Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երկնային նշանի հայցում Հիսուսից(Մրկ. 8.10-13)1 Փարիսեցիներն ու սադուկ…

Երկնային նշանի հայցում Հիսուսից

(Մրկ. 8.10-13)

1 Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին և փորձելու նպատակով խնդրում էին, որ երկնային մի նշան ցույց տա իրենց։ 2 Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Արևամուտին, չարախոսնե՛ր, երբ տեսնեք, որ հորիզոնը կարմրել է, կասեք. “Վաղը եղանակը լավ պիտի լինի”։ 3 Իսկ առավոտյան, երբ երկինքը կարմրի և մթագնի, կասեք. “Այսօր փոթորիկ պիտի լինի”։ Երբ երկնքին նայելով կարող եք կանխատեսել գալիք եղանակը, ապա չե՞ք կարող ներկա ժամանակների նշանները տեսնելով՝ հասկանալ նրանց իմաստը։ 4 Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի Հովնան մարգարեի նշանից բացի»։ Ապա նրանց թողեց և հեռացավ։

Փարիսեցիների և սադուկեցիների խմորը

(Մրկ. 8.14-21)

5 Աշակերտներն էլ լճի մյուս կողմը գնացին և մոռացան հաց վերցնել։ 6 Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք սադուկեցիների ու փարիսեցիների խմորից»։ 7 Նրանք խորհում էին իրենց մեջ և ասում. «Հաց չվերցրինք»։ 8 Հիսուսն իմացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մտքում խորհում, թե հաց չունեք։ 9 Դեռևս չե՞ք հասկանում և չե՞ք հիշում, որ հինգ նկանակը հինգ հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։ 10 Եվ ոչ էլ յոթ նկանակը, որ չորս հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։ 11 Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։ 12 Այդժամ հասկացան, որ ասել էր զգուշանալ ոչ թե հացի խմորից, այլ փարիսեցիների ու սադուկեցիների աղանդից։

Ո՞վ է Հիսուսը

(Մրկ. 8.27-30, Ղուկ. 9.18-21)

13 Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը ելավ, հարցրեց աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին, ո՞վ է Մարդու Որդին»։ 14 Նրանք ասացին. «Մեկն ասում է՝ Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ Եղիան, ոմանք էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ 15 Հիսուսը նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին, ո՞վ եմ»։ 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան և ասաց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին»։ 17 Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ 18 Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։ 19 Քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները. ինչ որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում»։ 20 Այդժամ խստիվ պատվիրեց աշակերտներին, որպեսզի ոչ ոքի չասեն, որ ինքն է Քրիստոսը։

Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին

(Մրկ. 8.31-33, Ղուկ. 9.22-27)

21 Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։ 22 Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել նրա հետ և ասել. «Քա՛վ լիցի քեզ, Տե՛ր, այդպիսի բան քեզ չի պատահի»։ 23 Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, գայթակղություն ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»։

Հիսուսին հետևելու պայմաններ

(Մրկ. 8.34-38, Ղուկ. 9.23-27)

24 Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, 25 որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, այն կկորցնի, իսկ ով կորցնի իր կյանքը ինձ համար, այն կգտնի։ 26 Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։ 27 Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։ 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած իր արքայությամբ»։