Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հիսուսը տարվում է Պիղատոսի մոտ(Մրկ. 15.1, Ղուկ. 23.1-2, Հովհ. 18.28-3…

Հիսուսը տարվում է Պիղատոսի մոտ

(Մրկ. 15.1, Ղուկ. 23.1-2, Հովհ. 18.28-32)

1 Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը խորհուրդ գումարեցին Հիսուսի մասին՝ նրան սպանելու համար։ 2 Ապա կապեցին նրան և տարան ու հանձնեցին հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացուն։

Հուդայի մահը

(Գրծ. 1.18-19)

3 Այն ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին ու ժողովրդի ծերերին՝ 4 ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։ 5 Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։ 6 Իսկ քահանայապետները, արծաթ դրամները վերցնելով, ասացին. «Օրինավոր չէ դրանք տաճարի գանձանակը գցել, որովհետև արյան գին են»։ 7 Եվ խորհրդակցելով՝ այդ դրամով գնեցին Բրուտի ագարակը՝ որպես գերեզման օտարների համար։ 8 Այդ պատճառով այդ արտը մինչ օրս կոչվում է Արյան ագարակ։ 9 Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը. «Վերցրին երեսուն արծաթը՝ վաճառվածի գինը, որ գնահատվել էր Իսրայելի որդիների կողմից, 10 և այն տվեցին Բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր»։

Պիղատոսը հարցաքննում է Հիսուսին

(Մրկ. 15.2-5, Ղուկ. 23.3-5, Հովհ. 18.33-38)

11 Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսն ասաց. «Դու ես ասում»։ 12 Եվ երբ ամբաստանվեց քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց։ 13 Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե դրանք որքա՛ն բաներ են վկայում քո դեմ»։ 14 Հիսուսը նրան չպատասխանեց, նույնիսկ ոչ մի բառ, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։

Բարաբբան

(Մրկ. 15.6-15, Ղուկ. 23.13-25, Հովհ. 18.39–19.16)

15 Զատկի տոնի կապակցությամբ կառավարիչը սովորություն ուներ ժողովրդի համար մի բանտարկյալ ազատ արձակելու, որին նրանք էին ցանկանում։ 16 Այդ ժամանակ մի նշանավոր բանտարկյալ ունեին, որի անունը Հեսու Բարաբբա էր։ 17 Երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար ազատ արձակեմ. Հեսու Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ 18 Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից էին մատնել նրան։

19 Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։ 20 Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ պահանջեն Բարաբբային, իսկ Հիսուսին մահվան դատապարտեն։ 21 Կառավարիչը դիմեց նրանց և ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին. «Բարաբբային»։ 22 Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ 23 Ամենքն ասացին. «Թող խաչվի»։ Կառավարիչն ասաց. «Ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Թող խաչվի»։ 24 Պիղատոսը, տեսնելով, որ օգուտ չկա, ավելին՝ խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց, ժողովրդի առաջ լվաց ձեռքերը և ասաց. «Այս արդարի արյունից ես անպարտ եմ. դո՛ւք գիտեք»։ 25 Ամբողջ ժողովուրդը պատասխանեց և ասաց. «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա թող լինի»։ 26 Այդ ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին ձաղկել տալուց հետո հանձնեց, որ խաչվի։

27 Այն ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան պալատ և նրա շուրջը հավաքեցին ողջ գունդը։ 28 Մերկացրին նրան և վրան կարմիր քղամիդ գցեցին։ 29 Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ 30 Եվ թքելով նրա վրա՝ եղեգն առնում ու խփում էին նրա գլխին։ 31 Նրան ծաղրուծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին քղամիդը և հագցրին իր հագուստը։ Ապա տարան նրան խաչը հանելու։

Հիսուսի խաչելությունը

(Մրկ. 15.21-32, Ղուկ. 23.26-43, Հովհ. 19.17-27)

32 Դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։ 33 Հասնելով Գողգոթա կոչված տեղը, որ նշանակում է «Կառափնատեղի», 34 Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին, որ խմի, և երբ համտեսեց, չուզեց խմել։ 35 Ապա նրան խաչը հանեցին և նրա հանդերձները բաժանեցին՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի կողմից ասված խոսքը. «Իրենց մեջ բաժանեցին իմ հանդերձները և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։ 36 Զինվորները նստած պահակություն էին անում նրա վրա։ 37 Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը»։ 38 Այն ժամանակ նրա հետ խաչը հանվեցին երկու ավազակներ՝ մեկը նրա աջից, մյուսը՝ ձախից։

39 Եվ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում գլուխները 40 և ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում, ազատի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդի ես, ցած իջի՛ր այդ խաչից»։ 41 Քահանայապետները, դպիրների ու ծերերի հետ միասին, նույնպես ծաղրում էին նրան և ասում. 42 «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։ Եթե Իսրայելի թագավոր է, այս պահին թող այդ խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։ 43 Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան։ Չէ՞ որ ասում էր. “Աստծու Որդի եմ”»։ 44 Նրա հետ խաչված ավազակներն էլ նույնպես նախատում էին նրան։

Հիսուսի մահը

(Մրկ. 15.33-41, Ղուկ. 23.44-49, Հովհ. 19.28-37)

45 Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։ 46 Իններորդ ժամի մոտ Հիսուսը բարձրաձայն գոչեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 21(22).1)։ 47 Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։ 48 Նրանցից մեկն իսկույն առաջ վազեց, քացախով ներծծված սպունգը վերցրեց և եղեգին անցկացնելով՝ տվեց նրան, որ խմի։ 49 Իսկ ուրիշներն ասում էին. «Թո՛ղ տեսնենք, թե Եղիան գալի՞ս է նրան փրկելու»։

50 Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։

51 Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին, 52 գերեզմանները բացվեցին ու ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան։ 53 Նրա հարությունից հետո, գերեզմաններից ելնելով, մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին։

54 Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։

55 Այնտեղ բազմաթիվ կանայք կային, որոնք, հեռվում կանգնած, նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։ 56 Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։

Հիսուսի թաղումը

(Մրկ. 15.42-47, Ղուկ. 23.50-56, Հովհ. 19.38-42)

57 Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով մի մեծահարուստ մարդ, որ Արիմաթեայից էր և աշակերտել էր Հիսուսին։ 58 Սա գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ 59 Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով 60 և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ։ 61 Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաև մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց։

Գերեզմանի պահպանումը

62 Առավոտյան, այսինքն՝ ուրբաթին հաջորդող օրը, քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ 63 և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը, մինչ ողջ էր, ասում էր. “Երեք օր հետո հարություն պիտի առնեմ”։ 64 Արդ, հրամայի՛ր, որ գերեզմանը մինչև երրորդ օրն զգուշությամբ պահպանվի։ Չլինի թե նրա աշակերտները գիշերով գան, գողանան նրան և ժողովրդին ասեն, թե՝ “Մեռելներից հարություն առավ”։ Այս վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։ 65 Պիղատոսը նրանց ասաց. «Պահակազոր ունեք, գնացե՛ք, ուշադիր պահպանե՛ք, ինչպես որ գիտեք»։ 66 Եվ նրանք գնացին և գերեզմանը հսկողության տակ առան. քարը կնքեցին և պահակազոր նշանակեցին։