Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Բարի անունը մեծ հարստությունից լավ է, բարի շնորհը՝ արծաթից և ոսկուց…
1 Բարի անունը մեծ հարստությունից լավ է, բարի շնորհը՝ արծաթից և ոսկուց։
2 Հարուստն ու աղքատը նման են իրար. Տերը երկուսին էլ այցելում է։
3 Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։
4 Տիրոջից երկյուղն իմաստության սկիզբն է. նաև հարստության, փառքի և կյանքի։
5 Անիրավների ճանապարհին տատասկ և որոգայթ կա, իսկ ով զգույշ է իր անձի համար, հեռանում է նրանցից։
6 Երիտասարդը կրթվում է ըստ իր ճանապարհների, նույնիսկ ծերությանը չի հեռանում նրանցից։
7 Աղքատները պիտի տիրեն հարուստներին, և ծառաներն իրենց տերերին փոխ պիտի տան։
8 Ով անզգամություն է սերմանում, չարիք է հնձելու և ըստ իր գործերի պատիժ է կրելու։
8ա Աստված սիրում է զվարթ և առատաձեռն մարդուն.
9 ով աղքատին ողորմի, ինքը կկերակրվի, քանզի անտունին իր հացից է տվել։
9ա Ընծա տվողը հաղթություն և պատիվ է ստանում, բայց այն սպանում է առնողների հոգին։
10 Ժանտին ատյանից հանի՛ր, և հակառակությունը դուրս կգա նրա հետ, քանզի երբ նստում է ատյանում, անարգում է բոլորին։
11 Տերը սիրում է մաքուր սիրտը. բոլոր անարատներն ընդունելի են նրան։ Թագավորը առաջնորդվում է շուրթերով,
12 Տիրոջ աչքերը պահում են խոհեմությունը, Տերն արհամարհում է անօրեն խոսքերը։
13 Վատը պատճառաբանում և ասում է. «Առյուծ կա ճանապարհին, հրապարակի անցքերում՝ սպանողներ»։
14 Անօրենի բերանը խոր փոս է, Տիրոջից ատվողը նրա մեջ պիտի ընկնի։
14ա Չար ճանապարհներ կան մարդու առջև, և չի ուզում դառնալ նրանցից, բայց պետք է դառնալ թյուր և չար ճանապարհից։
15 Անմտությունը բորբոքված է երիտասարդի սրտում. գավազանն ու խրատը հեռու են նրանից։ 16 Աղքատին կեղեքողը բազմապատկում է իր չարիքները.
ով տալիս է հարուստին,
կարոտության մեջ կմնա։
Երեսուն իմաստուն խոսքեր
17 Ականջդ մոտեցրո՛ւ իմաստունների խոսքերին. իմ խոսքերը լսի՛ր ու հաստատիր քո սրտում և կհասկանաս, որ բարի են նրանք։ 18 Եվ եթե դրանք պահես քո սրտում, և մնան շուրթերիդ վրա, ուրախ կլինես, 19 և քո հույսը Տիրոջ վրա լինի և ցույց կտա քեզ իր ճանապարհները։ 20 Եվ դու երիցս գրի՛ր դրանք քո հոգում, խորհրդի գիտության և խոհեմության մեջ։ 21 Ահավասիկ սովորեցնում եմ քեզ ճշմարիտ խոսքեր և գիտություն, որ քեզ դիմողներին հոժարությամբ ճշմարտության խոսքերով պատասխանես։
- 1 -
22 Մի՛ բռնացիր անտունի վրա, քանզի աղքատ է նա, և մի՛ անարգիր անտունին դատարանի մեջ, 23 քանզի Տերն է նրա դատը անելու, և անկորուստ պիտի փրկի քո հոգին։
- 2 -
24 Բարկացկոտին ընկեր մի՛ դարձիր և զայրացող բարեկամի հետ մի՛ բնակվիր, 25 որ չսովորես նրա ճանապարհները և անձդ խեղդամահ անես։
- 3 -
26 Անձդ երաշխավոր մի՛ դարձրու մեկից ակնածելով, 27 զի եթե չունես, որտեղի՞ց վճարես. անկողի՞նդ առնեն-տանեն, որի վրա կողերդ են հանգչում։
- 4 -
28 Մի՛ փոփոխիր հավիտենական սահմանները, որ քո հայրերը դրեցին։
- 5 -
29 Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։
- 6 -