Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Այնժամ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների և իր վաստակն …
1 Այնժամ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների և իր վաստակն արհամարհողների դիմաց, 2 տեսնելով նրան՝ պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։ 3 Եվ պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված՝ հառաչեն ու ասեն. 4 «Սա այն մարդն է, որին մի ժամանակ մենք ծաղրում էինք և նախատինք էինք տալիս։ Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորություն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։ 5 Ինչպե՞ս դասվեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։ 6 Ուրեմն մենք մոլորվեցինք ճշմարտության ճանապարհից, արդարության լույսը չլուսավորեց մեզ, և մեր սրտերում չծագեց արդարության արեգակը։ 7 Մենք լցրեցինք անօրենության և կորստյան շավիղները, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ 8 Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ շարունակ պարծենալը։ 9 Այդ ամենն անցավ ստվերի պես և թռավ մարդու վաղանցուկ համբավի պես, 10 ինչպես ալեկոծ ջրերը ճեղքող նավ, որի անցնելուց հետո ալիքների մեջ հետք և շավիղ չի մնում։ 11 Կամ ինչպես օդում ճախրող թռչունը, որի ընթացքից ոչինչ նշմարելի չի մնում. մագիլներով բախվելով և ճեղքելով թեթև հողմը՝ նա բուռն ուժով մտնում է ոլորտից ոլորտ և թևերը առաջ թափահարելով՝ սլանում. դրանից հետո նրա սլացքից չի մնում և ոչ մի նշան։ 12 Կամ ինչպես դեպի նպատակակետն արձակված նետ, որ թռչում է՝ օդը ճեղքելով, բայց օդը կրկին արագ իրար է գալիս, և չգիտես, թե նետը որտեղո՛վ անցավ»։ 13 Այդպես էլ մենք, ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց 14 և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ։ Արդարև, ամբարիշտի հույսը կորչում է քամուց բարձրացված փոշու պես, իբրև մրրիկից հալածված մանրիկ եղյամ, իբրև հողմից ցրված ծուխ կամ իբրև մեկօրյա հյուրի հիշատակ։ 15 Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը՝ Բարձրյալից։ 16 Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով պաշտպան է լինելու նրանց։ 17 Տերը պիտի սպառազինվի իր նախանձախնդրությամբ և զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրեժ լուծելու համար։ 18 Նա իբրև զրահ պիտի հագնի արդարությունը և անաչառ դատաստանը պիտի դնի գլխին՝ իբրև սաղավարտ, 19 իր անպարտելի սրբությունը պիտի վերցնի որպես վահան 20 և պիտի սրի բարկությունը՝ որպես հատու սուսեր։ Եվ Տիրոջ հետ համատեղ աշխարհը պիտի պատերազմի անզգամների դեմ։ 21 Ամպերից, ինչպես լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան և թռչեն դեպի նպատակակետը, 22 և բարկությունից, ինչպես քարանետ մեքենայից, առատ կարկուտ պիտի թափվի, ծովի ջրերը պիտի զայրագին հորդեն նրանց վրա, գետերը անխնա պիտի ողողեն, 23 բուռն հողմը պիտի հարվածի նրանց դեմքին և, ինչպես մրրիկը, քշի նրանց։ Անօրենությունը պիտի ավերի ողջ երկիրը, և խարդախությունը պիտի կործանի բռնակալների գահերը։