Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մշակների առակը1 «Արդարև, երկնքի արքայությունը նման է մի հարուստ մարդո…

Մշակների առակը

1 «Արդարև, երկնքի արքայությունը նման է մի հարուստ մարդու, որ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։ 2 Մշակների հետ օրավարձը մեկ դահեկան սակարկելուց հետո նրանց իր այգին ուղարկեց։ 3 Երրորդ ժամին դուրս ելնելով՝ տեսավ ուրիշների, որոնք անգործ կանգնել էին հրապարակում։ 4 Նրանց էլ ասաց. “Դո՛ւք էլ գնացեք իմ այգին, և ինչ որ հարմար է, կվճարեմ ձեզ”։ 5 Նրանք ևս գնացին։ Ապա վեցերորդ ու իններորդ ժամերին դարձյալ դուրս եկավ և նույն բանն արեց։ 6 Տասնմեկերորդ ժամին դուրս գալով՝ գտավ ուրիշների, որոնք անգործ կանգնած էին։ Նրանց ասաց. “Ինչո՞ւ եք օրը ցերեկով անգործ կանգնել այստեղ”։ 7 Նրան ասացին. “Որովհետև մեզ ոչ ոք չվարձեց”։ Նրանց ասաց. “Դո՛ւք էլ գնացեք այգին, և ինչ որ հարմար է, կստանաք”։ 8 Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. “Կանչի՛ր մշակներին և տո՛ւր նրանց օրավարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները”։ 9 Նրանք, որ տասնմեկերորդ ժամին էին վարձված, մեկական դահեկան ստացան։ 10 Եկան նաև առաջին ժամի վարձվածները, որոնք կարծում էին, թե ավելին կստանան, բայց նրանք էլ մեկական դահեկան ստացան։ 11 Երբ օրավարձն ստացան, սկսեցին տրտնջալ տանտիրոջ դեմ 12 և ասել. “Վերջին ժամերի եկածները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու տոթը տարանք”։ 13 Նա պատասխանեց նրանցից մեկին և ասաց. “Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. մի՞թե ինձ հետ մեկ դահեկանի չսակարկեցիր. 14 վերցրո՛ւ քոնը և գնա՛. այս վերջիններին ուզում եմ տալ այնքան, որքան քեզ։ 15 Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։ 16 Այսպես էլ վերջիններն առաջին կլինեն, և առաջինները՝ վերջին, որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ»։

Հիսուսը կրկին խոսում է իր մահվան և հարության մասին

(Մրկ. 10.32-34, Ղուկ. 18.31-34)

17 Երբ Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում, տասներկուսին առանձնացրեց և ճանապարհին ասաց նրանց. 18 «Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին։ Նրան մահվան են դատապարտելու 19 և հեթանոսներին հանձնելու, որ ծաղրվի, ծեծվի, խաչ հանվի և երրորդ օրը հարություն առնի»։

Զեբեդեոսի որդիների մոր խնդրանքը

(Մրկ. 10.35-45)

20 Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ. երկրպագում և նրանից բան էր խնդրում։ 21 Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Խոստացի՛ր, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն, մեկը՝ քո աջ կողմում, մյուսը՝ ձախ կողմում»։ 22 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին՝ կարող ենք։ 23 Հիսուսը նրանց ասաց. «Իմ բաժակը խմելու եք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնել ես չեմ տալու, այլ դա նրանց համար է, որոնց տրված է իմ Հորից»։

24 Երբ մյուս տասը աշակերտները լսեցին, բարկացան երկու եղբայրների վրա։ 25 Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ ազգերի իշխանավորները տիրում են նրանց, և մեծամեծները իշխում են նրանց վրա։ 26 Սակայն ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի, 27 և ձեզնից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, 28 ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։

Երիքովի երկու կույրերի բժշկումը

(Մրկ. 10.46-52, Ղուկ. 18.35-43)

29 Մինչ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Հիսուսի հետևից մի մեծ բազմություն գնաց։ 30 Ահա երկու կույրեր նստած էին ճանապարհի եզրին։ Երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, աղաղակեցին և ասացին. «Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի»։ 31 Ժողովուրդն սկսեց սաստել նրանց, որ լռեն։ Իսկ նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։ 32 Հիսուսը կանգ առավ, կանչեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ 33 Նրան ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»։ 34 Հիսուսը գթաց և դիպավ նրանց աչքերին։ Նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, և գնացին նրա հետևից։