Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պատգամ Նինվեին1 Ահա արագընթաց են լեռների վրա ոտքերն ավետարանչի,որ խաղ…

Պատգամ Նինվեին

1 Ահա արագընթաց են լեռների վրա ոտքերն ավետարանչի,

որ խաղաղություն է հայտարարում։

Տոնի՛ր քո տոները, Հուդա՛,

կատարի՛ր քո ուխտերը,

որպեսզի այլևս չշարունակեն անցնել՝ հնանալու։

Վախճանվեց. մաշվեց ու վերացավ։

2 Քանի որ ելավ նա, ով փչում է քո երեսին

և փրկում նեղությունից.

հսկի՛ր ճանապարհը,

պնդացրո՛ւ մեջքդ, զորացի՛ր մեծ ուժով.

3 քանի որ Տերը շրջեց Հակոբի հպարտությունն

Իսրայելի հպարտության նման,

որովհետև ամբողջությամբ մերժեցին նրանց և ոչնչացրին նրա ճյուղերը,

4 նրա զորքի զենքը մարդկանց միջից, հզոր մարդկանց,

որ կրակի հետ խաղացին.

նրանց կառքերի սանձերը,

հեծյալները կշփոթվեն 5 ճանապարհներին

և կմոլորվեն հրապարակներում։

Նրանց տեսքը կրակե լամպերի նման է,

և փայլակի պես այս ու այն կողմ են ընթանում։

6 Կհիշեն նրա մեծամեծները և կփախչեն ցերեկը,

կտկարանան իրենց ճանապարհներին,

կշտապեն դեպի պարիսպները

և կպատրաստեն իրենց առաջապահներին։

7 Քաղաքների [եբր․ գետերի] դռները բացվեցին,

արքունիքները կործանվեցին,

8 և ունեցվածքները բացահայտվեցին։

Ինքը ելնում էր,

և իր նաժիշտներն առջևից էին գալիս.

աղավնիների պես մնչում էին իրենց սրտերում։

9 Նինվեի ջրերը նման էին ավազանի ջրերի.

նրանք փախան քեզնից և դադար չառան,

ու չկար մեկը, որ հետ նայեր։

10 Հափշտակում էին արծաթը,

հափշտակում էին ոսկին,

և նրա զարդեղենին չափ չկար։

Ծանրացան ավելի, քան նրա բոլոր ցանկալի սպասքները։

11 Ցնցում և նկրտում,

սրտի սոսկում

և ծնկների թուլացում,

և ցավ՝ ամեն մեջքի վրա.

և բոլորի երեսները մրոտված պտուկի էին նման։

Նինվեն նման է պարտված առյուծի

12 Ո՞ւր են առյուծների որջերն ու նրանց կորյունների որսերը,

ուր առյուծը գնաց մտնելու, առյուծի կորյունը,

և չկար մեկը, որ զարհուրեցներ։

13 Առյուծը բավականին որսաց իր կորյունների համար

և կենդանի խեղդեց իր կորյունների համար,

իր որջը լցրեց որսով

և իր բնակավայրը՝ հափշտակությամբ։

14 «Ահա ես դեմ եմ քեզ,- ասում է Ամենակալ Տերը,-

ծխով կայրեմ քո բազմությունը,

և սուրը կուտի քո առյուծներին,

երկրից կվերացնեմ քո որսը,

և այլևս չեն լսվի քո գործերը»։