Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չարը1 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու վերաբ…

Չարը

1 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու վերաբերյալ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, 2 որ ձեր միտքն արագորեն չպղտորեք և չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ նամակներով՝ որպես մեր կողմից ուղարկված, իբր Տիրոջ օրը եկել-հասել է։

3 Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով, որովհետև Տիրոջ օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին, 4 հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։

5 Չե՞ք հիշում, որ երբ ձեզ մոտ էի, ասում էի այս բաները։ 6 Եվ այժմ դուք ինքներդ գիտեք, թե ինչն է նրան զսպում, որ հայտնվի իր ժամանակին։ 7 Անօրենության խորհրդավոր ուժն արդեն գործում է, բայց չպիտի հայտնվի, մինչև մեջտեղից չվերցվի նա, ով այժմ նրան զսպում է։ 8 Ապա կհայտնվի Անօրենը, որին Տեր Հիսուսը կսպանի իր բերանի շնչով և կոչնչացնի իր հայտնությամբ, իր գալստյան ժամանակ։ 9 Անօրենի գալուստը տեղի է ունենալու սատանայի ներգործությամբ, ամեն տեսակ կարողությամբ, նշաններով, կեղծ հրաշքներով 10 և ամեն տեսակ անիրավ խաբեությամբ նրանց համար, ովքեր կորստյան ճամփի վրա են, քանի որ չընդունեցին և չսիրեցին ճշմարտությունը, որպեսզի փրկվեն։ 11 Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին, 12 որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը և հաճույք փնտրեցին անօրենության մեջ։

Աստված ընտրեց, որ փրկվենք

13 Իսկ մենք պարտք ենք համարում շարունակ գոհություն հայտնել Աստծուն ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված սկզբից ընտրեց մեզ, որպեսզի փրկվենք Հոգու սրբացումով և ճշմարտության հանդեպ ունեցած հավատով, 14 որին նաև ձեզ կանչեց մեր քարոզած Ավետարանի միջոցով, որպեսզի ձեռք բերեք Տեր Հիսուս Քրիստոսի փառքը։

15 Հետևաբար, եղբայրնե՛ր, հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք ավանդությունները, որ սովորեցիք թե՛ մեր խոսքով և թե՛ մեր նամակով։ 16 Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ մեզ սիրեց և հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց իր շնորհով, 17 թող ձեր սրտերը մխիթարի և զորացնի ամեն բարի գործի և ամեն բարի խոսքի մեջ։