Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հիսուսի հարությունը(Մրկ. 16.1-10, Ղուկ. 24.1-12, Հովհ. 20.1-10)1 Շաբա…
Հիսուսի հարությունը
(Մրկ. 16.1-10, Ղուկ. 24.1-12, Հովհ. 20.1-10)
1 Շաբաթ օրը՝ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ 2 Եվ ահա մի մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով ու մոտենալով, գերեզմանի մուտքից քարը մի կողմ գլորեց և նստեց նրա վրա։ 3 Նրա տեսքը կայծակի նման էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։ 4 Նրա ահից պահապաններն այլայլվեցին և մեռելի պես դարձան։ 5 Հրեշտակը դիմեց կանանց և ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ 6 Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ 7 Եվ անմիջապես գնացե՛ք, ասե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ, և ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ»։ 8 Կանայք, վախով ու մեծ ուրախությամբ գերեզմանից իսկույն դուրս ելնելով, վազեցին աշակերտներին պատմելու։
Հիսուսը երևում է յուղաբեր կանանց
(Մրկ. 16.9-14, Ղուկ. 24.13-49, Հովհ. 20.11–21.24)
9 Հանկարծ նրանց դիմաց ելավ Հիսուսը և ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ 10 Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացե՛ք, ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա եմ գնում, և այնտեղ ինձ կտեսնեն»։
11 Երբ նրանք գնացին, զինվորներից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր։ 12 Նրանք էլ, ծերերի հետ միասին հավաքվելով, խորհրդակցեցին, առատ արծաթ դրամ տվեցին զինվորներին 13 և ասացին. «Կասեք, թե մինչ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան, գողացան նրան։ 14 Եվ եթե այս լուրը կառավարչի ականջին հասնի, մենք նրա սիրտը կշահենք և ձեզ հոգսից կազատենք»։ 15 Զինվորները, արծաթ դրամները վերցնելով, արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ այս զրույցը մինչ օրս տարածված է հրեաների մեջ։
Հիսուսի վերջին պատգամը
(Մրկ. 16.15-18)
16 Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։ 17 Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսանք ունեցան։ 18 Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։ 19 Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ 20 Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։