Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աղոթք իմաստություն ձեռք բերելու համար1 Հայրերի՛ Աստված և Տե՛ր բազումո…
Աղոթք իմաստություն ձեռք բերելու համար
1 Հայրերի՛ Աստված և Տե՛ր բազումողորմ, դու քո խոսքով ստեղծեցիր ամեն ինչ 2 և քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի քո կողմից ստեղծված արարածներին, 3 սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ 4 Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստությունից և խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։ 5 Որովհետև ես քո ծառան եմ և քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ և կարճատև կյանքի տեր, ես հասուն չեմ դեռ դատաստանի ու օրենքի իմացության մեջ։ 6 Եվ եթե նույնիսկ մեկը կարող է կատարյալ լինել մարդու որդիների մեջ, բայց եթե քո իմաստությունը հեռու է նրանից, ոչինչ պիտի համարվի։ 7 Դու ինձ ընտրեցիր քո ժողովրդի թագավոր և քո տղաների ու աղջիկների դատավոր։ 8 Դու ասացիր, որ ես տաճար շինեմ քո սուրբ լեռան վրա և զոհասեղան՝ քո բնակության քաղաքում, քո այն սուրբ խորանի նմանությամբ, որ սկզբից ևեթ նախապես պատրաստեցիր։ 9 Քեզ հետ է նաև իմաստությունը, որ գիտի քո գործերը, քեզ մոտ էր նա, երբ արարում էիր աշխարհը, և գիտեր, թե ո՛րն է հաճելի քո աչքին ու ո՛րն է քո պատվիրաններին համապատասխան։ 10 Ուղարկի՛ր այն քո սուրբ երկնքից և քո փառքի աթոռից, որ գա և հանգչի իմ մեջ, և ես իմանամ, թե ի՛նչն է հաճելի քո առջև։ 11 Քանզի նա գիտե ամեն ինչ և խելամուտ է բոլորին, իմ գործերի մեջ ինձ կառաջնորդի զգաստությամբ և իր փառքով կպահպանի ինձ, 12 իմ գործերն ընդունելի կլինեն, ես արդարությամբ կդատեմ քո ժողովրդին և արժանի կլինեմ իմ հոր գահին։
Իմաստությունն անհրաժեշտ է մարդուն
13 Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ի՛նչ է կամենում Տերը։ 14 Քանզի մահկանացուների մտածումներն անստույգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ 15 Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգս է դարձնում միտքը։ 16 Ուստի հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։ Իսկ այն, ինչ երկնքում է, ո՞վ կարող է քննել, 17 և ո՞վ կարող է իմանալ քո խորհուրդները, եթե դու իմաստություն չտաս և քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ 18 Եվ երկրայիններն ուղղեցին իրենց շավիղները և սովորեցին քո ճանապարհները և փրկվեցին քո իմաստությամբ։