Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Միքիայի ազդարարությունն Իսրայելի իշխաններին1 Եվ կասի.«Լսե՛ք, Հակոբի՛ …

Միքիայի ազդարարությունն Իսրայելի իշխաններին

1 Եվ կասի.

«Լսե՛ք, Հակոբի՛ տան իշխաններ և Իսրայելի՛ տան մնացորդներ։

Դուք չէ՞, որ պիտի իմանաք արդարադատությունը,

2 դուք, որ ատում եք բարին և չարիք եք փնտրում,

հեռացնում եք նրանցից իրենց մաշկը

և նրանց միսը՝ իրենց ոսկորներից»։

3 Ինչպես որ կերան իմ ժողովրդի միսը

և նրանց մաշկը քերթեցին նրանց վրայից,

նրանց ոսկորները փշրեցին

և կտրատեցին նրանց մարմինները՝

իբրև թե կաթսաների,

և նրանց միսը՝ իբրև թե պուտուկների մեջ եփելու համար,

4 այնպես էլ կաղաղակեն Տիրոջը,

բայց չի լսի նրանց

և իր երեսը կդարձնի նրանցից այն ժամանակ,

քանի որ նրանց չարչարեցին իրենց գործերով։

Ընդդեմ այն մարգարեների, որոնք մոլորեցնում են Իսրայելին

5 Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար,

որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին,

որոնք կծոտում են իրենց ատամներով

և խաղաղություն են քարոզում նրան,

սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը,

և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։

6 Դրա համար տեսիլքի փոխարեն գիշեր կլինի ձեզ համար,

և խավար կլինի ձեզ համար գուշակության փոխարեն.

արեգակը մայր կմտնի մարգարեների վրա,

և ցերեկը կխավարի նրանց վրա։

7 Երազատեսները կամաչեն, գուշակները կծաղրվեն,

և բոլորը կբամբասեն նրանց,

որովհետև չի լինի մեկը, որ լսի նրանց։

8 Բայց ես զորությամբ լցվեցի Տիրոջ Հոգով,

արդարադատությամբ և կարողությամբ՝

Հակոբին հայտնելու իր ամբարշտությունները և Իսրայելին՝ իր մեղքերը։

Միքիան կանխատեսում է Իսրայելի կործանումը

9 Լսե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ

և Իսրայելի՛ տան մնացորդներ,

որ անարգում եք արդարադատությունը

և շեղում եք բոլոր արդարներին,

10 որ Սիոնն արյամբ եք կառուցում

և Երուսաղեմը՝ անիրավությամբ։

11 Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում,

նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս,

նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները

և Տիրոջն էին ապավինում և ասում.

«Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։

12 Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով,

Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես,

իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։