Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Եվ խաղաղության խոսքով պատգամախոս ուղարկեցին նրա մոտ և ասացին. 2 «Ահ…
1 Եվ խաղաղության խոսքով պատգամախոս ուղարկեցին նրա մոտ և ասացին. 2 «Ահա մենք Նաբուքոդոնոսորի ծառաներն ենք և կանգնած ենք քո առաջ, վարվի՛ր մեզ հետ, ինչպես որ հաճո է քեզ։ 3 Ահա մեր տները, ցորենի ողջ դաշտերը, հոտերը, անդաստանները և մեր խաշների բոլոր գոմերը քո առջև են, վարվի՛ր, ինչպես որ հաճո է քեզ։ 4 Ահա մեր քաղաքները և նրանց բնակիչները. քո ծառաներն ենք, արի՛, մտի՛ր սրանց մեջ, ինչպես որ հաճո է քեզ»։
5 Եվ պատգամաբեր այրերը եկան Հողոփեռնեսի մոտ, որ ասեն նրան այս ամենը։ 6 Եվ նա իր զորքով իջավ ծովեզերք և պահապաններ կարգեց պարսպապատ քաղաքների վրա։ Եվ այդ քաղաքներից իրեն պատերազմակիցներ առավ, 7 և ընդառաջ ելան այն քաղաքները երգերով ու պսակներով, ծնծղաներով ու թմբուկներով։ 8 Եվ ամայացրեց նրանց շրջապատը, կտրեց պաշտամունքի անտառները։ Եվ քանի որ հրամայված էր իրեն, ոչնչացրեց տեղական աստվածներին, որպեսզի բոլոր ազգերն ու ցեղերն իբրև աստված միայն Նաբուքոդոնոսորին պաշտեն։ 9 Եվ նա եկավ դեմ հանդիման Եսդրելովմին, որը Դովտեայի մոտ է՝ Հուդայի երկրի մեծ սարի դիմաց։ 10 Եվ նա բանակ դրեց Գայեի ու Բիշանուի միջև, մնաց այնտեղ մի ամիս՝ իր զորքի համար ռոճիկ և դարման ամբարելու։