Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սա է Աստծու հրամանների գիրքը և օրենքը,որ կա հավիտյան։Բոլոր նրանք, ո…

1 Սա է Աստծու հրամանների գիրքը և օրենքը,
որ կա հավիտյան։
Բոլոր նրանք, որ ընդունում են այն,
ապրում են, իսկ ովքեր թողնում են այն, կմեռնեն։
2 Դարձի՛ր, Հակո՛բ, և բռնի՛ր նրանից
նրա լույսի առաջ ծագման պահին։
3 Քո փառքը ուրիշի մի՛ տուր և օգուտը՝ օտար ազգի։
4 Երանի՜ է մեզ, Իսրայե՛լ,
որովհետև Աստծուն հաճելի բաները ծանոթ են մեզ։

Երուսաղեմը հորդորում և մխիթարում է իր զավակներին

5 Քաջալերվի՛ր, ո՛վ իմ ժողովուրդ,
հիշի՛ր, ո՛վ Իսրայել,
6 որ վաճառվեցիք ազգերին,
բայց ոչ կորստյան համար։
Քանի որ դուք բարկացրիք Աստծուն,
մատնվեցիք հակառակորդներին։
7 Քանի որ զայրացրիք ձեր Արարչին.
զոհեր մատուցեցիք դևերին և ոչ թե Աստծուն։
8 Մոռացաք ձեր կերակրողին՝ հավիտենական Աստծուն,
տրտմեցրիք և ձեր դայակին՝ Երուսաղեմին,
9 որ տեսավ Աստծուց ձեզ վրա եկած բարկությունը և ասաց.
«Լսե՛ք, ո՛վ Սիոնի պանդուխտներ,
որովհետև Տերն ինձ վրա մեծ սուգ բերեց։
10 Տեսա իմ որդիների և դուստրերի գերությունը,
որ բերեց նրանց վրա Հավիտենականը։
11 Նրանց ուրախությամբ սնեցի,
բայց նրանց ճանապարհ դրեցի լացով ու սգով։
12 Թող ոչ ոք չոտնահարի այրիիս,
որ միայնակ մնացի շատերից.
թափուր մնացի իմ որդիների բազում մեղքերի պատճառով,
որովհետև խոտորվեցին Աստծու օրենքներից
13 և նրա արդարադատությունը չճանաչեցին.
ո՛չ գնացին Աստծու պատվիրանների ճանապարհներով,
ո՛չ էլ նրա արդարության խրատի շավիղներով ելան։
14 Թող Սիոնի պանդուխտները գան ու հիշեն
իմ որդիների և դուստրերի գերությունը,
որ նրանց վրա բերեց Հավիտենականը։
15 Նրանց դեմ հանեց մի հեռավոր ազգի,
մի լիրբ և այլալեզու ազգի,
որ ո՛չ ակնածում էր ծերից,
ո՛չ էլ ողորմում էր մանկանը։
16 Տարան այրիիս սիրելիներին
և դուստրերից թափուր թողեցին մնացածներին։
17 Բայց ես չէի կարող օգնել ձեզ։
18 Նա, ով չարիքներ բերեց ձեզ վրա,
կփրկի ձեզ ձեր թշնամիների ձեռքից։
19 Գնացե՛ք, որդյակնե՛ր, գնացե՛ք,
որովհետև ես ավերակ մնացի։
20 Հանեցի խաղաղության պատմուճանը
և հագա իմ խնդրանքների քուրձը.
աղաղակեցի Հավիտենականին իմ օրերում։
21 Քաջալերվե՛ք, որդյակնե՛ր,
կանչե՛ք Աստծուն,
և կփրկի ձեզ թշնամիների ձեռքի բռնությունից։
22 Քանի որ ձեր փրկության համար ես հույսս դրեցի Հավիտենականի վրա,
ինձ ուրախություն եկավ Սուրբից ողորմության համար,
որ շուտով ձեզ կգա ձեր Հավիտենական Փրկչից։
23 Թեպետ ձեզ ճանապարհ դրեցի սգով ու լացով,
բայց Աստված ձեզ ցնծությամբ և ուրախությամբ
հավիտյանս ինձ կտա։
24 Ինչպես որ այժմ Սիոնի պանդուխտները տեսան ձեր գերությունը,
նույնպես շուտով կտեսնեն Աստծուց ձեր փրկությունը,
որ Հավիտենականից ձեզ վրա կգա մեծ փառքով ու լուսավորությամբ։
25 Որդյակնե՛ր, համբերատա՛ր եղեք
Աստծուց ձեզ հասած բարկության հանդեպ։
Քեզ հալածեց քո թշնամին,
բայց շուտով կտեսնես նրա կորուստը
և կելնես նրա պարանոցի վրա։
26 Իմ փափկասուն որդիները խիստ ճանապարհներ անցան,
քշվեցին թշնամիներից հափշտակված հոտի պես։
27 Քաջալերվե՛ք, որդյակնե՛ր,
և գոչե՛ք առ Աստված,
որպեսզի հիշատակության արժանանաք ձեզ գերեվարողի* կողմից։
28 Ինչպես ձեր մտքերը մոլորվեցին Աստծուց,
տասնապատիկ կդառնաք ու կփնտրեք նրան,
29 որովհետև նա, ով ձեզ վրա չարիքներ բերեց,
հավիտենական ուրախություն կբերի ձեզ վրա՝ ձեր փրկությամբ հանդերձ»։

Մխիթարություն Երուսաղեմին

30 Քաջալերվի՛ր, Երուսաղե՛մ.
քեզ կմխիթարի նա, ով անուն տվեց քեզ։
31 Վա՜յ նրանց, որ չարչարեցին քեզ
և որ խնդացին քո կործանման վրա։
32 Վա՜յ այն քաղաքներին, որոնց ծառայեցին քո որդիները,
և վա՜յ նրան, ով ընդունեց քո որդիներին։
33 Քանի որ ինչպես նա խնդաց քո կործանման վրա
և ուրախացավ, երբ դու ընկար,
նույնպես կտրտմի իր ավերման համար։
34 Կվերցնեմ նրանից բազում խրախճանքների ուրախությունը
և սգի կվերածեմ նրա պերճությունը։
35 Բազում օրեր հուր կգա նրա վրա Հավիտենականից,
և դևերի բնակություն կլինի բազում ժամանակներ։
36 Նայի՛ր արևելք, ո՛վ Երուսաղեմ,
և տե՛ս Աստծուց քեզ եկող ուրախությունը։
37 Ահա գալիս են քո որդիները,
որոնց ճանապարհ դրեցիր,
գալիս են՝ Սուրբի խոսքով հավաքվելով
արևելքից մինչև արևմուտք,
Աստծու փառքով ուրախացած։