Հին Կտակարան
Նոր Կտակարան
Արտաշես արքայի հրովարտակը1 «Արտաշես մեծ արքան, ձեզ՝ իր հպատակ իշխաննե…
Արտաշես արքայի հրովարտակը
1 «Արտաշես մեծ արքան, ձեզ՝ իր հպատակ իշխաններին ու պետերին Հնդկաստանից մինչև Եթովպիայի սահմանները, գրում է այս. 2 Կամենալով ոչ թե իմ իշխանության ահով հպարտանալ, այլ կառավարել քաղցրությամբ և խոնարհությամբ, որպեսզի նրանք, որ իմ իշխանության տակ են, ապահով կյանք ունենան, և թագավորությունը մինչև երկրի ծայրամասերը մնա խաղաղությամբ, ցանկացա վերահաստատել բոլոր մարդկանց համար ցանկալի խաղաղությունը։ 3 Դիմելով իմ խորհրդակիցներին, թե ինչպես կարող ենք հասնել այդ ամենին, Համանը, որ հայտնի է իր իմաստությամբ և մեր նկատմամբ ցուցաբերող հաստատուն հավատարմությամբ ու անփոփոխ հոգածությամբ, որով և արժանացել է մեր երկրորդ աթոռին, 4 մեզ հայտնեց, որ տիեզերքի բոլոր ազգերին մի դժնդակ, օրինազանց ժողովուրդ է խառնվել, որն ընդդիմանում է թագավորներին և նրանց չլսելով՝ մերժում է նրանց հրամանները և այն ամենը, ինչ ընդունված և հաստատված է մեր իշխանության մեջ։ 5 Արդ, հասկանում ենք, որ միայն այս ազգն է հակադրվում մյուս բոլոր ազգերին, առաջնորդվում է օտար օրենքներով ու կարգերով, չարակամ է և մեր գործերին հակառակ, նրանց ձեռքով բազմաթիվ չարիքներ են կատարվում. նրանք մեր թագավորության թշնամիներն են։ 6 Այժմ հրամայում ենք և այդ մասին ձեզ ազդարարում մեր և մեր գործերի կառավարիչ ու մեր թագավորության երկրորդ հայր Համանի գրով՝ այս տարվա տասներկուերորդ ամսի՝ Ադարի տասնչորսին առանց գթալու և խնայելու թշնամու սրով արմատապես ոչնչացնել բոլոր հրեաներին իրենց կանանց և զավակների հետ։ 7 Թող մի օրում չարաչար մահով դժոխք իջնեն, որ հետո կարողանանք խաղաղությամբ կատարել մեր գործերը»։
8 Հրովարտակի պատճենները սփռվեցին դեպի բոլոր գավառները։ Եվ երբ հրապարակվեց այդ հրամանը, բոլորը սկսեցին պատրաստվել այդ օրվան։ Հրովարտակն արագ հասավ նաև Սիսիս քաղաք։ Մինչ թագավորն ու Համանը զվարճանում էին, ողջ քաղաքը վրդովմունքի մեջ էր։