Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Հոբը նորից պատասխանեց ու ասաց.2 «Արդ դուք էլ մա՞րդ եք.կամ իմաստությ…
1 Հոբը նորից պատասխանեց ու ասաց.
2 «Արդ դուք էլ մա՞րդ եք.
կամ իմաստությունը ձեզանո՞վ է ավարտվելու։
3 Ես նույնպես ձեզ նման սիրտ ունեմ։
4 Արդար ու անարատ մի մարդ է ենթարկվել ծաղրանքի։
5 Սահմանված ժամանակ պատրաստվեց
իր տների կործանումն օտարից,
ավերումն անօրենների ձեռքով։
6 Բայց ով որ չար լինի,
թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի։
Եվ ով բարկացնի Տիրոջը,
նրանց համար մի՞թե քննություն չի լինի։
7 Բայց ե՛կ ու հարցրո՛ւ չորքոտանիներին,
և կսովորեցնեն քեզ,
երկնքի թռչուններին,
և կասեն քեզ.
8 երկրի հե՛տ խոսիր,
և քեզ դաս կտա,
և ծովի ձկները քեզ կպատմեն։
9 Եվ սրանցից ո՞վ չգիտի,
թե Տիրոջ ձեռքն է ստեղծել ամեն ինչ։
10 Եվ մի՞թե նրա ձեռքին չէ բոլոր կենդանիների շունչը
ու հոգին ամեն մի մարդու։
11 Որովհետև միտքն է քննում խոսքը,
ու քիմքն է համտեսում կերակուրը։
12 Ժամանակի երկարության մեջ կա իմաստություն,
և կյանքի երկարության մեջ՝ հնարագիտություն։
13 Նրանի՛ց են գալիս ուժը, իմաստությունը,
Նրա՛նն են խորհուրդներն ու հանճարը։
14 Թե նա կործանի,
ո՞վ կշինի,
թե նա փակ դնի մարդկանց առաջ,
ո՞վ բաց կանի։
15 Թե նա արգելք դնի ջրերի առաջ,
կչորանա հողը,
իսկ եթե արձակի,
կործանելով կանհետացնի երկիրը։
16 Նրանի՛ց են գալիս ուժն ու զորությունը,
Նրա՛նն են հանճարն ու իմաստությունը։
17 Գերի է քշում խորհրդականներին,
հիմարացնում է երկրի դատավորներին,
18 գահերին է նստեցնում արքաների
և գոտի կապում նրանց մեջքին։
19 Գերության է ուղարկում քահանաներին
ու կործանում է երկրի հզորներին։
20 Լռեցնում է խոսքը հավատարիմների,
ծերունիների խելամտությունն է ընդունում։
21 Անարգանք է թափում իշխանի գլխին,
իսկ խոնարհներին բժշկում է։
22 Հայտնի է դարձնում խավարի խորքերը
և մահվան ստվերը հանում դեպի լույս։
23 Մոլորեցնում է ազգերին և կործանում նրանց.
սփռում է ազգերին և առաջնորդում նրանց։
24 Երկրի իշխանների սիրտն է շուռ տալիս,
մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանոթ չեն։
25 Շոշափելու են խավարը և ոչ թե լույսը,
մոլորվելու են հարբածի նման։