Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Գիշերն անկողնուս մեջ փնտրեցի իմ հոգու սիրելիին,փնտրեցի նրան և չգտա,…
1 Գիշերն անկողնուս մեջ փնտրեցի իմ հոգու սիրելիին,
փնտրեցի նրան և չգտա,
կանչեցի, բայց ձայն չտվեց ինձ։
2 Վեր կենամ ու շրջեմ քաղաքով,
փողոցներով ու հրապարակներով
և փնտրեմ իմ հոգու սիրելիին։
Փնտրեցի նրան, բայց չգտա,
կանչեցի նրան, բայց ձայն չտվեց ինձ։
3 Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ։
Հարսն ասում է պահապաններին.
Արդյոք չե՞ք տեսել իմ հոգու սիրելիին։
4 Երբ նրանցից փոքր-ինչ անցա, գտա իմ հոգու սիրելիին։
Փեսային գտնելով՝ ասում է.
Բռնեցի նրան և բաց չթողեցի,
մինչև չտարա նրան իմ մոր տունը
և ինձ ծնողի սենյակը։
Հարսը երկրորդ անգամ է երդվեցնում օրիորդներին.
5 Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի,
ագարակի զորություններով և ուժերով,
եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան,
մինչև որ նա չկամենա։
Փեսան ասում է հարսի մասին.
6 Ո՞վ է սա, որ ելնում գալիս է անապատից՝
ինչպես ծառացած-բարձրացած ծուխ,
ինչպես զմուռս և կնդրուկ՝
յուղագործների ամեն տեսակ փոշուց պատրաստված։
Օրիորդներն այսպես ասացին.
7 Ահա Սողոմոնի գահավորակը,
նրա շուրջը վաթսուն սպառազեն մարդիկ են Իսրայելի քաջերից։
8 Բոլորն էլ՝ պատերազմի հմուտ սուսերավորներ,
յուրաքանչյուր այր՝ սուրն ազդրին՝
ընդդեմ գիշերվա արհավիրքների։
9 Սողոմոն արքան գահավորակ պատրաստեց իրեն
Լիբանանի փայտից։
10 Նրա սյուները շինեց արծաթից,
կոնքերը՝ ոսկուց,
ձեղունը՝ ծիրանիից,
մեջը՝ ակնազարդ՝
տարածված Երուսաղեմի դուստրերի սիրով։
11 Դուստրե՛ր Սիոնի, ելե՛ք և նայե՛ք
Սողոմոն արքային՝ այն պսակով,
որով նրան պսակեց նրա մայրը նրա փեսայության
և նրա սրտի ուրախության օրը։