Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առ…

1 «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,- 2 ո՞վ կհամբերի նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ կդիմանա նրա հայտնությանը, քանի որ նա կմտնի հնոցի բոցի պես և բաղնիքի օճառի նման։ 3 Եվ կնստի՝ սրբելու և ձուլելու արծաթի պես և ոսկու պես. կսրբացնի Ղևիի որդիներին և կհալեցնի նրանց ոսկու նման և արծաթի նման, և կլինի, որ արդարությամբ զոհեր կմատուցեն Տիրոջը։ 4 Հուդայի և Երուսաղեմի զոհաբերությունը հաճելի կլինի Տիրոջը հին օրերի նման և նախկին տարիների պես։ 5 Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։

Տասանորդի վճարումը

6 «Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և չեմ փոփոխվում։ Բայց դուք, Հակոբի՛ որդիներ, հեռու չմնացիք 7 ձեր հայրերի մեղքերից, խուսափեցիք իմ օրենքներից և չպահեցիք դրանք։ Դարձե՛ք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ,- ասում է Ամենակալ Տերը։ Սակայն ասացիք. “Ինչո՞վ դառնանք”։ 8 Արդյո՞ք մարդ Աստծուն կխաբի, որովհետև դուք խաբեցիք ինձ և ասացիք. “Ինչո՞վ խաբեցինք քեզ”։ Քանի որ տասանորդներն ու պտուղները ձեզ մոտ են, 9 և ամբողջությամբ նախանձում և խաբում եք ինձ։ Տարին ավարտվեց, 10 և ամբողջ բերքը ձեր շտեմարաններում հավաքեցիք, բայց ձեր տները կբռնազավթվեն. դարձե՛ք դրա համար,- ասում է Ամենակալ Տերը։ Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը չեմ հեղի ձեզ վրա, մինչև բավարարվեք։ 11 Կպահպանեմ ձեր կերակուրները, չեմ ոչնչացնի ձեր երկրի բերքը, և ձեր որթատունկն այգում անպտուղ չի մնա,- ասում է Ամենակալ Տերը։ 12 Բոլոր ազգերը ձեզ երանի կտան, քանի որ դուք ինձ համար հաճելի երկիր կլինեք,- ասում է Ամենակալ Տերը»։

Աստված ներում է խոստանում

13 «Խստացրիք ձեր խոսքերն իմ դեմ,- ասում է Տերը,- բայց ասացիք՝ “Ինչո՞վ բամբասեցինք քո մասին”։ 14 Քանի որ ասում էիք՝ “Իզուր է այն ամենը, որ ծառայում է Աստծուն. ի՞նչն է ավելի, որ պահեցինք նրա պատվիրանները և պաղատանքներով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։ 15 Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին”»։

16 Այսպես տրտնջացին Տիրոջից երկյուղածները, յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ։ Եվ անսաց Տերը, լսեց ու հիշատակի գիրք գրեց Տիրոջից երկյուղածների առաջ և նրանց համար, ովքեր սարսում են նրա անունից։ 17 «Եվ կլինեն ինձ համար,- ասում է Ամենակալ Տերը,- այն օրը, երբ ես փրկություն կբերեմ ու կփայփայեմ նրանց, ինչպես հայրն է փայփայում իրեն լավ ծառայած որդուն։ 18 Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։

Տիրոջ գալստյան օրը

19 «Ահա Տիրոջ օրը կգա բորբոքված հնոցի պես և կայրի նրանց, և բոլոր այլազգիներն ու բոլոր նրանք, որ անօրենություն են գործում, կդառնան եղեգ, և կայրվի նրանցով այն օրը, որ գալու է,- ասում է Ամենակալ Տերը,- և նրանց արմատն ու ճյուղը չեն մնա։ 20 Բայց ձեզ՝ իմ անունից երկյուղածներիդ համար կծագի արդարության Արեգակը, և բժշկություն՝ նրա թևերին. կելնեք ու կխայտաք կապից արձակված հորթերի պես։ 21 Եվ կկոխկռտեք անօրեններին, և մոխիր կդառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես կսահմանեմ,- ասում է Ամենակալ Տերը։ 22 Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում թեզբացի Եղիային, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու նշանավոր օրը, 23 որ պատրաստի հոր սիրտը որդու հանդեպ և մարդու սիրտը՝ իր ընկերոջ հանդեպ. գուցե գալով հարվածեմ երկիրը միանգամից։ 24 Հիշեցե՛ք իմ ծառա Մովսեսի օրենքները, ինչպես որ պատվիրեցի նրան Քորեբի վրա. բոլոր հրամաններն ու պատվիրանները»։