Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Եվ Հուդիթն ասաց. «Լսե՛ք ինձ, եղբայրնե՛ր, վերցրե՛ք այս գլուխը և կախե…
1 Եվ Հուդիթն ասաց. «Լսե՛ք ինձ, եղբայրնե՛ր, վերցրե՛ք այս գլուխը և կախե՛ք քաղաքի պարիսպների մահարձանից։ 2 Եվ երբ առավոտ բացվի, ու արեգակը ծագի երկրի վրա, զինվե՛ք բոլորդ, ընտրե՛ք առաջնորդներ, քաղաքից դո՛ւրս եկեք և իջե՛ք դաշտը՝ մինչև Ասուրի որդիների նախապահակախումբը. և այլևս չիջնեք։ 3 Եվ նրանք, վերցնելով իրենց զենքերը, կգնան իրենց բանակը, կարթնացնեն Ասուրի զորագլուխներին, որոնք հավաքվելով կդիմեն դեպի Հողոփեռնեսի վրանը, և նրան չգտնելով՝ նրանց վրա ահ կընկնի, և նրանք փախուստի կդիմեն ձեզնից։ 4 Եվ դուք ու Իսրայելի բոլոր բնակիչները կհետապնդեք նրանց և դուրս կհանեք Իսրայելի սահմաններից։ 5 Սակայն մինչև այդ անելը ինձ մո՛տ բերեք Աքիովր Ամովնացուն, որ տեսնի և ճանաչի Հողոփեռնեսի գլուխը, ով ոտնահարեց Իսրայելի տունը և ով իրեն շղթայակապ ուղարկեց մեզ մոտ՝ մեզ հետ մահանալու»։
6 Եվ Ոզիայի տնից կանչեցին Աքիովրին։ Երբ եկավ ու տեսավ Հողոփեռնեսի գլուխը հավաքվածներից մեկի ձեռքերում, երեսնիվայր ընկավ ու ուշագնաց եղավ։ 7 Եվ երբ ուշքի եկավ, ընկնելով Հուդիթի ոտքերը՝ երկրպագեց նրան և ասաց. «Օրհնյալ ես դու Իսրայելի բոլոր բնակավայրերում և բոլոր ազգերի մեջ։ Եվ որտեղ լսվի քո անունը, զարմանքի պիտի արժանանա։ 8 Արդ, պատմի՛ր դու ինձ, թե ինչպե՛ս այսօր արեցիր այս»։
Հուդիթը ողջ ժողովրդի ներկայությամբ պատմեց նրան այն ամենը, ինչ արել էր իր ելնելու օրից մինչև այն ժամանակը։ 9 Եվ երբ Հուդիթը դադարեց խոսելուց, ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց՝ փառավորելով Աստծուն իրենց քաղաքում։
10 Երբ Աքիովրը տեսավ այն ամենը, ինչ արեց Իսրայելի Աստված, հավատաց Աստծուն իր ողջ սրտով, թլփատեց իր անթլփատ մարմինը և միացավ Իսրայելի տանը մինչև այսօր։ 11 Եվ երբ առավոտը ծագեց, Հողոփեռնեսի գլուխը կախեցին պարսպից, բոլոր այրերը զինվեցին ու դուրս ելան դեպի լեռան արահետները։ 12 Եվ Ասուրի որդիները, նրանց տեսնելով, ազդարարեցին իրենց առաջնորդներին։ Նրանք եկան իրենց զորագլուխների, իշխանների ու հազարապետների մոտ։ 13 Սրանք էլ դիմեցին դեպի Հողոփեռնեսի վրանը և ասացին նրա սենեկապետին. «Մտի՛ր, արթնացրո՛ւ մեր տիրոջը, քանի որ ծառաները համարձակվեցին մեր դեմ պատերազմի ելնելու, պիտի նրանց իսպառ ոչնչացնենք»։
14 Բագուն մտավ, բախեց սենյակի դուռը, քանի որ կարծում էր, թե Հուդիթի հետ քնած է։ 15 Երբ ոչ ոք նրան չպատասխանեց, համարձակություն ձեռք բերեց, մտավ սենյակ և տեսավ, որ մերկ ու գլխահատ ընկած է գետնին։ 16 Բագուն բարձրաձայն գոչեց, լաց ու կոծով պատռեց իր պատմուճանը։ 17 Ապա մտավ նա Հուդիթի սենյակը և նրան այնտեղ չգտնելով՝ եկավ զորքի մոտ ու ասաց. 18 «Ծառաներն ապստամբեցին, քանի որ մի եբրայեցի կին նախատինք արեց Նաբուքոդոնոսորի տանը. ահա՛ Հողոփեռնեսն անգլուխ ընկած է գետնին»։
19 Եվ երբ Ասուրի իշխանները լսեցին այս խոսքերը, պատռեցին իրենց պատմուճանները և շատ վախեցած՝ աղաղակում էին բանակում։