Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ողորմության մասին1 «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց…
Ողորմության մասին
1 «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առջև՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է։ 2 Ուստի երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ 3 Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ի՛նչ է անում քո աջ ձեռքը, 4 որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես»։
Աղոթքի մասին
(Ղուկ. 11.2-4)
5 «Երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ 6 Այլ երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։
7 Երբ աղոթք անեք, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքերի շնորհիվ լսելի կլինեն։ 8 Արդ, մի՛ նմանվեք նրանց, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք նրանից մի բան կխնդրեք։ 9 Ուրեմն այսպե՛ս աղոթեք.
Տերունական աղոթք
Հա՛յր մեր, որ երկնքում ես,
սուրբ թող լինի քո անունը,
10 քո արքայությունը թող գա,
քո կամքը թող լինի ինչպես երկնքում,
այնպես էլ երկրի վրա։
11 Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։
12 Ների՛ր մեզ մեր պարտքերը,
ինչպես մենք ենք ներում մեզ պարտապաններին։
13 Եվ մի՛ տար մեզ փորձության,
այլ փրկի՛ր մեզ չարից.
որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։
14 Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ 15 Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները»։
Ծոմապահության մասին
16 «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ 17 Այլ դու երբ ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, 18 որպեսզի չերևաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ քո Հորը՝ ծածկապես, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես»։
Ճշմարիտ գանձը
(Ղուկ. 12.33-34, 11.34-36)
19 «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են, 20 այլ ձեզ համար գանձեր դիզե՛ք երկնքում, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն փչացնում, ո՛չ էլ գողերն են սողոսկում և գողանում. 21 որովհետև որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։
22 Մարմնի ճրագն աչքն է. եթե քո աչքը մաքուր է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ 23 Իսկ եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքան առավել կլինի խավարը»։
Աստված և մամոնա
(Ղուկ. 16.13)
24 «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։
Ապավինում նախախնամությանը
(Ղուկ. 12.22-31)
25 Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։ 26 Նայե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարուցանք են անում, ո՛չ հնձում են և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։ 27 Արդ ձեզնից ո՞վ կարող է իր կյանքի վրա մի փոքր ժամանակ ավելացնել։ 28 Իսկ հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում։ Նայե՛ք վայրի շուշանին՝ ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում։ 29 Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն անգամ, իր ամբողջ փառքի մեջ, չհագնվեց նրանցից մեկի նման։ 30 Իսկ եթե Աստված այդպես է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։ 31 Հետևաբար, մի՛ մտահոգվեք և ասեք. «Ի՞նչ պիտի ուտենք կամ ի՞նչ պիտի խմենք կամ ի՞նչ պիտի հագնենք», 32 որովհետև հեթանոսներն են այդ ամենը որոնում։ Արդարև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ հարկավոր է։ 33 Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։ 34 Ուրեմն մի՛ մտահոգվեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն ունի իր մտահոգությունները։ Յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավարար են»։