Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մակաբեն գրավում է Հոպպեն և կրակի մատնում1 Լյուսիասը վերադարձավ թագավո…
Մակաբեն գրավում է Հոպպեն և կրակի մատնում
1 Լյուսիասը վերադարձավ թագավորի մոտ, իսկ հրեաներն սկսեցին զբաղվել հող մշակելով։
2 Բայց զորքի զորավարները՝ Տիմոթեոսը, Գեննեոսի որդի Ապոլոնիոսը, Հերոնիմոսն ու Դիմոփոնը, նաև Նիկանովրը, նրանց բոլորովին թույլ չէին տալիս հանգիստ ու խաղաղ ապրել։ 3 Իսկ հոպպեացիները համարձակվեցին այսպիսի անօրենություն գործել. միջնորդներ եկան ու համոզեցին իրենց շրջակայքում ապրող հրեաներին, որ կանանց ու երեխաների հետ բարձրանան իրենց նավերը։ 4 Սա արվեց ամբողջ քաղաքի համաձայնությամբ։ Երբ նրանք համաձայնվեցին, որովհետև կամենում էին խաղաղություն ու միաբանություն պահել նրանց հետ և ոչինչ չէին կասկածում, բերեցին նրանց ու ոչ պակաս քան երկու հարյուր մարդու ծովի մեջ խեղդեցին։
5 Երբ Հուդա Մակաբեն իմացավ կատարված անօրեն դաժանության մասին, կարգադրություններ արեց իր հետ եղող զինվորներին 6 և դիմելով արդար Դատավորին՝ անմիջապես հարձակվեց մարդասպանների վրա։ Գիշերով նրանք նավահանգիստը հրդեհի մատնեցին, նավերն այրեցին, իսկ այնտեղ ապաստանածներին կոտորեցին։ 7 Քանի որ բերդերն զգուշության համար փակ էին պահել, Մակաբեն որոշեց, որ մյուս անգամ վերադարձին առհասարակ կկոտորի հոպպեացիներին։ 8 Նա իմացավ, որ յամնեացիները ևս կամենում են նույն պատուհասը բերել իրենց հետ բնակվող եբրայեցիների գլխին։ 9 Գիշերով հարձակվեց համնեացիների վրա և նավահանգիստը նավերով հանդերձ հրդեհեց, այնպես որ կրակի ցոլքերը երևում էին Երուսաղեմում, թեև այդտեղից մինչև այնտեղ մոտ չորս հարյուր ութսուն ասպարեզ էր։
Կասպիս քաղաքի գրավումը
10 Այնտեղից շրջանցելով մոտ քսան ասպարեզ՝ ուզեցին Տիմոթեոսի վրա հարձակվել, բայց նրանց առաջը կտրեցին մոտ հինգ հազար հինգ հարյուր արաբ հեծյալներ։ 11 Գնդերը բախվեցին միմյանց, ու մարտը սաստկացավ։ Հուդայի բանակը, Տիրոջ օգնությանն ապավինելով, հաղթանակ տարավ։ Երբ քոչվոր արաբները պարտության մատնվեցին, եկան կանգնեցին Հուդայի բանակի առաջ և հնազանդվելով խնդրեցին դաշինք կնքել։ Բացի այդ, խոստացան ոչխարի հոտեր տալ նրանց և շատ ուրիշ բաներում էլ օգտակար լինել նրանց։ 12 Հուդան մտածեց, որ սրանք կարող են շատ պետք գալ իրենց, ուստի համաձայնվեց, ներեց ու նրանց հետ խաղաղություն հաստատեց։ Երբ դաշինքը կնքեցին, յուրաքանչյուրն իր բանակը գնաց։
13 Հրեաները հարձակվեցին նաև մի քաղաքի վրա, որն ամրացված էր պարիսպներով ու բնակեցված խառնիճաղանջ ազգերով։ Այդ քաղաքի անունը Կասպիս էր։ 14 Նրանք շրջապատեցին այն ու պաշարեցին։ Բերդի ներսում գտնվողները, իրենց հույսը դնելով պարիսպների ամրության և իրենց ամբարների առատության վրա, գոռոզությամբ ու արհամահանքով էին նայում Հուդայի ու նրա զորքի վրա, նախատալից ու կծու խոսքերով հայհոյում էին նրանց ու անպատշաճ բաներ ասում։ 15 Իսկ նրանք հայցեցին երկնքի ու երկրի ամենազոր, մեծ ու հզոր Տիրոջ օգնությունը, որ Նավեի որդի Հեսուի օրոք առանց մարտական մեքենաների կործանել էր Երիքովը, խմբեր կազմեցին, և բոլորը միասին կատաղորեն հարձակվեցին պարիսպների վրա։ 16 Գրոհեցին ու Աստծու կամքով գրավեցին պարսպապատ քաղաքը և այնքան շատ զինվորներ կոտորեցին, որ քաղաքի մոտ գտնվող երկու ասպարեզ երկարությամբ ծովակն արյամբ ներկվեց։
Քարակի ճակատամարտը
17 Այնտեղից գնացին մոտ յոթ հարյուր հիսուն ասպարեզ և հասան Տուբեական հրեաների Քարակ բնակավայրը։ 18 Այդտեղ գտան անհաջողություն կրած, ուժասպառ եղած Տիմոթեոսին, որը, սակայն, պահապան զորքեր էր թողել խիստ ամրացված մի վայրում։ 19 Մակաբայեցիների զորքից հզոր զորավարներ Դոսիթեոսն ու Սոսիպատրոսը դուրս էին եկել բանակից ու շրջում էին իրենց գնդով։ Երբ եկան ու հանդիպեցին այդ բերդին, հարձակվեցին ու այդտեղ սպանեցին ավելի քան տասը հազար մարդ, 20 իսկ Մակաբեն իր զորքը գնդերի բաժանեց և իր գնդով հարձակվեց Տիմոթեոսի վրա, որն ուներ հարյուր քսան հազար վահանակիր զինվորներ և մոտ երկու հազար հինգ հարյուր հեծյալ։ 21 Երբ Տիմոթեոսն իմացավ, որ մակաբայեցիներն արշավում են իր վրա, անմիջապես իր ունեցվածքը, գանձը, զինվորների կանանց ու երեխաներին իր մոտից ուղարկեց Կառնաիմ բերդը։ Այդ բերդն անհնար էր պաշարել այդ վայրերի անմատչելի նեղության պատճառով։ 22 Երբ Հուդայի գունդը երևաց, թշնամու զորքն սկսեց խուճապի մատնվել, որովհետև Ամենակալի վախն ընկել էր նրանց սրտերը։ Լեղապատառ այս ու այն կողմ ընկան, սկսեցին միմյանց խոցոտել և բոլոր ուղղություններով փախուստի դիմեցին։ Շատ էին նաև այնպիսիք, որոնք, վախից հիմարացած, վիրավորվում էին իրենց իսկ զենքերից։ 23 Հուդայի գունդը փախուստի դիմածներին խստագույնս հալածեց, անխնա հարվածեց ու կոտորեց։ Այդտեղ թշնամու զինվորներից դիաթավալ ընկավ մոտ երեսուն հազար զինվոր։ 24 Դոսիթեոսի ու Սոսիպատրոսի գնդերը գերի վերցրին Տիմոթեոսին։ Նրանց ձեռքն ընկնելով և ամեն հնարքի դիմելով՝ աղաչում էր նրանց, որ կենդանի թողնեն իրեն։ Նա ասում էր. «Ձեզանից շատերի ծնողներն ու եղբայրները ինձ մոտ գերի են։ Նրանց բոլորին իմ գլխի դիմաց ազատ կարձակեմ և ձեզ կհանձնեմ»։ 25 Իր փոխարեն շատերին ազատ արձակելու այսպիսի խոստում ստանալով՝ ազատ արձակեցին նրան իրենց եղբայրների փրկության համար։ 26 Երբ Տիմոթեոսը բերդ հասավ, որ Կառնաիմի կենտրոնում էր, բերեց, կոտորեց նրանց, որոնց խոստացել էր ազատ արձակել։ Դրանց թիվն ավելի քան քսան հազար մարդ էր։
Հուդա Մակաբեի հաղթական վերադարձը Երուսաղեմ
27 Նրանք այնուհետև արշավեցին Եփրոն կոչվող ամուր քաղաքը, որտեղ բնակվում էր Լյուսիասն ինքը։ Բազմաթիվ զինվորներ, նետաձիգ մեքենաներով ու զենքերով զինված, ներսից հեշտությամբ պաշտպանում էին պարիսպները և կռվում դրսի մարդկանց դեմ։ 28 Մակաբայեցիներն օգնության կանչեցին հզոր Ամենակալին, որը կարող էր խորտակել պատերազմողների զորությունը, և անմիջապես գրավեցին քաղաքը՝ բերդով հանդերձ։ Այնտեղ՝ ներսում, զարկեցին և սպանեցին մոտ քսանհինգ հազար մարդ։ 29 Այնտեղից ասպատակեցին Սկյութոպոլիս, որը Երուսաղեմից հեռու էր մոտ վեց հարյուր ասպարեզ։ Նրանք իրենց երախտապարտ էին համարում հրեա ազգի նկատմամբ։ 30 Քաղաքում բնակվող հրեաներն իրենք էլ վկայեցին, որ երբ իրենք նեղության մեջ են եղել, այդ քաղաքացիները օգնել են իրենց։ 31 Երբ նրանց հաջողվեց մակաբայեցիների գնդի հետ խաղաղություն հաստատել, գնդի առաջ բարձրաձայն խոստացան այսուհետ առավել բարյացակամ լինել նրանց ազգի նկատմամբ։ Սրանք նրանց մոտից շտապեցին Երուսաղեմ քաղաքը, որովհետև մոտենում էր Յոթերորդ շաբաթի տոնը։
Արշավանք Գորգիասի դեմ
32 Երբ Պենտեկոստեի տոնն ավարտվեց, նրանք հարձակվեցին Գորգիասի վրա, որը եդովմացիների կողմի կուսակալն էր։ 33 Նա նրանց դեմ ելավ երեսուն հազար վահանակիր զինվորներով ու չորս հազար հեծելազորով։ 34 Երբ նրանք այստեղ-այնտեղ միմյանց դեմ ճակատեցին, եբրայեցիներից մի քանիսն ընկան։ 35 Բեկենացիների գնդից Դոսիթեոս անունով մեկը, որ հզոր ու հմուտ պատերազմող էր, հարձակվեց Գորգիասի վրա։ Այն պահին, երբ ուզում էր անօրենին ձերբակալելով մակաբայեցիների գնդի առաջ զոհ մատուցել, Թրակիայի գնդից սպառազեն մի մարդ հասավ, հարվածեց նրա ուսին, տապալեց նրան ու Գորգիասին ազատեց նրա ձեռքից։ Գորգիասը, մազապուրծ ճողոպրելով, փախավ Մարեսա ամրոցը։ 36 Քանի որ Եզդրն ու նրա մարդիկ երկար ժամանակ ճակատամարտում էին, և շատ կոտորած էր եղել, մակաբայեցիների գունդն Ամենակալ Աստծուն օգնության կանչեց, որպեսզի հայտնվի ու պատերազմում առաջնորդի իրենց։ 37 Իրենց հայրերի լեզվով մարտական աղաղակ բարձրացրին, հարձակվեցին և նույն պահին էլ Գորգիասին իր զորքով հանդերձ փախուստի մատնեցին։
38 Հուդան վերցրեց զորքն ու տարավ Օդոլամ կոչվող քաղաքը և քանի որ շաբաթը մոտենում էր, իրենց օրենքի համաձայն լվացվելով ու մաքրվելով՝ պահեցին շաբաթ օրը։ 39 Հաջորդ օրը եկան Հուդայի երկրի կողմերը, որպեսզի հավաքեն պատերազմում ընկածների մարմիններն ու թաղեն իրենց տոհմակից եղբայրների հետ, յուրաքանչյուրին իր հայրերի գերեզմանոցում։ 40 Երբ հասան ճակատամարտի տեղը, գտան իրենց ազգակիցների դիակները, որոնց հագուստների տակ հուռութքի ուլունքներ և ամեն տեսակ կուռքերի բժժանքներ կային, մի բան, որ հատկապես մերժելի էր օրենքով, և եբրայեցիներն այդպիսի բանից խիստ հեռու էին փախչում։ Գտնելով դրանք՝ հրեաները հասկացան, որ նրանց կոտորածը եղել է այդ պատճառով։ 41 Դրանից հետո բոլորը միասին օրհնեցին արդար դատավորին՝ Տիրոջը, որ բացահայտում է գաղտնիքները։ 42 Ապա ծնկի իջած աղաչեցին, որ կատարված այդ մեղքը բարեսրտորեն ների։ Իսկ քաջ Հուդան սփոփեց զինվորներին և խնդրեց, որ զգույշ լինեն նման մեղքեր գործելուց։ «Ձեր աչքերով տեսաք,- ասում էր,- որ այս պատուհասը տեղի ունեցավ նրանց կատարած մեղքերի պատճառով»։ 43 Նա անձ առ անձ չորս սատեր արծաթ հավաքեց և տվեց, որ տանեն, Երուսաղեմում զոհեր մատուցեն մեղքերի համար։ Դա խիստ իմաստուն քայլ էր, որովհետև ինչ անում էր, մեռելների հարության մասին խորհելով էր անում։ 44 Որովհետև եթե պատերազմում ընկածների հարության ակնկալություն չունենար, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը։ 45 Նա ճիշտ էր հասկացել, որ բարեպաշտությամբ ննջածները գեղեցիկ շնորհների են արժանանում։ Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան։