Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չդատել ըստ տեսքի1 Խոնարհ մարդու իմաստությունը բարձր է պահում նրա գլու…

Չդատել ըստ տեսքի

1 Խոնարհ մարդու իմաստությունը բարձր է պահում նրա գլուխը և մեծամեծների մեջ է բազմեցնում նրան։
2 Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկության համար և մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։
3 Մեղուն փոքր է թռչողների մեջ, սակայն նրա պտուղը քաղցրության սկիզբն է։
4 Մի՛ պարծեցիր զգեստների պերճությամբ և փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը, և դրանք ծածկված են մարդկանցից։
5 Բազում բռնակալներ գետնին նստեցին, և նա, որից չէին սպասում, թագ ստացավ։
6 Բազում հզորներ խիստ անարգվեցին, և անվանի մարդիկ մատնվեցին այլոց ձեռքը։
7 Քանի դեռ չի քննվել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր՝ հետո՛ պատժիր։
8 Քանի դեռ չես լսել, մի՛ պատասխանիր և մի՛ միջամտիր խոսակցությանը։
9 Մի՛ պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում, և մեղավորների ատյանում նրանց կողքին մի՛ նստիր։
10 Որդյա՛կ, շատ գործեր մի՛ ձեռնարկիր, քանզի բազում գործերի մեջ չես կարող անպարտ մնալ, և եթե հետամուտ լինես դրանց, չես հասնի վերջին և չես խուսափի կործանումից։

Խրատ հարստության և աղքատության մասին

11 Մարդ կա, որ տքնում, աշխատում ու աճապարում է, սակայն էլ ավելի կարիքի մեջ է մնում,
12 մարդ էլ կա, որ ծույլ է, օգնության կարոտ, զորությունից զուրկ, աղքատության մեջ թաղված,
13 սակայն Տիրոջ աչքը նրան նայում է բարությամբ, ոտքի է կանգնեցնում նրան իր աղքատությունից, բարձրացնում է նրա գլուխը, և շատերը զարմանում են դրա վրա։
14 Բարիքը, չարիքը, կյանքը և մահը, աղքատությունն ու հարստությունը Տիրոջից են։
15 Սերն ու իմաստությունը, բարի գործերի ճանապարհը նրանից են։
16 Մոլորությունն ու խավարը մեղքի պատճառով հաստատվեցին։ Չարությունը հնանում է չարությամբ ընթացողների հետ։
17 Տիրոջ պարգևը բարեպաշտներին է մնում. հավիտյան է նրա բարեհաճությունը։
18 Ով հարստանում է ժլատությամբ և կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում.
19 երբ նա ասում է՝ «Հանգիստ գտա և այժմ պիտի վայելեմ իմ հարստությունը»,
20 սակայն չգիտի, թե երբ գա օրհասը, նա այլոց կթողնի այն ու կմեռնի։
21 Հավատարի՛մ մնա քո ուխտին, նվիրվի՛ր նույն ուխտին և ծերացի՛ր քո գործի մեջ։
22 Մի՛ զարմացիր մեղավոր մարդու գործերի վրա, հավատա՛ Տիրոջը ու տոկա՛ քո տքնության մեջ։
23 Քանզի Տիրոջ համար դյուրին է աղքատին անակնկալ հարստացնելը։
24 Տիրոջ օրհնությունը բարեպաշտների վարձն է, և շատ շուտով Նրա օրհնությունը խնդություն է տալու նրանց։
25 Մի՛ ասա՝ «Էլ ինչի՞ կարիք ունեմ» և «Սրանից հետո էլ ի՞նչ բարիք պիտի լինի ինձ»։
26 Մի՛ ասա՝ «Սա բավական է ինձ. սրանից հետո էլ ի՞նչ չարիք կարող է լինել»։

Մահվան խորհուրդը

27 Երջանկության օրը մոռացվում են չարիքները, չարիքի օրը չեն հիշվում բարիքները,
28 քանզի Տիրոջ համար դյուրին է վախճանի օրը մարդուն հատուցել ըստ իր անցած ճանապարհների։
29 Մեկ ժամվա տանջանքը մոռանալ է տալիս հաճույքները, և մարդու վախճանի ժամին հայտնի են դառնում նրա գործերը։
30 Մարդու վախճանից առաջ երանի մի՛ տուր նրան. մարդ ճանաչվում է իր որդիներով։
31 Ամեն մարդու մի՛ ընդունիր քո տունը, քանզի բազմաթիվ են նենգավոր մարդու որոգայթները։
32 Ինչպես որսորդն է դարան մտնում կաքավ որսալու համար, այնպես էլ ամբարտավանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է։
33 Նա բարիքը վերածում է չարիքի և արատավորում այն, ինչը ցանկալի է։
34 Կայծերի շատությունից բորբոքվում է կրակը, այդպես էլ մեղավոր մարդը մահ է նյութում։
35 Զգուշացի՛ր խորամանկ մարդուց, քանզի նա չարիք է նյութում. գուցե նա քեզ հավիտենական պարսավանքի տակ դնի։
36 Քո տանը բնակեցրո՛ւ օտարին, և նա խռովություն կգցի քո տան մեջ ու քեզ կօտարացնի քո յուրայիններից։