Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մահը1 Ո՜վ մահ, որքան դառն է քեզ հիշելն այն մարդու համար, որ խաղաղ ապր…
Մահը
1 Ո՜վ մահ, որքան դառն է քեզ հիշելն այն մարդու համար, որ խաղաղ ապրում է իր հարստության մեջ,
2 որ անվիշտ է ու ամեն ինչում հաջողակ և դեռ կարող է կերակուր ճաշակել։
3 Ո՜վ մահ, բարի է քո դատաստանն այն մարդու համար, որ կարիքի մեջ է և ուժից ընկած,
4 որ ծերացած և ամեն տեսակ հոգսերով ծանրաբեռնված է և կորցրել է հավատն ու համբերությունը։
5 Մի՛ վախեցիր մահվան դատաստանից. հիշի՛ր քո նախնիներին և հետնորդներին. այս դատաստանը Տիրոջից է ամեն մի կենդանի մարմնի համար։
6 Էլ ինչո՞ւ է քեզ ծանր թվում Բարձրյալի բարեհաճությունը.
7 թեկուզ տասը, թեկուզ հարյուր, թեկուզ հազար տարի էլ լինի՝ գերեզմանում չկա հանդիմանություն կյանքի համար։
Ամբարիշտների պատիժը
8 Մեղավորների որդիները պիղծ որդիներ են լինում, նրանք շրջում են ամբարիշտների մեջ։
9 Մեղավորների որդիների ժառանգությունը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։
10 Որդիները մեղադրում են ամբարիշտ հորը, որովհետև նրա պատճառով նախատինք են կրում։
11 Վա՜յ ձեզ, ամբարի՛շտ մարդիկ, որ լքել եք բարձրյալ Աստծու օրենքը։
12 Եթե ծնվում եք, անեծքի համար եք ծնվում, և եթե մեռնում եք, անեծքն է ձեր բաժինը։
13 Այն ամենը, ինչ հողից է, հողին է գնում. այդպես էլ ամբարիշտները անեծքից դեպի կորուստ են գնում։
14 Մարդկանց սուգն իրենց մարմնի համար է, իսկ մեղավորների անունը բարի չէ, պիտի ջնջվի։
15 Հո՛գ տար քո անվան համար, քանզի այն քեզ հետ է լինելու ավելի, քան ոսկու հազարավոր մեծ գանձերը։
16 Բարի կյանքի օրերը համրանք չունեն, և բարի անունը հավիտյան կմնա։
Ինչի՞ց պետք է ամաչել
17 Որդինե՛ր, պահպանե՛ք խաղաղության խրատը. ծածուկ իմաստություն լինի թե թաքցված գանձ, ի՞նչ օգուտ երկուսից։
18 Ավելի լավ է այն մարդը, որ թաքցնում է իր հիմարությունը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստությունը։
19 Արդ, պատկառե՛ք իմ այս խոսքերից, 20 որ մի բանի մասին պիտի ասեմ. լավ չէ ամեն ինչից ամոթ զգալ և ոչ էլ բոլորին հավատարմությամբ հաճելի լինել։
21 Հորից ամաչե՛ք պոռնկության համար,
22 դատավորից և իշխանից՝ հանցանքի համար, ժողովականներից և ժողովրդից՝ անօրինության համար,
23 ընկերոջից և բարեկամից՝ զրկանքների համար, պանդխտության վայրում՝ գողության համար,
24 Աստծու ճշմարտությունից և ուխտից՝ ստության համար, ուրիշների հացի վրա ձեռք դնելու համար, տալու և առնելու մեջ նախատինք կրելու համար, ողջույնին ի պատասխան ձեր լռության համար,
25 բոզ կնոջ երեսին նայելու համար, ազգականից երես թեքելու համար,
26 մեկի բաժինը կամ նրան տրվածը խլելու համար, ամուսնացած կնոջն ակնապիշ նայելու համար,
27 նրա սպասուհուն հետամտելու, առավել ևս նրա անկողնուն մոտենալու համար։
28 Ամաչի՛ր բարեկամներին նախատինքի խոսքեր ասելու համար, և տալուց հետո մի՛ հանդիմանիր. ամաչի՛ր նրանցից քո լսած խոսքերը կրկնելու և նրանց գաղտնիքները հրապարակելու համար։
29 Եթե ճշմարտապես ամոթխած լինես, բոլոր մարդկանց առջև շնորհ կգտնես։