Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եսթերը դառնում է թագուհի1 Այս դեպքերից հետո թագավորի բարկությունն անց…

Եսթերը դառնում է թագուհի

1 Այս դեպքերից հետո թագավորի բարկությունն անցավ, բայց նա այլևս չէր ուզում Ասթինեի անունը տալ, որովհետև չէր մոռանում նրա խոսքերը։ Իսկ կինը, այսպես մերժվելով, զրկվեց փառքից։ 2 Հետո սպասավորներն ասացին թագավորին. «Թագավորի համար գեղեցիկ արտաքինով կույս աղջիկներ թող փնտրեն։ 3 Թագավորը թող հրամայի պաշտոնյաներ նշանակել իր թագավորության բոլոր երկրներում, որոնք, կույս աղջիկներ ընտրելով, ուղարկեն Սիսիս քաղաքի կանանոցը՝ հանձնելով նրանց արքունի կանանց պահապան ներքինուն, և թող արքան հրամայի նրանց տալ յուղ, օճառ և բոլոր պիտույքները։ 4 Այն կինը, որ հաճելի կլինի թագավորին, թող թագավորի Ասթինեի փոխարեն»։ Այս ամենը հաճելի թվաց արքային, և այդպես էլ արեց։

5 Սիսիս քաղաքում մի հրեա մարդ կար՝ Մուրթքե [եբր. Մորդեխայ] անունով, որը Բենիամինի ցեղից էր, Կիսեի որդի Սեմեիի որդի Հայիրի որդին։ 6 Նա բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի կողմից Երուսաղեմից բերված* գերիների սերնդից էր։ 7 Նա խնամում էր իր հորեղբոր՝ Ամինադաբի դստերը, որի անունը Եսթեր* էր, և որին վերցնելով հորից ու մորից՝ ցանկանում էր կնության առնել։ Աղջիկը շատ գեղեցիկ էր։ 8 Երբ թագավորի հրամանը տարածվեց, Սիսիս քաղաքում Օվգեի ձեռքի տակ բազմաթիվ աղջիկներ հավաքվեցին։ Եսթերին նույնպես տարան կանանց վերակացու Օվգե ներքինու մոտ։ 9 Աղջիկը նրան հաճելի թվաց ու շնորհ գտավ նրա առջև։ Օվգեն շտապեց նրան տալ իր բաժին օճառն ու այլ պարագաները, ինչպես նաև յոթ նաժիշտ աղջիկներ՝ արքունիքից։ Եսթերին ու նրա նաժիշտներին մյուսներից ավելի էր հոգ տանում։ 10 Եսթերը չհայտնեց իր ազգությունը և հայրենիքը, քանի որ Մուրթքեն նրան պատվիրել էր այդ մասին լռել։ 11 Իսկ Մուրթքեն ամեն օր շրջում էր կանանց տան շուրջը՝ ցանկանալով նորություններ իմանալ Եսթերի մասին։ 12 Որովհետև լրանում էին տասներկու ամիսները, և մոտ էր այն ժամանակը, երբ աղջիկը մտնելու էր թագավորի մոտ։ Իսկ խնամքի օրերն այսպես էին ընթանում. վեց ամիս օծում էին անուշահոտ յուղերով, վեց ամիս էլ կանանց լողացնում էին անուշահոտ խունկերով ու օճառներով։ 13 Հետո նոր մտնում էին արքայի մոտ։ Եվ ով ինչ ցանկանար, տրվում էր նրան՝ նրանցով թագավորի մոտ՝ սենյակը մտնելու համար։ 14 Երեկոյան մտնում էր թագավորի մոտ և ցերեկը վերադառնում իր ընկերների և Օվգե ներքինու՝ կանանց պահապանի մոտ և այնտեղ էր մնում, մինչև որ նրան անունով կրկին չկանչեին թագավորի սենյակը։

15 Երբ լրացավ Եսթերի՝ Մուրթքեի հորեղբայր Ամինադաբի դստեր՝ արքայի մոտ մտնելու ժամանակը, նա ամեն ինչ արեց այնպես, ինչպես պատվիրել էր իրեն կանանց պահապան ներքինին. Եսթերն արժանանում էր բոլոր նրանց բարեհաճությանը, ովքեր թեկուզ մեկ անգամ տեսնում էին նրան։ 16 Եսթերն արքայի մոտ մտավ նրա թագավորության յոթերորդ տարվա տասներկուերորդ՝ Ադար ամսին (որ հայկական Արեգն է)։ 17 Եսթերը շատ հաճելի թվաց արքային, բոլոր կանանցից ավելի շնորհի արժանացավ, և արքան նրա գլխին դրեց թագուհու թագը։

18 Թագավորը յոթնօրյա խնջույք արեց իր բոլոր սիրելիների և զորականների համար, փառավոր կատարեց Եսթերի հարսանիքը և հրամայեց թողություն շնորհել բոլոր նրանց, ովքեր իր թագավորության տակ էին։ 19 Իսկ Մուրթքեն խնամում և ծառայում էր թագավորի տանը։

20 Եսթերը չհայտնեց իր հայրենիքը, որովհետև Մուրթքեն այդպես էր պատվիրել նրան։ Նա երկնչում էր Աստծուց և նրա պատվիրանները կատարում այնպես, ինչպես նախկինում նրա մոտ. Եսթերը չփոխեց իր կենցաղավարությունը։

21 Իսկ թագավորի երկու ներքինիները*, որ արքունիքի գլխավոր պահապանապետներն էին, տրտմեցին՝ նախանձելով Մուրթքեին, որ իրենցից ավելի պատիվների է արժանանում թագավորից, և ցանկանում էին սպանել Արտաշես արքային։ 22 Մուրթքեն, իմանալով այդ, հայտնեց Եսթերին, իսկ Եսթերը մահափորձի մասին զգուշացրեց արքային։ 23 Արքան պատժեց երկու ներքինիներին և նրանց կախաղան բարձրացրեց։ Ապա հրամայեց ճշգրտությամբ արձանագրել այդ դեպքերը՝ թե ինչպես Մուրթքեն հավատարիմ եղավ իրեն։