Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տերը հայտնում է Եդովմի կործանումը1 Աբդիուի տեսիլքը*, որ Տերը հայտնեց …

Տերը հայտնում է Եդովմի կործանումը

1 Աբդիուի տեսիլքը*, որ Տերը հայտնեց Եդովմի մասին.

«Տերը պատգամաբեր ուղարկեց ազգերին,

և լսեցինք նրա պատգամը.

“Ելնենք պատերազմելու Եդովմի դեմ”»։

2 Եվ Եդովմին Տերն ասաց.

«Ահա քեզ սակավաթիվ դարձրի ազգերի մեջ,

և դու շատ ես անարգված։

3 Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝

բնակվելու ժայռերի փոսերում,

բարձրացնելու իր բնակավայրը

և ասելու իր սրտում.

“Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։

4 «Եթե բարձրանաս արծվի պես,

և եթե աստղերի մեջ դնես քո բույնը,

այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։

5 Եթե գողերն ու գիշերվա ավազակները մտնեին քեզ մոտ,

որտե՞ղ պիտի թաքնվեիր,

և արդյո՞ք իրենց համար բավականին բան չէին գողանա,

և եթե այգեկութ անողները մտնեին քեզ մոտ,

մի՞թե մի ողկույզ անգամ կթողնեին։

6 Ինչպե՞ս քննության ենթարկվեց Եսավը,

և բացահայտվեցին նրա գաղտնիքները։

7 Մինչև սահմանները քեզ ուղարկեցին,

քո ուխտի բոլոր մարդիկ քո դեմ դարձան,

քո խաղաղության մարդիկ քո դեմ զորացան,

դարանակալեցին քեզ.

իմաստություն չկար նրա մեջ»։

8 «Այն օրը,- ասում է Տերը,- կվերացնեմ իմաստությունը Եդովմի երկրից

և հանճարը՝ Եսավի լեռից։

9 Եվ կսարսեն քո պատերազմողները, որ Թեմանայում են,

քանի որ կվերանա մարդը Եսավի լեռից

10 եղբոր՝ Հակոբի սպանության և նրա դեմ ամբարշտության պատճառով։

Ամոթը կծածկի քեզ,

և կջնջվես հավիտյան»։

Եդովմի մեղքը

11 «Այն օրվանից, երբ հակառակվեցիր,

այն օրը, երբ այլազգիները գերեվարեցին նրա զորքերը,

և օտարները մտան նրա դռներով,

և Երուսաղեմի վրա վիճակ էին գցում.

դուք էլ նրանցից մեկի նման էիք։

12 Պետք չէ տեսնեիր քո եղբոր անկումն օտարների օրը,

պետք չէ ոտնահարեիր Հուդայի որդիներին նրանց կորստյան օրերին

և պետք չէ մեծաբանեիր նեղության օրը։

13 Պետք չէ մտնեիր ժողովուրդների [եբր․ իմ ժողովրդի] դռներով նրանց ցավերի օրը,

պետք չէ տեսնեիր նրանց ժողովարանները նրանց կործանման օրը

և պետք չէ հարվածեիր նրանց զորքին նրանց կորստյան օրը։

14 Պետք չէ գրավեիր նրանց կիրճերը՝ նրանցից ազատվածներին սպանելու համար,

և պետք չէ պաշարեիր նրանց փախստականներին նրանց նեղության օրը»։

Իսրայելի վրեժխնդրությունը

15 «Քանի որ մոտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի համար.

ինչպես որ դու արեցիր, լինելու է քեզ համար,

և քո հատուցումը գալու է քո գլխին.

16 քանզի ինչպես որ խմեցիր իմ սուրբ լեռան վրա,

գինի կխմեն բոլոր ազգերը,

կխմեն, կընկնեն ու կլինեն չեղածների նման»։

Իսրայելի հաղթանակը

17 «Բայց Սիոն լեռան վրա կլինի փրկությունը,

և սրբարանը կլինի,

և Հակոբի տունը կժառանգեն նրա ժառանգորդները։

18 Հակոբի տունը կրակ կդառնա,

Հովսեփի տունը՝ բոց,

և Եսավի տունը՝ եղեգ.

կվառվեն նրա շուրջը

և կուտեն այն,

և Եսավի տան համար կրակաբեր չի մնա,

քանի որ Տերը խոսեց։

19 Նագեբացիները կժառանգեն Եսավի լեռը,

սեփելացիները՝ այլազգիներին,

և կժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը,

Բենիամինին և գաղաադացուն։

20 Եվ սա կլինի Իսրայելի որդիների գերության տիրույթը,

քանանացիների երկիրը մինչև Սարփաթ,

և Երուսաղեմի գերությունը մինչև Եփրաթա,

և կժառանգեն Նագեբի քաղաքները։

21 Եվ կելնեն փրկվածները Սիոն լեռից՝

վրեժ լուծելու Եսավի լեռից. և Տիրոջն է լինելու արքայությունը»։

*Գրբ. որոշ ձեռագրեր հավելում են՝ որ եղավ Աքաաբի օրոք՝ ասորեստանցիների ելքից առաջ։