Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հովնանի աղոթքը1 Տերը հրաման տվեց մի խոշոր կետի կուլ տալ Հովնանին, և ե…

Հովնանի աղոթքը

1 Տերը հրաման տվեց մի խոշոր կետի կուլ տալ Հովնանին, և երեք ցերեկ ու երեք գիշեր Հովնանը կետի փորում էր։

2 Հովնանն աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, կետի փորի մեջ 3 և ասաց.

«Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը՝ իմ Աստծուն,

և լսեց ինձ՝ իմ աղաչանքը, դժոխքի որովայնից։

Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը։

4 Ինձ գցեցիր ծովի սրտի խորքերը,

և գետերը պաշարեցին ինձ։

Քո բոլոր կոհակներն ու քո ալիքներն անցան իմ վրայով,

5 և ասացի, թե՝ “Մերժվեցի քո աչքից.

արդ նորից կկարողանա՞մ նայել քո սուրբ տաճարին”։

6 Ջրերը թափվեցին ինձ վրա մինչև շունչս։

Դժնդակ անդունդները պաշարեցին ինձ։ Գլուխս մտավ

7 լեռների փապարներով,

իջա երկիր, որի նիգերն իր հավիտենական փականքներն են.

իմ կյանքը դուրս կգա կործանումից։

Տե՛ր իմ, Աստվա՛ծ, 8 իմ հոգու տկարանալու ժամանակ

քեզ կանչեցի,

հիշեցի Տիրոջը.

և թող իմ աղոթքները գան դեպի քո սուրբ տաճարը։

9 Ովքեր պահում էին ունայնությունն ու ստությունը,

թողեցին իրենց ողորմությունը։

10 Բայց ես օրհնության և խոստովանության ձայնով

քեզ պատարագ կմատուցեմ, որ ուխտեցի

և կհատուցեմ Տիրոջ փրկության համար»։

11 Եվ Տիրոջից հրաման տրվեց վիշապ ձկանը, և նրան ցամաք թքեց։