Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հիսուսի պայծառակերպությունը(Մրկ. 9.2-13, Ղուկ. 9.28-36)1 Վեց օր հետո …
Հիսուսի պայծառակերպությունը
(Մրկ. 9.2-13, Ղուկ. 9.28-36)
1 Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, նրանց առանձին հանեց մի բարձր լեռ 2 և նրանց առջև պայծառակերպվեց։ Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ 3 Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ 4 Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե ուզենաս, երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»։ 5 Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։ 6 Երբ աշակերտները լսեցին, երեսն ի վայր ընկան և սաստիկ վախեցան։ 7 Հիսուսը մոտեցավ, բռնեց նրանց և ասաց. «Ոտքի՛ ելեք և մի՛ վախեցեք»։ 8 Բարձրացրին աչքերը և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։
9 Մինչ լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց և ասաց. «Ոչ ոքի չասեք ձեր տեսածի մասին, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։ 10 Աշակերտները նրան հարցրին և ասացին. «Դպիրներն ինչո՞ւ են ասում, թե նախ Եղիան պետք է գա»։ 11 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Եղիան կգա և կհաստատի ամեն ինչ։ 12 Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն իսկ եկել է, սակայն նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես ցանկացան։ Այդպես նաև Մարդու Որդին է չարչարվելու նրանց կողմից»։ 13 Այդժամ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց։
Դիվահար տղայի բժշկումը
(Մրկ. 9.14-29, Ղուկ. 9.37-44)
14 Երբ ժողովրդի մոտ եկան, մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ 15 և ասաց. «Տե՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է. հաճախ կրակի մեջ է ընկնում, երբեմն էլ՝ ջրի մեջ։ 16 Նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց չկարողացան բժշկել»։ 17 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ ու մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ։ Նրան ինձ մո՛տ բեր»։ 18 Հիսուսը սաստեց նրան. դևը դուրս ելավ նրա միջից, և մանուկն այդ ժամից բժշկվեց։ 19 Այդժամ աշակերտներն առանձին մոտեցան և Հիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։ 20 Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։ 21 Բայց այս տեսակ դևն այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ»։
Հիսուսը դարձյալ խոսում է իր մահվան և հարության մասին
(Մրկ. 9.30-32, Ղուկ. 9.44բ-45)
22 Մինչ նրանք Գալիլեայում շրջում էին, Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը. 23 նրան սպանելու են, և նա երրորդ օրը հարություն է առնելու»։ Եվ նրանք շատ տխրեցին։
Տաճարի տուրքի վճարումը
24 Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք*հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ տալիս», 25 և նա ասաց՝ այո, տալիս է։ Երբ տուն մտան, Հիսուսը կանխեց նրան և ասաց. «Ինչպե՞ս է քեզ թվում, Սիմո՛ն. ազգերի թագավորներն ումի՞ց են վերցնում հարկերը կամ տուրքը, իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից»։ 26 Երբ պատասխանեց՝ օտարներից, Հիսուսը նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են։ 27 Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ լիճ ու կա՛րթ գցիր. առաջին ձուկը, որ դուրս ելնի, վերցրո՛ւ, բա՛ց նրա բերանը և մի սատեր կգտնես։ Այն վերցրո՛ւ և նրա՛նց տուր իմ ու քո տեղ»։