Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մարգարեություն Իսրայելի հովիվների դեմԻսրայելի հովիվներին1 Տիրոջ խոսքն…
Մարգարեություն Իսրայելի հովիվների դեմ
Իսրայելի հովիվներին
1 Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։ 3 Ահա կաթը խմում եք, բուրդը հագնում, պարարտներին մորթում, բայց իմ հոտերը չեք արածեցնում. 4 տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք խնամել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին հետ չեք դարձրել, կորածին չեք փնտրել, դիմացկունին տանջել եք։ 5 Իմ հոտերը ցրիվ են եկել, քանի որ հովիվներ չունեին, և անապատի գազաններին կեր են դարձել։ 6 Իմ հոտերը ցրիվ են եկել ու մոլորվել բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրիվ են եկել իմ հոտերը։ Եվ ոչ ոք չկար, որ փնտրեր, և ոչ էլ հետ դարձներ”։ 7 Ուստի, հովիվնե՛ր, լսե՛ք Տիրոջ պատգամները. 8 “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը՝ Աստված.- քանի որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվներն իմ հոտերը չփնտրեցին, հովիվներն իրենք իրենց մասին հոգ տարան և իմ հոտերը չարածեցրին”,- 9 դրա համար էլ լսե՛ք, հովիվնե՛ր, Տիրոջ պատգամները։ 10 Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահավասիկ ես այդ հովիվների դեմ եմ և հոտերս նրանց ձեռքից պահանջելու եմ, նրանց արգելելու եմ արածեցնել հոտերս, և այլևս նրանց չեն արածեցնելու։ Փրկելու եմ հոտերս նրանց ձեռքից. այլևս նրանք համար կերակուր չեն լինելու”։
Տերը փնտրում է իր հոտերը
11 Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես ինքս եմ փնտրելու հոտերս, խնամելու եմ նրանց։ 12 Ինչպես որ հովիվն է իր հոտը փնտրում այն օրը, երբ մեգ ու մառախուղ է լինում իր ցրված հոտերի վրա, այնպես էլ ես եմ փնտրելու հոտերս, հավաքելու եմ նրանց այն բոլոր տեղերից, ուր ցրվել են մեգ ու մառախուղի օրը։ 13 Նրանց դուրս եմ բերելու ազգերից և նրանց հավաքելու եմ երկրներից, նրանց տանելու եմ իրենց երկիրը և 14 նրանց արածեցնելու եմ Իսրայելի լեռների վրա, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում։ Փարթամ արոտավայրերում եմ արածեցնելու նրանց՝ Իսրայելի բարձր լեռների վրա։ Այնտեղ են լինելու նրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու և այնտեղ են հանգստանալու բարության ու գուրգուրանքի մեջ։ Պարարտ արոտավայրերում են արածելու նրանք՝ Իսրայելի լեռների վրա։ 15 Ես եմ արածեցնելու հոտերս, ես եմ հանգիստ տալու նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”։ Տերը՝ Աստված, այսպես է ասում. 16 “Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու. գերին ու հզորին՝ պահելու։ Բոլորին արածեցնելու եմ արդարությամբ”։
Տերը պիտի դատի իր ոչխարներին
17 “Դուք էլ, իմ հոտե՛ր,- այսպես է ասում ձեզ Տերը՝ Աստված.- ահա ես դատելու եմ ձեզ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ։ 18 Մի՞թե ձեզ բավարար չէին այն գեղեցիկ արոտավայրերը, որ առաջ արածում էիք, այլև այն, ինչ մնում էր, ոտնակոխ էիք անում, զուլալ ջուրը խմում էիք, իսկ այն, ինչ մնում էր, ոտքի տակ պղտորում։ 19 Իմ հոտերն էլ ձեր ոտնակոխ արածն էին արածում, ձեր կճղակներից պղտորված ջրերը խմում։ 20 Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես դատ եմ անելու ուժեղ ու տկար ոչխարների միջև նրա համար, 21 որ ձեր կողերով և ուսերով հրում էիք, ձեր եղջյուրներով հարվածում ու չարչարում բոլոր տկարներին, քշում էիք նրանց, մինչև որ հոտերս ցիրուցան եղան։ 22 Սակայն փրկելու եմ հոտերս, և այլևս հափշտակության չեն մատնվի։ Դատելու եմ խոյ առ խոյ 23 ու նրանց վրա մի հովիվ եմ կարգելու՝ իմ ծառա Դավթին, և նա հովվելու է նրանց։ Նա է նրանց համար հովիվ լինելու, 24 իսկ ես՝ Տերս, նրանց Աստվածն եմ լինելու, իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ։ Ես՝ Տերս, խոսեցի։ 25 Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։ 26 Իմ լեռան շուրջը նրանց օրհնություն եմ տալու, ձեզ էլ անձրև եմ տալու. և անձրևներն օրհնաբեր են լինելու։ 27 Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զորությունը։ Իրենց երկրում նրանք խաղաղ ու ապահով են բնակվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը, երբ փշրեմ նրանց վզի լուծը։ Նրանց փրկելու եմ իրենց ծառայեցնողների ձեռքից, 28 ու այլևս նրանք ավար չեն դառնալու ազգերի մեջ, այլևս երկրի գազանները նրանց չեն ուտելու։ Ապրելու են ապահով։ Ոչ ոք չի լինելու, որ նրանց սարսափեցնի։ 29 Նրանց համար խաղաղության տունկ եմ աճեցնելու, ու երկրի վրա նրանք այլևս սովից չեն հյուծվելու և ոչ էլ նախատինք են կրելու ազգերի կողմից։ 30 Ու կիմանան, որ ես՝ նրանց Տերը՝ Աստվածս, իրենց հետ եմ, նրանք էլ՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն է,- ասում է Տերը՝ Աստված։- 31 Դուք էլ, իմ հոտե՛ր, իմ արոտի՛ ոչխարներ, մարդիկ եք, ես էլ՝ ձեր Տերը՝ Աստված”»,- ասում է Տերը՝ Աստված։