Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երուսաղեմը ենթարկվում է աղետների1 Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին…
Երուսաղեմը ենթարկվում է աղետների
1 Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին։
Ասաց Տերը, որ տարածեց երկինքն
ու գցեց երկրի հիմքերը
և ստեղծում է մարդու հոգին նրա մեջ.
2 «Ահա ես Երուսաղեմը դարձնում եմ որպես երերուն շեմեր բոլոր ժողովուրդների համար, որ նրա շուրջն են, և Հուդայի երկրում կլինի պաշարում Երուսաղեմի դեմ։ 3 Եվ կլինի, որ այն օրը Երուսաղեմը կդարձնեմ մի կոխկռտվող քար բոլոր հեթանոսների համար. ամեն ոք, ով կոխոտի այն, ամբողջությամբ կծաղրի նրան, և նրա դեմ կհավաքվեն երկրի բոլոր ազգերը։ 4 Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- կհարվածեմ բոլոր երիվարներին խուճապով և նրա հեծյալներին՝ հիմարությամբ, բայց կբացեմ իմ աչքերը Հուդայի տան վրա և ազգերի բոլոր երիվարներին կհարվածեմ կուրությամբ։ 5 Եվ Հուդայի հազարապետներն իրենց սրտերում կասեն. “Մենք Երուսաղեմի բնակիչներին կգտնենք իրենց Ամենակալ Տեր Աստծու ձեռքով”։ 6 Այն օրը Հուդայի հազարապետներին կդարձնեմ փայտերի մեջ հրձիգ ձողերի նման և եղեգնի մեջ հրավառ ջահերի պես, և աջից ու ձախից շուրջանակի կուտեն բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ կբնակվի առանձին, Երուսաղեմում։
7 Եվ Տերը կփրկի Հուդայի վրանները, որ ի սկզբանե կային, որպեսզի Դավթի տան պարծանքն ու Երուսաղեմի բնակիչների հպարտությունը չմեծաբանեն Հուդայի տան դեմ։ 8 Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։
Համատարած սուգ Երուսաղեմում
9 «Եվ կլինի, որ այն օրը կփնտրեմ կործանել Երուսաղեմի վրա եկած բոլոր ազգերին։ 10 Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։ 11 Այն օրը Երուսաղեմում սուգը կսաստկանա դաշտում կտրտված նռնենիների սգի նման, 12 և երկիրը կսգա՝ ըստ բազում, առանձին ցեղերի. Դավթի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Նաթանի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, 13 Ղևիի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Շմավոնի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին։ 14 Մնացած բոլոր ցեղերը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։