Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստվածային պատժի չափավորությունը քանանացիների հանդեպ1 Ամեն բանի մեջ է…
Աստվածային պատժի չափավորությունը քանանացիների հանդեպ
1 Ամեն բանի մեջ է քո անեղծ հոգին։ 2 Դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ի՛նչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հավատան քեզ, Տե՛ր։ 3 Դու ատեցիր նաև քո սուրբ երկրի հին բնակիչներին 4 իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդությունների, անսուրբ նվերների, 5 մանուկների անողորմ կոտորածների և քո աստվածության խորհրդավոր ծեսերի ժամանակ մարդկային մարմնի ներքին օրգաններն ու արյունն ուտելու համար։ 6 Եվ այն ծերերին ու ծնողներին, որոնք սպանեցին անօգնական հոգիներին, կամեցար կորստի մատնել մեր հայրերի ձեռքով, 7 որպեսզի այն երկիրը, որ ամենից թանկ էր քեզ համար, իր մեջ ընդուներ Աստծուն արժանավոր ծառաների։ 8 Բայց նրանց ևս, որպես մարդկանց, խնայեցիր, արձակելով քո զորքի առաջամարտիկներին՝ պիծակներին, որ նրանց մասամբ ոչնչացնեն, 9 թեև անզոր չէիր ամբարիշտների դեմ պատերազմելու արդարների ձեռքով կամ ամեհի գազաններով կամ հենց մի խոսքով միանգամից կործանելու նրանց։ 10 Բայց քիչ առ քիչ դատաստան տեսնելով՝ ապաշխարության տեղ էիր թողնում՝ չմոռանալով, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարությունը, և երբևէ չեն փոխվելու նրանց մտածումները, 11 քանզի սկզբից ևեթ անիծված էր նրանց ծնունդը։ Դու երկյուղ չէիր կրում որևէ մեկից, երբ ներում էիր շնորհում մեղավորներին։ 12 Որովհետև ո՞վ կարող է ասել քեզ, թե ի՛նչ ես անում, և ո՞վ կարող է դեմ կանգնել քո դատաստանին, և ո՞վ կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես, և ո՞վ կարող է քեզ հակառակվել՝ անիրավ մարդկանցից վրեժխնդիր լինելու համար։ 13 Քանի որ քեզնից բացի չկա այլ Աստված, որ հոգար բոլորի համար, որին հայտնի դարձնեիր, թե անարդար չես դատել։ 14 Եվ ոչ մի թագավոր կամ բռնակալ չի կարող արգելել քեզ՝ նրանց պատժելու։ 15 Որովհետև արդար ես և արդարությամբ ես ղեկավարում ամեն բան։ Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես՝ օտար համարելով քո զորությունից։ 16 Քո զորությունը արդարության սկիզբն է, և բոլորի վրա քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։ 17 Թերահավատին ցույց ես տալիս քո ուժը կատարյալ զորությամբ և հանդիմանում ես նրանց, ովքեր չեն ճանաչում քո զորությունը։ 18 Դու, որ զորությամբ ես տիրում, դատում ես հեզությամբ և մեծ խնամքով խնամում ես մեզ, քո զորությունը քեզ հետ է միշտ, և երբ կամենաս, կարող է քո կամքը լինել։
Աստված դաստիարակում է իր ժողովրդին
19 Այսպիսի գործերով սովորեցրիր քո ժողովրդին, որ արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, որ նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։ 20 Եթե քո ծառաների թշնամիներին և մահապարտներին այդչափ ներելով դու պատժեցիր և փրկեցիր՝ նրանց տեղ ու ժամանակ տալով, որ կարողանան ազատվել չարիքներից, 21 ապա որքա՜ն ճշմարիտ դատեցիր քո որդիներին, որոնց հայրերի հետ երդում և բարի ավետիսի դաշինք ես կնքել։
22 Արդ, մեզ խրատելու համար դու բյուրապատիկ պատժում ես թշնամիներին, որպեսզի մենք, քո բարերարության չափն առնելով, հոգատար լինենք և դատվելով հուսանք ողորմության։
Անասուններ պաշտողների պատիժը
23 Ուստի և նրանց, որ անմիտ և տարապարտ կյանքով էին ապրել, տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով, 24 քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորության ճանապարհներով և անմիտ երեխաների նման խաբվելով՝ աստվածներ համարեցին այն անասուններին, որ անարգ էին իրենց թշնամիների համար էլ։ 25 Դրա համար էլ նրանց, ինչպես անխոս մանուկների, դատաստանի փոխարեն ծաղր ու ծանակ արեցիր։ 26 Եվ որովհետև նրանք չխրատվեցին թեթև պատժից, Աստծու արժանի դատաստանին պիտի ենթարկվեն։ 27 Նրանք պատիժ են կրելու հենց այն անասուններից, որոնց չարչարելիս զայրանում էին և որոնց աստվածներ էին համարում։ Եվ տեսնելով նրան՝ ում նախկինում ուրանում էին, ճանաչեցին, որ նա է ճշմարիտ Աստվածը, և այդ պատճառով էլ նրանց վրա եկավ վերջին դատաստանը։