Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Բայց քանի որ նրանք վրիպեցին Աստծու ճանաչողությունից և նրա օրհնությո…

1 Բայց քանի որ նրանք վրիպեցին Աստծու ճանաչողությունից և նրա օրհնությունից, այդ պատճառով էլ, ըստ նրանց նմանության, արժանապես պատժվեցին՝ խոշտանգվելով ճիճուների բազմությունից։ 2 Այդ տանջանքների փոխարեն դյուրացրիր քո ժողովրդի վիճակը, նրա սաստիկ ցանկության համաձայն՝ լորամարգուց նուրբ կերակուր պատրաստեցիր նրա համար։ 3 Իսկ եգիպտացիները, որ կերակուր էին ցանկանում, իրենց վրա ուղարկված զզվելի կենդանիների պատճառով հրաժարվեցին անգամ անհրաժեշտ կերակուրն ուտելու ցանկությունից, մինչդեռ քո ժողովուրդը, սակավ ինչ կարիքի մեջ մնալով, վայելում էր նոր տեսակի կերակուրներ, 4 քանի որ թշնամիներդ իրենց գործած բռնության համար պետք է անհրաժեշտ կարիքի մեջ ընկնեին, մինչդեռ քո ժողովրդին հարկավոր էր ցույց տալ, թե ինչպես տանջվեցին իր թշնամիները։

Եգիպտոսը և Իսրայելը. մորեխներ և օձեր

5 Բայց այն ժամանակ, երբ գազանների սոսկալի բարկությունը հասավ նաև քո ժողովրդի վրա, մարդիկ սկսեցին մեռնել գալարապտույտ օձերի հարվածներից։ Քո բարկությունը չտևեց այնքան, որ նրանք իսպառ ոչնչանան, 6 այլ որ մի կարճ ժամանակ խռովվեն, որպեսզի խրատվեն և փրկության նշան ունենան՝ հիշելով քո Օրենքի պատվիրանները։ 7 Եվ ով շրջվում էր նայելու, փրկվում էր ոչ թե իր տեսածի, այլ քո՛ շնորհիվ, որ փրկիչն ես բոլորի։ 8 Դրանով համոզում էիր մեր թշնամիներին, թե դու ես, որ փրկում ես ամեն չարիքից, 9 որովհետև ոմանց մորեխի և մկների պատուհասները կոտորեցին, և նրանց համար բուժում չգտնվեց, քանի որ արժանի էին այդ պատուհասներից տանջվելու։ 10 Իսկ քո որդիներին թունավոր օձերի ժանիքները չհաղթեցին, որովհետև քո ողորմությունը պատնեշեց որդիներիդ և փրկեց նրանց։ 11 Քո խոսքերը հիշելով՝ նրանք վերստին պատվաստվում և փրկվում էին շուտափույթ, որպեսզի խոր մոռացման մեջ չընկնեն և անպատասխան չմնան քո բարերարությունից։ 12 Քանի որ նրանց ո՛չ դեղաբույսերը բժշկեցին և ո՛չ էլ սպեղանիները, այլ քո խոսքն է, Տե՛ր, որ բուժում է ամեն ինչ։ 13 Քանզի դու ունես կյանքի և մահվան իշխանություն, դու ես դժոխք իջեցնում և հանում։ 14 Սակայն մարդն իր չարությունից է սպանություն գործում, և մարմնից դուրս ելած հոգին կրկին հետ չի գալիս, 15 քանզի անհնարին է փախչել քո ձեռքից։

Կարկուտ և մանանա

16 Ամբարիշտներն ուրացան քեզ ճանաչել, ուստի տանջվեցին քո բազկի զորությամբ։ Կարկուտով, անձրևներով և անդիմադրելի փոթորիկներով հալածվեցին ու ոչնչացան հրով։ 17 Բայց նորահայտ հրաշքն այն էր, որ ամեն ինչ հանգցնող ջրի մեջ կրակն ավելի ուժեղ էր գործում, քանի որ աշխարհը մարտնչում է արդարների համար։ 18 Քանզի այդժամ բոցը երբեմն մեղմանում էր, որպեսզի ամբարիշտների վրա արձակված գազաններին չայրի, այլ նրանք տեսնեին, որ խուճապի են մատնվել Աստծու դատաստանից։ 19 Երբեմն էլ ջրի մեջ ավելի ուժեղ էր բորբոքվում կրակի զորությունը, որպեսզի ոչնչացներ մեղանչական երկրի արդյունքները։ 20 Դրա փոխարեն դու քո ժողովրդին սնեցիր հրեշտակների կերակուրով և նրանց համար, առանց իրենց ջանքերի, երկնքից պատրաստի հաց տվեցիր, որ բավարարեր բոլորի պահանջն ու հաճելի լիներ յուրաքանչյուրի ճաշակին։ 21 Քո ներկայությունը ցույց տվեց քո որդիների նկատմամբ քո քաղցրությունը, և այդ կերակուրը բավարարեց բոլոր ճաշակողների պահանջը։ 22 Ձյունը և սառույցը կրակի դեմ մնում և չէին հալվում, որպեսզի իմանայինք, թե այն կրակը, որ այրվում էր կարկուտի մեջ և փայլատակում անձրևի ջրերում, ոչնչացնում էր թշնամիների պտուղը։ 23 Եվ ընդհակառակը, որպեսզի արդարները կերակրվեին, կրակը կորցնում էր իր զորությունը։
24 Քո արարչագործությունը ծառայում է քեզ, ո՜վ Արարիչ։ Երբեմն ցույց է տալիս իր հզորությունը անիրավներին պատժելիս, երբեմն էլ՝ օրհնելու քեզ վրա հույս դնողներին։ 25 Դրա համար էլ կրակն այն ժամանակ, ամեն ինչով փոխված, դառնում էր քո ամենափրկիչ պարգևի սպասավորը՝ քո կարոտյալների ցանկության համաձայն։ 26 Որպեսզի քո որդիները, որոնց դու սիրեցիր, Տե՛ր, սովորեն, որ ոչ թե արմտիքների արդյունքներն են մարդուն կերակրում, այլ քո խոսքն է քեզ հավատացողներին պահում։ 27 Այն, ինչը չէր քայքայվում կրակից, հանկարծակի հալվում էր՝ արևի թույլ ճառագայթներից ջերմանալով։ 28 Որպեսզի հայտնի դառնա, թե պետք է արեգակի ծագելուց առաջ ելնել՝ քեզ գոհություն տալու, և աղոթքի կանգնել լույսը բացվելուց առաջ, 29 քանզի անշնորհապարտ մարդու հույսը պիտի հալվի ձմռան սառույցի պես և հոսի իբրև անպիտան ջուր։