսաղեմի միջնաբերդում էին. նրանք ելումուտ էին անում ու ամբողջովին պղծում սրբարանի շրջակայքը՝ մեծ վնաս հասցնելով նրա մաքրությանը։ Նա արգելափակեց նրանց ու բնաջնջեց։ 37 Երկրի ու քաղաքի ապահովության համար պահապաններ նշանակեց այնտեղ և բարձրացրեց պարիսպները։ 38 Այս ամենի համար Դեմետրիոս արքան ևս հաստատեց նրա քահանայապետությունը, 39 նրան իր հիմնական բարեկամների մեջ դասեց և մեծ պատվի արժանացրեց։ 40 Նա լսել էր նաև, որ հռոմեացիները հրեաներին բարեկամ, եղբայր ու նիզակակից են անվանում և պատվով են ընդունել Շմավոնի պատգամավորներին։
41 Հրեաներն ու քահանաներն իրենք ցանկացան և հանձն առան Շմավոնին հավիտենապես քահանայապետ ու իշխան ընտրել, մինչև որ մի հավատարիմ մարգարե մեջտեղ կգա, 42 որպեսզի նա նրանց առաջնորդող զորավար լինի և հոգ տանի սրբություններին ու պաշտոնյաներ կարգի դրանց գործերի վրա, ինչպես նաև գավառների, զենք ու զրահի և բերդերի վրա։ 43 Նա պիտի հոգ տանի սրբություններին, ամբողջ ժողովուրդը պիտի հնազանդվի նրան և նրա անունով պիտի կնքվեն երկրի բոլոր պայմանագրերը. իշխանություն պիտի ունենա ծիրանի զգեստներ հագնելու և ոսկով զարդարվելու։ 44 Ժողովրդի կամ քահանաների միջից ոչ ոք իրավունք չպիտի ունենա հակառակվելու նրա հրամաններին կամ առանց նրա թույլտվության երկրում ժողովներ գումարելու կամ ծիրանի զգեստներ հագնելու և կամ ոսկե ճարմանդ կրելու։ 45 Եթե որևէ մեկը սրանցից ինչ-որ բան զանց առնի կամ արհամարհի, մահվան կդատապարտվի”»։
46 Ժողովրդին հաճելի թվաց, որ Շմավոնը գործի ըստ այս որոշման։ 47 Շմավոնը հանձն առավ ու հաճույքով ընդունեց լինել քահանայապետ, հրեաների բանակի սպարապետ և քահանաների գլխավոր և առաջնորդել բոլորին։ 48 Նրանք հրամայեցին այս հրովարտակը պղնձե տախտակների վրա գրել և դնել սրբարանի պարսպից ներս, աչքի ընկնող մի տեղ, 49 իսկ դրա պատճենները դնել գանձարանում, որպեսզի Շմավոնն ու նրա որդիներն այն միշտ իրենց մոտ ունենան։