Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ովսեեի աղերսն Իսրայելին1 Կկործանվի Սամարիան,որովհետև ընդդիմացավ իր Աս…

Ովսեեի աղերսն Իսրայելին

1 Կկործանվի Սամարիան,

որովհետև ընդդիմացավ իր Աստծուն. սրով կընկնեն,

նրա կաթնակերները քարի կզարնվեն,

և նրա հղիները կպայթեն։

2 Դարձի՛ր, Իսրայե՛լ, Տիրոջը՝ քո Աստծուն,

քանի որ տկարացար քո անօրենություններով։

3 Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք,

դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և ասե՛ք նրան.

«Կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որպեսզի անիրավություն չգործենք,

այլ բարիք ընդունենք և հատուցենք մեր շուրթերի պտուղը»,

և կվայելեն ձեր սրտերը բարության մեջ։

4 Ասորեստանցին չի փրկում մեզ.

ձի չենք հեծնի

և այլևս մեր ձեռակերտներին մեզ աստված չենք ասի,

որովհետև ով որ քո մեջ է, կգթա որբերին։

Տերը նոր կյանք է խոստանում

5 «Կվերականգնեմ նրանց բնակավայրերը

և ամբողջապես կսիրեմ նրանց,

որովհետև իմ բարկությունը հեռացավ նրանցից։

6 Եվ կլինի որպես ցող Իսրայելի համար,

կծաղկի, ինչպես շուշանը

և կարձակի իր արմատը, ինչպես Լիբանոսը*։

7 Կտարածվեն նրա ոստերը և կլինեն պտղալից ձիթենու պես,

և նրա հոտը կբուրի կնդրուկի պես։

8 Կդառնան ու կնստեն նրա հարկի ներքո,

կապրեն ու կզորանան ցորենով,

կծաղկի նրա հիշատակը որթատունկի պես,

և կլինի Լիբանանի գինու պես

9 Եփրեմի համար։

Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ.

ե՛ս խոնարհեցրի նրան,

ես էլ կզորացնեմ նրան.

ես պտղառատ այգի եմ.

ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։

10 Ո՞վ է իմաստուն, որ հասկանա սա,

հանճարեղ, որ ճանաչի սա.

քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները,

և արդարները կընթանան դրանցով,

իսկ ամբարիշտները կտկարանան դրանց մեջ։

*Կնդրուկաբեր լեռ քանանացիների երկրում։