Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հիսուսի մուտքը Երուսաղեմ(Մրկ. 11.1-11, Ղուկ. 19.28-40, Հովհ. 12.12-19…
Հիսուսի մուտքը Երուսաղեմ
(Մրկ. 11.1-11, Ղուկ. 19.28-40, Հովհ. 12.12-19)
1 Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց 2 և նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ անմիջապես կգտնեք կապված մի էշ, քուռակն էլ հետը. արձակե՛ք, բերե՛ք ինձ։ 3 Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, կասեք. “Դրանք պետք են Տիրոջը”, և նա իսկույն կուղարկի դրանք»։ 4 Բայց այս ամենը պատահեց, որպեսզի իրականանար մարգարեի խոսքը, որ ասում է.
5 «Ասե՛ք Սիոնի դստերը.
“Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝
հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա”» (Զաք. 9.9)։
6 Աշակերտները գնացին և արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց։ 7 Բերեցին էշն ու քուռակը, նրանց վրա գցեցին իրենց հագուստները։ Ապա Հիսուսը նստեց դրանց վրա։ 8 Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում և փռում ճանապարհին։ 9 Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում.
«Օրհնությո՜ւն Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25),
օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26),
օրհնությո՜ւն Բարձրյալին»։
10 Երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ողջ քաղաքը դղրդաց։ Ասում էին. «Ո՞վ է սա»։ 11 Ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։
Տաճարում առևտուր անողների վտարումը
(Մրկ. 11.15-17, Ղուկ. 19.45-48, Հովհ. 2.13-22)
12 Հիսուսը տաճար մտավ և վռնդեց բոլոր նրանց, ովքեր տաճարում վաճառում ու գնումներ էին անում, շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները։ 13 Նրանց ասաց. «Գրված է. “Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7բ), այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։
Հիսուսը տաճարում
(Ղուկ. 19.47-48)
14 Տաճարում կույրեր ու կաղեր մոտեցան Հիսուսին, և բժշկեց նրանց։ 15 Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան Հիսուսի կատարած հրաշքները և մանուկներին, որ տաճարում աղաղակում էին և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն», բարկացան 16 և ասացին նրան. «Լսո՞ւմ ես, թե ի՛նչ են ասում դրանք»։ Հիսուսն ասաց նրանց. «Այո՛, դուք չե՞ք կարդացել, թե՝
“Երեխաների ու ծծկերների բերանով
օրհնությունը կատարեցիր” (Սաղ. 8.3)»։
17 Եվ նրանց թողնելով՝ քաղաքից դուրս ելավ՝ դեպի Բեթանիա, և այնտեղ գիշերեց։
Անիծված թզենին
(Մրկ. 11.12-14, 20-24)
18 Առավոտյան, երբ Հիսուսը քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։ 19 Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ մոտեցավ և վրան տերևից բացի ոչինչ չգտավ։ Եվ թզենուն ասաց. «Այսուհետև քեզնից հավիտյան թող պտուղ չլինի»։ Նույն պահին թզենին չորացավ։ 20 Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»։ 21 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կարող եք անել այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լեռանն ասեք՝ “Ելի՛ր ու ծո՛վն ընկիր”, կկատարվի։ 22 Այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք, կստանաք»։
Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին
(Մրկ. 11.27-33, Ղուկ. 20.1-8)
23 Հիսուսը տաճար եկավ և մինչ ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ բաները, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։ 24 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ. եթե ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները։ 25 Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Նրանք սկսեցին իրար մեջ խորհել և ասել. «Եթե ասենք՝ “Երկնքից”, մեզ կասի՝ “Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան”, 26 իսկ եթե ասենք՝ “Մարդկանցից”, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին մարգարե են համարում»։ 27 Պատասխան տվեցին Հիսուսին և ասացին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները»։
Առակ երկու որդիների մասին
28 «Բայց ձեզ ինչպե՞ս է թվում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Մոտեցավ առաջինին և ասաց. “Որդյա՛կ, այսօր գնա՛, աշխատի՛ր այգում”։ 29 Նա պատասխանեց և ասաց. “Գնում եմ, տե՛ր”, բայց չգնաց։ 30 Մոտեցավ նաև մյուսին և նույն բանն ասաց։ Նա պատասխանեց և ասաց. “Չեմ ցանկանում”։ Բայց հետո զղջաց և այգի գնաց։ 31 Արդ, երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը»։ Նրանք ասացին. «Վերջինը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կհասնեն երկնքի արքայություն, 32 որովհետև Հովհաննեսը եկավ արդարության ճանապարհով, և նրան չհավատացիք, իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին նրան։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք և նրան չհավատացիք»։
Չար մշակների առակը
(Մրկ. 12.1-11, Ղուկ. 20.9-19)
33 «Ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր կար, որ այգի տնկեց, այն ցանկապատեց, նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և գնաց օտար երկիր։ 34 Երբ պտղի ժամանակը մոտեցավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնեն նրա բերքից։ 35 Մշակներն էլ բռնեցին նրա ծառաներին. մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ 36 Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց, թվով ավելի, քան նախկինները։ Սրանց էլ նույն բանն արեցին։ 37 Վերջապես նրանց մոտ ուղարկեց իր որդուն և ասաց. «Թերևս իմ այս որդուց ամաչեն»։ 38 Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։ 39 Եվ նրան բռնեցին, այգուց դուրս հանեցին և սպանեցին։ 40 Արդ, երբ այգու տերը գա, այդ մշակներին ի՞նչ կանի»։ 41 Ասացին նրան. «Չարերին դաժանորեն կսպանի և այգին կտա ուրիշ մշակների, որոնք բերքը նրան կտան իր ժամանակին»։ 42 Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել.
“Այն քարը, որ շինարարները մերժեցին,
նա՛ անկյունաքար եղավ.
Տիրոջ կողմից եղավ սա,
և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։
43 Ուստի ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի մի ազգի, որ պտղաբեր կդարձնի այն։ 44 Ով այդ քարի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան ցրիվ կտա»։ 45 Երբ քահանայապետները, դպիրներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց վերաբերյալ ասաց։ 46 Եվ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ նրան մարգարե էր համարում։