Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հարսը պատասխան է տալիս և ասում.1 Իմ եղբորորդին իջավ իր պարտեզը՝խնկածա…

Հարսը պատասխան է տալիս և ասում.

1 Իմ եղբորորդին իջավ իր պարտեզը՝

խնկածաղիկների մեջ՝

բուրաստաններում հովվելու

և շուշաններ հավաքելու։

2 Ես իմ եղբորորդունն եմ,

և իմ եղբորորդին՝ իմը.

Նա, որ հովվում է շուշանների մեջ։

Փեսան ասում է հարսին.

3 Անուշահոտության պես բարետես ես, մերձավո՛ր իմ,

գեղեցիկ, ինչպես Երուսաղեմը,

ապշեցուցիչ գեղեցկությամբ հորինված։

4 Աչքերդ դարձրո՛ւ ինձանից,

քանզի դրանք վրդովեցին ինձ,

վարսերդ նման են այծերի հոտերի,

որ երևացին Գաղաադից։

5 Ատամներդ նման են խուզված ոչխարների հոտերի,

որ դուրս են գալիս ջրավազանից.

բոլորն էլ՝ զույգ գառնուկներով,

և ամուլ չկա նրանց մեջ։

6 Շուրթերդ նման են կարմիր թելի,

և գեղեցիկ են խոսքերը քո։

Այտերդ՝ իբրև նռան կեղև՝

թաքնված քողիդ հետևում։

7 Վաթսուն թագուհի և ութսուն հարճ,

և օրիորդներ, որոնց թիվ չկա։

8 Իմ աղավնին միակն է, իմ կատարյալը,

իր մոր միամորիկը, ընտրյալն իր ծնողի։

Տեսան նրան դուստրերն ու երանի տվեցին,

գովեցին նրան հարճերն ու թագուհիները։

Դուստրերը և թագուհիները տեսան հարսին և երանի տվեցին նրան.

9 Ո՞վ է սա, որ երևում է ինչպես առավոտ,

գեղեցիկ է, ինչպես լուսինը,

ընտիր, ինչպես արեգակը՝

զարմանալի հորինված։

Փեսան ասում է հարսին.

10 Իջա ընկուզենիների պարտեզ՝

նայելու ճյուղերի արդյունքին,

տեսնելու, թե ծաղկե՞լ է որթը,

ծաղկե՞լ է նոճին,

ծաղկե՞լ են նռնենիները։

Հարսն ասում է փեսային.

11 Այնտեղ կտամ քեզ իմ ստինքները,

իմ հոգին ոչինչ չիմացավ,

ինձ Ամինադաբի կառքերին նմանեցրեց։

Դուստրերը և թագուհիներն ասում են հարսին.

12 Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՛վ սուլամացի,

վերադարձի՛ր, վերադարձի՛ր, որ մենք տեսնենք քեզ։