Հին Կտակարան
Նոր Կտակարան
Խրատ իր անձի բարիքի մասին1 Հույսդ քո ունեցվածքի վրա մի՛ դիր և մի՛ ասա…
Խրատ իր անձի բարիքի մասին
1 Հույսդ քո ունեցվածքի վրա մի՛ դիր և մի՛ ասա, թե դա բավական է ինձ։
2 Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, ինքնահավան մի՛ եղիր և մի՛ ասա, թե՝ «Իմ ունեցվածքը շատ է»։
3 Մի՛ ասա՝ «Ո՞վ կհաղթի ինձ» և մի՛ ասա՝ «Ո՞վ չարություն կանի ինձ», որովհետև Տերը քեզանից վրեժխնդիր կլինի։
4 Մի՛ ասա՝ «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղավ ինձ»։
5 Քանզի Տերը համբերատար է քո դարձի և քավության համար. քեզ անվախ մի՛ համարիր՝ մեղքերի վրա մեղքեր ավելացնելով։
6 Մի՛ ասա՝ «Տիրոջ գթությունը շատ է, նա իմ բազում մեղքերը կքավի»,
7 քանզի ողորմությունն ու բարկությունը նրանից են, և մեղավորների վրա է իջնում նրա զայրույթը։
8 Որդյա՛կ, մի՛ հապաղիր քո մեղքերից դառնալ դեպի Տերը, որպեսզի մեղքերիդ մեջ չմեռնես։
9 Հույսդ անարդար գանձերի վրա մի՛ դիր, որովհետև բարկության օրը դրանք չեն օգնի քեզ։
11 Ամեն հողմի մի՛ ենթարկվիր և ամեն շավղով մի՛ գնա, քանզի դրանք մեղավորի ու երկերեսանի մարդու բաժինն են։
12 Հաստա՛տ եղիր քո իմաստության մեջ, և քո խոսքը թող մեկ լինի։
13 Լսելու մեջ փութկո՛տ եղիր, իսկ պատասխան խոսքի մեջ՝ համբերո՛ղ։
14 Եթե քո մեջ իմաստություն կա, պատասխա՛ն տուր մերձավորիդ, իսկ եթե ոչ՝ քո ձեռքը թող բերանիդ վրա լինի։
15 Փառքն ու անարգանքը լեզվի ձեռքում են, և մարդու կործանումը՝ իր լեզվի վրա։
16 Մի՛ ունեցիր բանսարկուի համբավ և քո լեզվով չարիք մի՛ նյութիր.
17 որովհետև գողի վրայից անպակաս է ամոթը, երկերեսանու վրայից՝ չար պարսավանքը։
18 Անխոհեմ մի՛ եղիր ո՛չ մեծ և ո՛չ փոքր բաների մեջ։