Հին Կտակարան
Նոր Կտակարան
ը. Չորս կառքերի տեսիլքը1 Դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա. ահա չորս կ…
ը. Չորս կառքերի տեսիլքը
1 Դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա. ահա չորս կառքեր էին ելնում երկու լեռների միջից, և լեռները պղնձե լեռներ էին։ 2 Առաջին կառքում աշխետ ձիեր էին, երկրորդ կառքում՝ սև ձիեր, 3 երրորդ կառքում՝ սպիտակ ձիեր, և չորրորդ կառքում՝ զանազան բծավոր ձիեր։ 4 Պատասխան տվեցի և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ 5 Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են ողջ աշխարհի Տիրոջ առջև կանգնելու»։ 6 Կառքը, որի մեջ սև ձիերն էին, ելնում էր դեպի հյուսիսի երկիր, սպիտակները ելնում էին նրանց հետևից, և բծավորները ելնում էին դեպի հարավի երկիր 7 և նայում էին շրջելու ողջ երկրով մեկ։ Եվ ասաց. «Գնացե՛ք և շրջե՛ք երկրով մեկ»։ Եվ շրջեցին երկրով մեկ։ 8 Եվ աղաղակեց և ասաց ինձ. «Ահա, նրանք, որ ելնում են հյուսիսի երկիրը, հանդարտեցրին իմ բարկությունը հյուսիսի երկրում»։
Մարգարեություն Հովսիայի պսակադրման մասին
9 Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց. 10 «Դու ինձ համար վերցրո՛ւ իշխանների, նրա պիտանի մարդկանց ու նրա գիտունների այն գերության ավարից և այն օրը կմտնես Սոփոնիայի, որ եկել է Բաբելոնից, որդու՝ Հովսիայի տունը։ 11 Ոսկի և արծաթ կվերցնես, պսակ կպատրաստես ու կդնես Հովսեդեկ քահանայապետի որդու՝ Հեսուի գլխին 12 և կասես նրան. “Այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Ահա՛ մարդը, որի անունը Ծագում է.
կծագի իր ներսից և կշինի Տիրոջ տունը։
13 Նա քաջություն կառնի,
կնստի և կտիրի իր աթոռին։
Քահանան կլինի նրա աջ կողմում,
և խաղաղության խորհուրդը՝ երկուսի միջև։
14 Այդ պսակը կլինի նրանց համար,
ովքեր սպասում են,
և նրա պիտանի մարդկանց ու նրանց համար,
ովքեր ճանաչում են այն.
որպես շնորհք՝ Սոփոնիայի որդուն
և երգեր՝ Տիրոջ տան համար”»։
15 Եվ նրանցից հեռավորները կգան ու կշինեն Տիրոջ տունը, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ։ Եվ սա կլինի, եթե ամբողջությամբ անսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին։