Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ձեռնադրության հրահանգներ(Ղևտ. 8.1-36)1 «Ահա թե ի՛նչ պիտի անես նրանց ս…

Ձեռնադրության հրահանգներ

(Ղևտ. 8.1-36)

1 «Ահա թե ի՛նչ պիտի անես նրանց սրբելու համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Հոտից կընտրես մի զվարակ և երկու խոյ՝ արատ չունեցող, 2 կվերցնես յուղով հունցված բաղարջ հացեր և բաղարջ կարկանդակներ ու յուղով օծված բաղարջ բլիթներ։ Այդ բոլորը յուղով հունցված նաշիհով կպատրաստես։ 3 Կդնես մի զամբյուղի մեջ և զամբյուղով էլ կմատուցես դրանք, ինչպես նաև զվարակն ու երկու խոյերը։

4 Ահարոնին ու նրա որդիներին կբերես Վկայության խորանի դռան մոտ և նրանց կլվանաս ջրով։ 5 Զգեստներն առնելով՝ կհագցնես Ահարոնին՝ քո եղբորը, երկար շապիկը, պատմուճանը, եփուդն ու լանջապանակը։ Լանջապանակը կամրացնես եփուդին։ 6 Խույրը կդնես նրա գլխին, իսկ ոսկյա սուրբ թիթեղը կդնես խույրի ճակատին։ 7 Կվերցնես օծության յուղից, կթափես նրա գլխին և կօծես նրան։ 8 Մոտ կբերես նրա որդիներին, նրանց նույնպես կհագցնես շապիկները, 9 գոտիները կկապես Ահարոնի ու նրա որդիների մեջքին, կդնես ապարոշները. այսուհետև նրանք հավիտյան քահանայագործելու են ինձ համար։ Եվ կսրբագործես Ահարոնի ձեռքերն ու նրա որդիների ձեռքերը։

10 Զվարակը կբերես Վկայության խորանի դռան մոտ, և Ահարոնն ու նրա որդիները Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առաջ, իրենց ձեռքերը թող դնեն զվարակի գլխին։ 11 Զվարակը կմորթես Տիրոջ առաջ՝ Վկայության խորանի դռանը։ 12 Կառնես զվարակի արյունից և մատով կքսես զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը կհեղես զոհասեղանի հատակին։ 13 Կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի տակի բլթակը և երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կդնես զոհասեղանի վրա։ 14 Զվարակի միսը, մորթին ու փորոտիքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Այդ զոհաբերությունը մեղքերի համար է։

15 Կվերցնես խոյերից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դնեն խոյի գլխին։ 16 Մորթի՛ր խոյը և վերցնելով նրա արյունը՝ հեղի՛ր զոհասեղանի շուրջը։ 17 Խոյը անդամահատի՛ր, ջրով լվա՛ նրա փորոտիքն ու ոտքերը և դրանք նրա գլխի հետ դի՛ր կտրտած անդամների վրա։ 18 Ողջ խոյը կմատուցես զոհասեղանին՝ իբրև ողջակեզ, անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջ զոհն է։

19 Կվերցնես երկրորդ խոյը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դնեն խոյի գլխին։ 20 Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին։ Եվ արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։ 21 Կվերցնես զոհասեղանի վրա գտնվող արյունից ու օծության յուղից և կցանես Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա, որպեսզի սրբագործվեն ինքն ու իր զգեստները, նրա որդիներն ու նրա որդիների զգեստները։ Խոյի արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։ 22 Կվերցնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպով և աջ զիստը։ Դա նվիրագործման կիզակետն է։

23 Տիրոջ առաջ դրված բաղարջների զամբյուղից կվերցնես մի հաց, յուղով հունցված մի կարկանդակ ու մի բլիթ, 24 այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա և որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ։ 25 Կվերցնես նրանց ձեռքերից և կհանես ողջակեզների զոհասեղանին՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջը նվիրված զոհ է։

26 Կվերցնես Ահարոնին քահանա օծելու համար զոհաբերված խոյի կուրծքը և այն որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ, և դա կլինի քո բաժինը։ 27 Խոյի կուրծքը, ինչպես նաև նրա զիստը, պիտի համարվի սուրբ, որ պիտի անջատվի խոյից Ահարոնի և նրա որդիների նվիրագործման համար. 28 դա թող հավիտենական օրենք լինի Ահարոնի և նրա որդիների վերաբերյալ՝ Իսրայելի որդիների համար, քանզի դա է նրանց բաժինը։ Եվ դա Իսրայելի որդիների՝ իրենց փրկության համար Տիրոջ առաջ զոհաբերվելիք նվերը թող լինի։

29 Ահարոնի սրբազան զգեստներն իրենից հետո թող պատկանեն իր որդիներին, որպեսզի նրանք այդ զգեստով օծվեն, ու նրանց ձեռքերը սրբվեն։ 30 Նրա որդիներից նա, ով պիտի փոխարինի նրան, երբ մտնի Վկայության խորան՝ սրբարանում պաշտամունք կատարելու, թող յոթ օր այդ զգեստները հագնի։

31 Սրբացման համար մատուցվող խոյը և դրա միսը կեփես մի սուրբ վայրում։ 32 Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն խոյի մսից և սկուտեղի վրայի բաղարջ հացերից Վկայության խորանի դռանը։ 33 Թող ուտեն այն բաները, որոնցով նրանք սրբագործվել են և մաքրել իրենց ձեռքերը։ Այլ ոք թող դրանցից չուտի, որովհետև դրանք սուրբ ուտելիքներ են։ 34 Եթե սրբացման համար մատուցված զոհի մսից ու հացից մնա մինչև առավոտ, ապա դրանք կայրես կրակով. այն թող չուտվի, որովհետև սուրբ է։

35 Այն ամենը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերյալ, կկատարես։ Յոթ օր կկատարես նրանց ձեռքերի սրբագործումը։ 36 Սրբագործման յուրաքանչյուր օր մեկական զվարակ կզոհես՝ իբրև մեղքերի քավության զոհ։

37 Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։

Ամենօրյա ընծաներ

(Թվ. 28.1-8)

38 «Ահա թե ի՛նչ պիտի զոհես զոհասեղանի վրա. ամեն օր, մշտապես, արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ. դա ամենօրյա զոհաբերություն պիտի լինի։ 39 Գառներից մեկը կզոհես առավոտյան, իսկ մյուս գառը կզոհես երեկոյան։ 40 Ամեն մի գառան հետ կբերես նաև շուրջ մեկուկես լիտր զտված յուղ՝ շաղված երեք կիլոգրամ նաշիհի հետ, ինչպես նաև մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա։ 41 Երկրորդ գառը կզոհես երեկոյան այնպես, ինչպես առավոտյան զոհված գառը՝ բերելով նույն ընծաները՝ որպես անուշահոտ ընծա Տիրոջ համար։ 42 Այս ամենօրյա զոհաբերությունը պիտի լինի մշտապես, Վկայության խորանի դռանը՝ Տիրոջ առաջ, որտեղ ես քեզ կհայտնվեմ և կխոսեմ քեզ հետ։ 43 Այնտեղ պիտի երևամ Իսրայելի որդիներին, ու պիտի հայտնվի իմ սրբությունը փառքով։ 44 Ես պիտի սրբագործեմ Վկայության խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի նրանք ինձ համար քահանայություն անեն։ 45 Այսպիսով Իսրայելի որդիները կկանչեն ինձ, և ես կլինեմ նրանց Աստվածը։ 46 Եվ նրանք կիմանան, որ ես՝ Տերը՝ իրենց Աստվածը, որ իրենց հանեցի եգիպտացիների երկրից, պիտի բնակվեմ նրանց մեջ»։