Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հովհաննես Մկրտչի պատգամաբերները(Ղուկ. 7.18-35)1 Երբ Հիսուսն ավարտեց ի…
Հովհաննես Մկրտչի պատգամաբերները
(Ղուկ. 7.18-35)
1 Երբ Հիսուսն ավարտեց իր տասներկու աշակերտներին պատվեր տալը, այդտեղից գնաց քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։
2 Իսկ Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով 3 հարցրեց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշի սպասենք»։ 4 Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին այն, ինչ լսեցիք ու տեսաք. 5 կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներն ավետարանվում են։ 6 Եվ երանի՜ նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով»։
Հիսուսի վկայությունը Հովհաննես Մկրտչի մասին
7 Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, Հիսուսն սկսեց ժողովրդին ասել Հովհաննեսի մասին. «Անապատում ի՞նչ տեսնելու ելաք. քամուց շարժվող եղե՞գ։ 8 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարված մարդո՞ւ։ Ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորական պալատներում են։ 9 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, ավելի՛ն, քան մարգարե, 10 որովհետև այդ նա է, ում մասին գրված է.
“Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից,
ով քո առաջ կպատրաստի քո ճանապարհը” (Մղք. 3.1)։
11 Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից ավելի մեծ է։ 12 Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ է գործադրվում, և ուժեղներն են հափշտակում այն։ 13 Ամբողջ Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսը մարգարեացան, 14 և եթե ուզում եք ընդունել, նա՛ է Եղիան, որ գալու է։ 15 Ով լսելու ականջ ունի, թող լսի։ 16 Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է այն մանուկներին, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս իրենց ընկերներին 17 և ասում.
“Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք,
ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք”։
18 Եկավ Հովհաննեսը. ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. «Նրա մեջ դև կա»։ 19 Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են. «Ահա ուտող-խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»։ Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից»։
Վա՜յ անհավատ քաղաքներին
(Ղուկ. 10.13-15)
20 Այդ ժամանակ Հիսուսն սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա բազմաթիվ հրաշքները կատարվեցին, բայց նրանք չապաշխարեցին։ 21 «Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։ 22 Բայց ասում եմ ձեզ, Տյուրոսի ու Սիդովնի երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ 23 Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։ 24 Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան քեզ համար»։
Գոհություն երկնավոր Հորը
(Ղուկ. 10.21-22)
25 Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։ 26 Այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ 27 Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։ 28 Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ։ 29 Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք, 30 որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։