Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դավ Հիսուսի դեմ(Մրկ. 14.1-2, Ղուկ. 22.1-2, Հովհ. 11.47-53)1 Երբ Հիսու…
Դավ Հիսուսի դեմ
(Մրկ. 14.1-2, Ղուկ. 22.1-2, Հովհ. 11.47-53)
1 Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց. 2 «Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչվելու համար»։
3 Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում 4 և խորհրդակցեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին և սպանեն։ 5 Բայց ասում էին. «Ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։
Հիսուսի օծումը Բեթանիայում
(Մրկ. 14.3-9, Հովհ. 12.1-8)
6 Երբ Հիսուսը եկավ Բեթանիա՝ բորոտ Սիմոնի տուն, 7 նրան մի կին մոտեցավ, որն իր հետ մի շիշ թանկարժեք յուղ ուներ։ Եվ մինչ նա սեղան էր նստած, յուղը թափեց նրա գլխին։ 8 Երբ աշակերտները տեսան, բարկացան և ասացին. «Ինչի՞ համար էր այդ յուղի վատնումը, 9 որովհետև այն կարելի էր մեծ գնով վաճառել և տալ աղքատներին»։ 10 Հիսուսն իմացավ այս և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք անհանգստացնում այդ կնոջը. նա ինձ համար մի բարի գործ կատարեց։ 11 Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ 12 Իմ մարմնի վրա այդ յուղը լցնելով՝ նա նշանով հայտնեց իմ թաղվելու մասին։ 13 Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում որտեղ էլ քարոզվի այս Ավետարանը, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, և այդպիսով նրան կհիշատակեն»։
Մատնության գինը
(Մրկ. 14.10-11, Ղուկ. 22.3-6)
14 Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետների մոտ 15 և ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ դրամ վճարեցին նրան։ 16 Դրանից հետո Հուդան հարմար առիթ էր փնտրում, որ Հիսուսին նրանց մատներ։
Վերջին ընթրիքը
(Մրկ. 14.12-21, Ղուկ. 22.7-23, Ա Կրնթ. 11.23-25)
17 Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար պատրաստենք զատկական ընթրիքը»։ 18 Հիսուսն ասաց նրանց. «Գնացե՛ք քաղաք՝ այսինչ մարդու մոտ, և նրան ասե՛ք. “Վարդապետն ասում է. իմ ժամանակը մոտեցել է, իմ աշակերտների հետ քեզ մոտ եմ նշելու Զատիկը”»։ 19 Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը։
20 Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։ 21 Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ»։ 22 Աշակերտները խիստ տխրեցին, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել նրան. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։ 23 Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։ 24 Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ 25 Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ «Դու ասացիր»,- պատասխանեց նրան։
Հաղորդության խորհրդի հաստատումը
(Մրկ. 14.22-26, Ղուկ. 22.17-20)
26 Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։ 27 Ապա բաժակ վերցնելով՝ գոհացավ, տվեց նրանց՝ ասելով. «Խմե՛ք դրանից ամենքդ, 28 որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։ 29 Բայց ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։
30 Ապա սաղմոսերգելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։
Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը
(Մրկ. 14.27-31, Ղուկ. 22.31-34, Հովհ. 13.36-38)
31 Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք ամենքդ ինձնով գայթակղվելու եք, որովհետև գրված է. “Կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն” (Զաք. 13.7բ)։ 32 Բայց հարություն առնելուց հետո ձեզնից առաջ Գալիլեա պիտի գնամ»։ 33 Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Թեև ամենքն էլ քեզնով կգայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի»։ 34 Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։ 35 Պետրոսը նրան ասաց. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ նույնիսկ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև մյուս բոլոր աշակերտներն էին ասում։
Աղոթք Գեթսեմանիում
(Մրկ. 14.32-42, Ղուկ. 22.39-46)
36 Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի այգի, որի անունը Գեթսեմանի էր։ Նրանց ասաց. «Նստե՛ք այդտեղ, մինչև որ գնամ աղոթեմ»։ 37 Եվ իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին։ Նա սկսեց տխրել և տագնապել։ 38 Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկե՛ք»։ 39 Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսն ի վայր ընկավ, աղոթեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ 40 Եկավ աշակերտների մոտ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ 41 Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ 42 Հիսուսը նորից՝ երկրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. թող քո կամքը լինի»։ 43 Եկավ և դարձյալ նրանց քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ 44 Թողեց նրանց և երրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց ու նորից նույն խոսքն ասաց։ 45 Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ 46 Վե՛ր կացեք գնանք այստեղից, որովհետև ահա հասավ նա, ով մատնելու է ինձ»։
Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը
(Մրկ. 14.43-50, Ղուկ. 22.47-53, Հովհ. 18.1-12)
47 Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ ուղարկված քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից։ 48 Նա, որ մատնելու էր Հիսուսին, նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում ես համբուրեմ, նա՛ է, նրան կձերբակալեք»։ 49 Եվ անմիջապես մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։ 50 Հիսուսը նրան ասաց. «Բարեկա՛մ, դրա համա՞ր եկար»։ Այդ ժամանակ մոտեցան, բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։ 51 Եվ ահա Հիսուսի հետ գտնվողներից մեկը ձեռքը երկարեց, իր սուրը հանեց և հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը։ 52 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ իր տե՛ղը դիր, որովհետև, բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն։ 53 Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ այստեղ այս պահին ինձ համար հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր։ 54 Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը, թե այսպես պետք է լինի»։ 55 Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ՝ տաճարում, նստում ու ուսուցանում էի, և ինձ չձերբակալեցիք։ 56 Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այն ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան և փախան։
Հիսուսը ատյանի առջև
(Մրկ. 14.53-65, Ղուկ. 22.66-71, Հովհ. 18.12-14, 19-24)
57 Իսկ նրանք ձերբակալեցին Հիսուսին և տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ հավաքված էին դպիրներն ու ծերերը։ 58 Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու։ 59 Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի սպանեն նրան, 60 բայց չէին գտնում, չնայած որ բազմաթիվ սուտ վկաներ էին ներկայանում։ Վերջապես մոտեցան երկու սուտ վկաներ 61 և ասացին. «Սա ասում էր. “Կարող եմ քանդել Աստծու տաճարը և երեք օրում շինել”»։ 62 Քահանայապետը ոտքի կանգնեց և նրան ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. դրանք քո մասին ի՞նչ ամբաստանություն են անում»։ 63 Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 64 Հիսուսը պատասխանեց նրան. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։ 65 Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր հանդերձներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ի՞նչ պետք ունենք վկաների. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ 66 Ձեզ ի՞նչ է թվում»։ Նրանք պատասխանեցին և ասացին. «Մահապարտ է»։ 67 Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան։ Ոմանք էլ ապտակեցին նրան 68 և ասացին. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։
Պետրոսն ուրանում է Հիսուսին
(Մրկ. 14.66-72, Ղուկ. 22.54-62, Հովհ. 18.15-18, 25-27)
69 Իսկ Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին մոտեցավ նրան և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։ 70 Նա բոլորի առաջ ուրացավ և ասաց. «Չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։ 71 Երբ նա դարպասից դուրս ելավ, նրան մեկ ուրիշ կին տեսավ և այդտեղ կանգնածներին ասաց. «Սա ևս Հիսուս Նազովրեցու հետ էր»։ 72 Պետրոսը երդումով դարձյալ ուրացավ. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ 73 Քիչ հետո այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրոք դու էլ նրանցից ես, քանի որ խոսվածքդ մատնում է քեզ»։ 74 Այդ ժամանակ Պետրոսն սկսեց նզովել և երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ նույն պահին աքաղաղը կանչեց։ 75 Պետրոսը հիշեց Հիսուսի ասած խոսքը, թե՝ «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։