Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիրոջ բարեհաճությունը և խստությունը1 Մի՛ ցանկացիր անպիտան որդիների շա…
Տիրոջ բարեհաճությունը և խստությունը
1 Մի՛ ցանկացիր անպիտան որդիների շատություն և մի՛ ուրախացիր ամբարիշտ որդիներով. եթե նրանք շատանան, մի՛ ուրախացիր նրանցով։
2 Եթե նրանց մեջ չկա Տիրոջ երկյուղը, դու նրանց կյանքի նկատմամբ վստահ մի՛ եղիր և մի՛ ապավինիր նրանց շատությանը։
3 Լավ է Աստծուց երկյուղ ունեցող մեկը, քան հազար ամբարիշտ, և լավ է մեռնել անզավակ,
4 քան ամբարիշտ որդիներ ունենալ։
5 Որովհետև միայն մեկ իմաստունի շնորհիվ շենանում է հայրենիքը, բայց այն կործանվում երեք ամբարիշտի պատճառով։
6 Բազում այսպիսի բաներ տեսա իմ աչքերով, և սրանից էլ առավել զորավոր բաներ լսեց իմ ականջը։
7 Մեղավորների հավաքույթներին կրակ կբորբոքվի, և Տիրոջ բարկությունը կթափվի անհնազանդ ազգի վրա։
8 Տերը քավություն չտվեց հին հսկաներին, ովքեր, իրենց զորության վրա վստահ, ապստամբեցին։
9 Չխնայեց նաև Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզվեց նրանց ամբարտավանության պատճառով։
10 Չգթաց իրենց մեղքերի համար կորստյան դատապարտված ազգին։
11 Այսպես վարվեց նաև վեց հարյուր հազար հետևակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտությամբ։ Թեկուզ և նրանցից մեկն իսկ խստապարանոց լիներ, զարմանալի կլիներ, եթե չդատապարտվեր.
12 քանզի թե՛ ողորմությունը, թե՛ բարկությունը նրանն է։
13 Նա հզոր է ինչպես իր ներման, այնպես էլ իր բարկությունը թափելու մեջ. որքան մեծ է նրա ողորմությունը, այնքան էլ մեծ է նրա հանդիմանությունը։
14 Մարդը դատվում է ըստ իր գործերի. մեղավորն իր հափշտակության համար չի ճողոպրի, իսկ բարեպաշտ մարդը շնորհ կգտնի իր համբերության համար։
15 Ամեն ողորմածության համար Տերը տեղ կանի. յուրաքանչյուր ոք հատուցում կգտնի ըստ իր գործերի։
16 Մի՛ ասա. «Կթաքնվեմ Տիրոջից» և «Ո՞վ կհիշի ինձ»։
17 «Բազում ժողովրդի մեջ չեմ նկատվի, որովհետև իմ հոգին ի՞նչ է այդչափ արարածների մեջ»։
18 Ահավասիկ, երկինքը, երկինքների երկինքը, անդունդներն ու երկիրը դղրդում են նրա այցելությունից,
19 նույնպես լեռներն ու երկրի հիմքերը ցնցվում նրա հայացքից։
20 Բայց սիրտը չի կարող խորհել այդ մասին։
21 Ո՞վ կմտածի նրա ճանապարհների և այն որոգայթների մասին, որոնք մարդ չի տեսել։
22 Իսկ նրա գործերից շատերը ծածուկ են. արդարության գործերն ո՞վ կհայտնի, կամ ո՞վ համբերությամբ կսպասի, որովհետև կասի. «Ուխտը հեռու է»։
23 Ով պակասամիտ է, այսպես կխորհի, և անզգամ ու մոլորված մարդը հիմարություններ կմտածի։
Տիրոջ սահմանած տիեզերակարգը
24 Որդյա՛կ, լսի՛ր ինձ, սովորի՛ր գիտությունը և իմ խոսքերին ունկնդի՛ր եղիր քո սրտով։
25 Ես քեզ ցույց կտամ կշռադատված գիտությունը և ճշմարտությամբ կհայտնեմ իմացությունը։
26 Տիրոջ գործերը սկզբից ևեթ ճշմարտությամբ էին, և նա արարչագործությունից իսկ զատեց նրանց մասերը։
27 Հավիտյան կարգավորեց իր գործերը և կարգեր սահմանեց նրանց տեսակների մեջ։
28 Դրանք ո՛չ քաղց ունեն և ո՛չ էլ հոգնություն, չեն դադարում իրենց գործերից, և դրանցից յուրաքանչյուրը նեղություն չի տալիս իր մերձավորին։
29 Դրանք հավիտյան չեն հակառակվի Տիրոջ խոսքերին։
30 Այնուհետև Տերը նայեց երկրին և այն լցրեց նրա բարիքներով։
31 Բոլոր կենդանի էակների շունչը ծածկեց երկրի երեսը, և բոլորը դարձյալ վերադառնալու են երկիր։