Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Իմաստությունը սուրբ մարգարեի ձեռքով հաջողեցրեց նրանց գործերը։ 2 Նրա…
1 Իմաստությունը սուրբ մարգարեի ձեռքով հաջողեցրեց նրանց գործերը։ 2 Նրանք շրջեցին անբնակ անապատում և վրաններ խփեցին անկոխ վայրերում, 3 կանգնեցին պատերազմողների դեմ և վանեցին թշնամիներին, աղոթեցին, 4 ծարավեցին և աղերսեցին քեզ, նրանց ջուր տրվեց ապառաժ քարից, և նրանց պապակը հագեցավ կարծր քարից։ 5 Ինչ բանով որ պատժվեցին նրանց թշնամիները, նույնից նրանք, երբ կարիքի մեջ էին, բարերարություն գտան։ 6 Արյունով կարմրած և ալեխռով մշտնջենական գետի փոխարեն, 7 որպես կշտամբանք մանկակոտոր հրամանի՝ առատ ջուր տվեցիր անհույսներին՝ 8 ցույց տալով, թե ծարավի ժամին ինչպե՛ս ես տանջել հակառակորդներին. 9 երբ իրենց պատժի չափն առան, քո ողորմությամբ խրատված՝ հասկացան, թե ինչպե՛ս են տանջվում քո բարկությամբ դատապարտված ամբարիշտները։ 10 Սրանց, իբրև խրատող հայր, փորձության ենթարկեցիր, իսկ ամբարիշտներին, իբրև խիստ թագավոր, կշտամբեցիր դատապարտելով։ 11 Նույն վտանգին ենթարկվեցին թե՛ հեռու և թե՛ մոտիկ գտնվողները, 12 և նրանց կրկին համակեցին անցյալի հիշողությունների տրտմությունն ու հեծությունը, 13 որովհետև, երբ նրանք լսում էին, թե իրենց կրած պատժի միջոցով բարեպաշտները երախտիքի են արժանացել, ճանաչում էին քո հզորությունը, Տե՛ր։
Եգիպտացիները պատժվում են չափավորությամբ
14 Դեռ երեկ և վաղուց ի վեր ում նրանք ուրացել և ծաղրում էին, դեպքերի վերջին ելքից դրդված՝ զարմացան, որ իրենք արդարների նման չէին և պիտի ծարավեին։ 15 Իրենց անիրավ ու անմիտ մտածումների փոխարեն, որոնցով մոլորված՝ անխոս սողուններ և վատթար ճիճուներ էին պաշտում, նրանց վրա արձակեցիր անբան կենդանիների մի բազմություն՝ վրեժխնդիր լինելու համար, 16 որպեսզի իմանան, թե ինչով մեղանչում է մարդ, նույնով էլ պիտի պատժվի։ 17 Ամենազոր քո ձեռքի համար, որ անկերպարան նյութից հաստատեց այս աշխարհը, դժվար չէր նրանց վրա արձակել արջերի մի բազմություն կամ վայրագ առյուծներ 18 կամ անծանոթ կատաղի այլ գազաններ՝ հուր ու կրակ շնչող, շարավալից ծուխ արձակող, աչքերից սաստիկ կայծեր փայլատակեցնող։ 19 Նրանց խորտակելու համար բավական էր ոչ միայն դրանց պատճառած վնասը, այլև դրանց տեսքի սարսափը։ 20 Բայց առանց դրանց էլ նրանք կարող էին կործանվել՝ մի հողմով իսկ հալածվելով ու ցրվելով քո հոգու զորությամբ և արդարադատությամբ։ Բայց դու ամեն ինչ կարգեցիր չափով, թվով ու կշռով, 21 որովհետև յուրաքանչյուր ժամ քեզ հետ է քո ամենազոր ուժը, և ո՞վ կարող է դեմ կանգնել քո բազկի զորությանը։ 22 Որովհետև ամբողջ աշխարհը քո առջև է իբրև կշեռքի նժար և իբրև ցողի մի կաթիլ, որ իջնում է երկիր։ 23 Բայց դու ողորմում ես բոլորին, որովհետև կարող ես անել ամեն բան և թողնում ես, որ ապաշխարությամբ քավվեն մարդկային մեղքերը։ 24 Քանի որ ատելո՛վ չես ստեղծել ամեն ինչ, այդ պատճառով էլ սիրում ես, ինչ որ կա, և գարշանք չես զգում քո արարածներից և ոչ մեկից։ 25 Որովհետև ինչպե՞ս կարող էր որևէ բան լինել, եթե դու չկամենայիր, և ինչպե՞ս կարող էր գոյատևել մի բան, եթե դու գոյության կանչած չլինեիր այն։ 26 Խնայի՛ր բոլորին, քանզի քոնն է ամեն բան, հոգեսե՛ր Տեր։