Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հրեաներն ու նրանց հարևանները1 Երբ այդ անօրենը տեղյակ դարձավ նրանց մտա…
Հրեաներն ու նրանց հարևանները
1 Երբ այդ անօրենը տեղյակ դարձավ նրանց մտածումներին, այնչափ զայրացավ, որ հրաման տվեց ոչ միայն Ալեքսանդրիայի*, այլև ողջ Եգիպտոսում բնակվող եբրայեցիներին բերել, մի տեղ հավաքել ու տանջալի մահով վերացնել երկրի երեսից։ 2 Երբ տանջանքի այս անօրեն հրամանը հրապարակվեց, նրանց թվաց՝ իրենց համար ավելի ծանր է օրենքները փոխելու տառապանքը, քան դառը մահը։ 3 Եբրայեցիները հավատարմությամբ պահում էին արքունի օրենքը։ 4 Բայց քանի որ Տիրոջը՝ իրենց Աստծուն, հավատարիմ էին մնում և տրված օրենքները հաստատուն պահում, հեռու էին մնում ապստամբների անօրենություններից, որի պատճառով շատերի աչքից ընկնում էին։ 5 Սակայն քանի որ հավատարիմ էին մնում Օրենքի սպասավորությանը, դրա համար էլ բոլոր մարդկանց առաջ փառավորվում էին։ 6 Սակայն այլազգիները հաշվի չէին առնում հրեա ազգի բարի հատկանիշները, 7 այլ նրանց պաշտամունքի և կերակուրների տարբերությունը համարում էին ապստամբություն իրենց դեմ և ասում. «Այս ազգն առհասարակ թագավորին ու արքունի զորքին թշնամի է»։ Եվ այսպիսի զրպարտիչ խոսքերով նրանց մեղադրում էին արքունիքի վնաս ու մեծ պատուհաս լինելու մեջ։
8 Ինչ վերաբերում է քաղաքում ապրող հեթանոսներին, ապա սրանք, տեսնելով մարդկանց հանկարծակի խռովությունն ու այսպիսի հալածանքների հանկարծակի վրա հասնելը, ո՛չ կարողանում էին օգնել նրանց, ո՛չ էլ արքունի հրամանին դեմ կանգնել։ Միայն կարեկցում էին, մխիթարում, քաջալերում ու խնդրում, որ բարկության պահը շուտափույթ անցկացնեն և ասում էին. 9 «Տերը՝ իրենց Աստվածը, չի թողնի, որ այսպիսի մի ազգ իզուր ոչնչացվի»։ 10 Որոշ բարեկամներ, մերձավորներ ու գործընկեր վաճառականներ գաղտնի որոշում առան օգնել նրանց, որքան կարող են։ 11 Սակայն այդ անօրենն այնքան էր հպարտացել իր առժամյա հաջողությամբ, որ բոլորովին անտեսել էր մեծն Աստծու զորությունը։ Կարծելով, թե իր իշխանությունը մշտնջենական է, նա այսպիսի հրովարտակ տարածեց ամբողջ երկրում.
Պտղոմեոսի հրովարտակն անհնազանդ հրեաներին ձերբակալելու մասին
12 «Պտղոմեոս արքան ողջունում է Եգիպտոսի կողմերի ու բոլոր վայրերի սպարապետներին, զորավարներին ու զինվորներին։ 13 Ո՛ղջ եղեք։ Ես ինքս էլ ողջ եմ մեր բոլոր գործերով, զորքով ու տերության օրենքներով։ 14 Դուք ինքներդ լսած կլինեք մեր հեծելազորի անցած ճանապարհի մասին, թե ինչպես աստվածների օգնությամբ իմ զինվորներով ճանապարհ ընկա։ 15 Ո՛չ զորքի ուժով անցա, ո՛չ տեգ ու նիզակով, ո՛չ ամրապինդ աղեղներով, այլ հեզությամբ ու խոնարհությամբ, մարդասիրական նպատակներով, որպեսզի դայակի նման խնամեմ Ստորին Ասորիքի ու Փյունիկեի բոլոր կողմերը։ Բոլորի հետ բարությամբ վերաբերվեցի։ 16 Մեծարելով ու պարգևներ բաշխելով բոլոր քաղաքների տաճարներին՝ եկանք մտանք Երուսաղեմ և ցանկացանք մտնել տաճար՝ սրբավայրն այդ չարագործների, որ երբեք չեն կամենում հրաժարվել իրենց չար խորամանկություններից։ 17 Նրանք խոսքերով առերես ուրախացան, որ եկել ենք իրենց մոտ, բայց գործով խաբեցին մեզ, որպեսզի խանգարեն մեր այնտեղ մտնելը։ Նրանք մեզ ո՛չ տաճարին մոտիկ թողեցին, ո՛չ էլ ընդունեցին իրենց տաճարին մատուցած մեր մեծարժեք ընծաներն ու զոհաբերությունները։ 18 Ապավինելով իրենց ամբարտավան հպարտությանը՝ մի բանի, որ հնուց ի վեր ունեին, արգելեցին մեզ ներս մտնել և հրաժարվեցին մեր այն մարդասիրական բարությունից, որ ունենք բոլոր մարդկանց նկատմամբ։ 19 Նրանք մեր հանդեպ ունեցած իրենց անմիտ թշնամությունը կամեցան բացահայտ կերպով ցույց տալ և բոլոր ազգերի մեջ միայն նրանք ցանկացան վարազի պես գլուխները տնկել, հպարտանալ, ամբարտավանել ու բարձրապարանոց երևալ իրենց թագավորների և երախտավորների առաջ։ 20 Մենք հանդուրժեցինք նրանց անմտությունը և մեծ հաղթանակով վերադարձանք Եգիպտոս։ Այսպիսով, մարդասիրական հեզությամբ ու խնամք տածելով, ինչպես պարտ ու պատշաճ է մեր օրենքներին, շահեցինք բոլոր ցեղերին ու ազգերին։ 21 Առանց ոխ պահելու բազում անգամ նրանց ցուցաբերած հանդգնության ու լրբության համար, հրամայեցինք նրանց ազգակիցներին համարել ալեքսանդրացիներին արժանի համաքաղաքացիներ։ 22 Բայց նրանք ստոր, հետին մտածումներով ու բնածին խորամանկությամբ այդ բարեգործությունից էլ հրաժարվեցին, և քանի որ նրանց միտքը միշտ չարագործությանն է հակված, 23 նրանք ոչ միայն մերժեցին ընկերությունը, մեծարանքն ու պատիվը, այլև խոսքով կամ լռելյայն գարշում, անարգում ու պիղծ են համարում իրենց միջից այն սակավաթիվ մարդկանց, որ համակրում են մեզ։ Մերժում, անարգում, արագորեն թշվառ կյանքի են հասցնում նրանց և հապշտապ ուզում են նրանց գործերը ձախողման հասցնել։ 24 Այս ամենի պատճառով մենք համոզվեցինք, որ նրանք թշնամությամբ են տրամադրված մեր հանդեպ։ Ուստի ենթադրելով, որ այդպիսի խորամանկ մտադրություն ունենալով՝ նրանք գուցե հանկարծ խռովություն բարձրացնեն մեր դեմ, ըստ իրենց անօրեն սովորության՝ թիկունքներն ամրացնեն և ներքուստ մեզ մատնելով՝ մեր արտաքին թշնամիներին միանան, 25 հրամայում ենք, որ ձեզ ուղղված մեր այս հրովարտակն ստանալուց անմիջապես հետո այդ մոլի չարագործներին իրենց կանանց ու երեխաների հետ նախատինքների ու տանջանքների ենթարկելով, ոտք ու ձեռքը և պարանոցները կապած, չորս կողմ կարգված պահապաններով, խիստ պատիժների ենթարկելով՝ մեզ մոտ բերել, 26 որպեսզի նրանք՝ իբրև խորամանկ մարդիկ, իրենց անօրեն չարագործությունների համար իրենց կատարած գործերին արժանի պատիժ ու պատուհաս կրեն, և մենք կարողանանք հեշտ ու խաղաղ մեր գործերը վարել։ 27 Իսկ եթե գտնվեն մարդիկ, որ կթաքցնեն նրանցից որևէ մեկին՝ լինի ալեհեր ծերունի թե ծծկեր երեխա, տղամարդ, կին կամ մանուկ, ապա նրան ու նրա տոհմը չարաչար տանջանքներով մահապատժի կենթարկեք։ 28 Իսկ եթե գտնվեն մարդիկ, որոնք ի հայտ կբերեն այդ թաքնված մարդկանց, ապա հայտնողը թող սեփականացնի թաքնվածի ինչքն ու ունեցվածքը, արքունի գանձարանից թող պարգև ստանա և ազատության պսակով պսակված՝ գա ու մեծարվի հրապարակում։ 29 Բոլոր այն վայրերը, որտեղ փախստականներ կամ թաքնվածներ գտնվեն, թող ավերվեն, հրդեհվեն ու վերածվեն անապատի և ամեն ազգի մարդկանց համար մշտապես համարվեն ոչ պիտանի»։
30 Արքունի հրովարտակն ահա այսպես էր գրված։