Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հիսուսի փորձությունն անապատում(Մրկ. 1.12-13, Ղուկ. 4.1-13)1 Դրանից հե…

Հիսուսի փորձությունն անապատում

(Մրկ. 1.12-13, Ղուկ. 4.1-13)

1 Դրանից հետո Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ 2 Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղցեց։ 3 Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ 4 Նա պատասխանեց և ասաց. «Գրված է.

“Ոչ միայն հացով է ապրում մարդ,

այլև այն ամեն խոսքով,

որ ելնում է Աստծու բերանից” (Բ Օր. 8.3)»։

5 Ապա սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը, կանգնեցրեց տաճարի ամենաբարձր տեղը 6 և ասաց նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է.

“Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար,

և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ,

որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” (Սաղ. 90(91).11ա, 12)»։

7 Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” (Բ Օր. 6.16)»։

8 Սատանան Հիսուսին կրկին առավ տարավ մի շատ բարձր լեռ, նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը 9 և ասաց նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով՝ երկրպագես ինձ»։

10 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է.

“Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես

և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։

11 Ապա սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։

Քարոզչություն Գալիլեայում

(Մրկ. 1.14-15, Ղուկ. 4.14-15)

12 Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը մատնվել է, հեռացավ գնաց Գալիլեա։ 13 Թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում, 14 որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը.

15 «Զաբուղոնի երկիր և Նեփթաղիմի երկիր,

ծովի ճանապարհ և Հորդանանի այն կողմը,

հեթանոսներով բնակեցված Գալիլեա։

16 Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստում,

մեծ լույս տեսավ,

և լույս ծագեց նրանց համար,

որ ապրում էին ստվերով պարուրված մահվան աշխարհում» (Ես. 8.23բ–9.1)։

17 Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։

Ձկնորսներից՝ առաքյալներ

(Մրկ. 1.16-20, Ղուկ. 5.1-11)

18 Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայր Անդրեասին, որոնք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորս էին։ 19 Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։ 20 Նրանք, իսկույն թողնելով գործիքները, գնացին նրա հետևից։ 21 Այդտեղից առաջ գնալով՝ Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, որոնք Զեբեդեոսի հետ նավակի մեջ էին և իրենց ուռկաններն էին կարգի բերում։ Հիսուսը նրանց էլ կանչեց։ 22 Նրանք, իսկույն թողնելով նավակն ու իրենց հորը, գնացին նրա հետևից։

Բազմություններ Հիսուսի հետևից

(Ղուկ. 6.17-19)

23 Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։ 24 Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։ 25 Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլիից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանի մյուս կողմից։