Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնությունԱստծու որդինե՛ր, մատուցե…
1 Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն
Աստծու որդինե՛ր, մատուցե՛ք Տիրոջը,
Նորածին խոյե՛ր մատուցեք Տիրոջը,
Փառք ու պատի՛վ մատուցեք Տիրոջը,
2 Նրա անվանը վայել փա՛ռք մատուցեք Տիրոջը,
Երկրպագե՛ք Տիրոջը նրա սրբության սրահում։
3 Ջրերի վրա է Տիրոջ ձայնը.
Փառքի Աստվածը որոտաց,
Եվ Տերն ինքն է անսպառ ջրերի վրա։
4 Զորությամբ է Տիրոջ ձայնը
Եվ մեծ վայելչությամբ.
5 Տիրոջ ձայնը փշրում է մայրիները,
Տերը կոտրատում է մայրիները Լիբանանի։
6 Լիբանանի մատաղ տունկերի պես կմանրի նրանց,
Որ սիրելի են, ինչպես ռնգեղջյուրի ձագը։
7 Տիրոջ ձայնը հատում է կրակի բոցը,
8 Տիրոջ ձայնը ցնցում է անապատը,
Տերը ցնցում է Կադեսի անապատը։
9 Տիրոջ ձայնը ծնում է եղջերուներին,
Մերկացնում է անտառները։
Նրա տաճարում են բոլոր նրանք, ովքեր գովերգում են նրա փառքը։
10 Տերը իշխում է ջրհեղեղների վրա.
Տերը հավիտյան պիտի թագավորի։
11 Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա
Եվ օրհնի իր ժողովրդին խաղաղությամբ։