Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Եվ երբ վրանի շուրջ հավաքվածները դադարեցին աղմկելուց, Ասորեստանի զոր…
1 Եվ երբ վրանի շուրջ հավաքվածները դադարեցին աղմկելուց, Ասորեստանի զորագլուխ Հողոփեռնեսն այլազգիների ողջ զորքի առաջ ասաց Աքիովրին. 2 «Ո՞վ ես դու, որ դեմ ես կանգնում բոլոր այլազգիներին, Մովաբի որդիներին և Եփրեմից վարձվածներին։ Դու մարգարեացար մեր առաջ այսօր, և ասում ես. “Մի՛ պատերազմեք Իսրայելի որդիների դեմ, քանի որ նրանց կպաշտպանի իրենց Աստվածը”։ Սակայն մի՞թե Նաբուքոդոնոսորից բացի այլ Աստված կա։ Նա կուղարկի իր զորությունը և նրանց կբնաջնջի իրենց երկրից, և նրանց Աստվածն իրենց չի փրկի։ 3 Բայց մենք՝ նրա ծառաները, մի մարդու պես կքշենք նրանց, և չեն կարողանա մեր հեծելազորի դեմ կանգնել, 4 նրանց կվերացնենք, նրանց լեռները կարբեցնենք իրենց արյունով, նրանց դաշտերը կլցվեն իրենց դիակներով, այլևս մեր առջև չեն կարողանա կանգնել և իսպառ կվերանան։ Այս է ասում Նաբուքոդոնոսոր արքան՝ ողջ երկրի տերը, և քանի որ ասաց, թող նրա բերանի խոսքն անկատար չմնա։ 5 Իսկ դու, Աքիո՛վր, Ամովնի՛ վարձկան, որ ասացիր անիրավությունդ ցույց տվող այս բանը, այսօրվանից այլևս իմ երեսը չես տեսնի, մինչև որ Եգիպտոսից ելած ազգից վրեժ չառնեմ, 6 ապա իմ սուրը կմտնի քո կողը, և երբ վերադառնամ, կկործանվես նրանց սպանվածների պես։ 7 Իսկ այժմ իմ ծառաները քեզ կտանեն լեռնակողմ և կթողնեն նրանց քաղաքներից մեկի մուտքի մոտ, 8 և չես սպանվի, մինչև որ ոչնչանաս նրանց հետ։ 9 Եվ եթե հուսաս, որ նրանք չեն պարտվի, զուր մի՛ հուսա, քանի որ խոստացա, և իմ խոսքերից ոչինչ անկատար չի մնա»։
10 Հողոփեռնեսն իր առջև կանգնած ծառաներին հրաման տվեց բռնել ու կապել Աքիովրին և տանելով նրան Բետիղուա՝ հանձնել Իսրայելի որդիների ձեռքը։ 11 Եվ նրա ծառաները նրան բռնեցին, բանակից դուրս հանեցին դաշտ և այդ դաշտով գնալով՝ եկան լեռնակողմի այն աղբյուրի մոտ, որը Բետիղուայի ներքևում է և Շամրինն է։ 12 Երբ լեռնագագաթի քաղաքի մարդիկ տեսան նրանց, դուրս եկան քաղաքից՝ վերցնելով իրենց զենքերը, և արգելեցին նրանց վեր բարձրանալ՝ պարսատիկներով քարաձիգ անելով։ 13 Եվ նրանք իջան լեռան տակ, կապեցին Աքիովրին, գցեցին լեռան լանջին և վերադարձան իրենց տիրոջ մոտ։ 14 Իսրայելի որդիներն իջան քաղաքից, նրան արձակելով՝ տարան Բետիղուա և կանգնեցրին իրենց քաղաքի իշխանների առջև, 15 որոնք էին այն օրերին Միքեայի որդի Ոզիան Շմավոնի ցեղից և Մելքիելի որդի Քարմիսը։ 16 Քաղաքի բոլոր ծերերին, բոլոր երիտասարդներին ու բոլոր կանանց հավաքեցին ժողովի և կանչեցին Աքիովրին ժողովրդի բազմության մեջ, և Ոզիան նրան հարցրեց. «Ինչո՞ւ քեզ հետ եղան այդ դեպքերը»։ 17 Իսկ նա պատասխանելով պատմեց Հողոփեռնեսի ժողովի և այն բոլոր խոսքերի մասին, որ ինքն ասաց Ասուրի որդիների իշխանների մոտ, և թե ինչպիսի մեծամտությամբ Հողոփեռնեսը խոսեց Իսրայելի տան վերաբերյալ։ 18 Եվ գետին ընկնելով՝ ողջ ժողովուրդը երկրպագեց Աստծուն, աղաղակեց՝ ասելով. 19 «Տե՛ր Աստված երկնքի, տե՛ս նրանց ամբարտավանությունը, որով քո ազգին նվաստացրեցին, նայի՛ր այսօր, Տե՛ր, քո ընտրյալներին»։
Եվ աղաչեցին։ 20 Եվ մխիթարեցին Աքիովրին և նրան շատ գովեցին։ 21 Ոզիան նրան այդ ժողովից առավ և տարավ իր տուն։ Եվ նրա պատվին ավագների ու քահանաների կոչունք արեց։ Եվ այդ ողջ գիշերը աղոթեցին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։