Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մահից դեպի կյանք1 Եվ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների հետևան…

Մահից դեպի կյանք

1 Եվ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների հետևանքով, 2 որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։ 3 Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։

4 Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով մեզ սիրեց, 5 մինչ մեռած էինք մեր մեղքերի հետևանքով, մեզ վերստին կյանք տվեց Քրիստոսի հետ, որովհետև շնորհով փրկվեցինք։ 6 Նրա հետ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով, 7 որպեսզի գալիք բոլոր ժամանակներում ցույց տա իր շնորհի անչափելի առատությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած իր բարությամբ։ 8 Աստծու շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և այս փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է, 9 ոչ էլ ձեր գործերից, որպեսզի ոչ ոք չպարծենա։ 10 Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։

Մեկ՝ Հիսուս Քրիստոսով

11 Ուստի հիշեցե՛ք, որ մի ժամանակ դուք հեթանոս էիք մարմնով, որ անթլփատություն է կոչվում՝ մարմնի վրա ձեռքով կատարված թլփատության համեմատ, 12 որովհետև այդ ժամանակ առանց Քրիստոսի էիք, մաս չէիք կազմում Իսրայելի ընտրյալ ժողովրդին, օտար էիք խոստման ուխտերին, աշխարհում ապրում էիք առանց որևէ հույսի և առանց Աստծու։ 13 Իսկ այժմ Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, մերձավոր դարձաք Քրիստոսի արյամբ։ 14 Նա է մեր խաղաղությունը, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց միջնորմ պատը՝ թշնամությունը, իր մարմնի մեջ, 15 ջնջեց Օրենքը իր պատվիրաններով ու հրահանգներով, որպեսզի իրենով երկուսից մեկ, նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի, 16 ու երկուսին մեկ մարմնով հաշտեցնի Աստծու հետ իր խաչի միջոցով։ Սպանելով թշնամությունն իր մեջ՝ 17 եկավ, խաղաղություն ավետարանեց ձեզ՝ հեռավորներիդ, և խաղաղություն ավետարանեց մոտ գտնվողներին։ 18 Նրանով է, որ երկուսս էլ մուտք ունենք Հոր մոտ միակ Հոգով։

19 Ուրեմն այսուհետև օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացի և Աստծու ընտանիքի անդամներ, 20 մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։ 21 Նրա վրա ամբողջ կառույցը՝ միասնական ու ներդաշնակ, Տիրոջով վերաճում է սուրբ տաճարի, 22 որի մեջ դուք էլ միասնաբար կառուցվում եք որպես Աստծու բնակարան Հոգու միջոցով։